Առաջիկայում հատուկ կարգավիճակ կտրվի Ղրղզստանի Բատկեն շրջանին, որի տարածքում վերջերս տեղի էր ունեցել զինված սահմանային բախում Տաջիկստանի հետ: Այս մասին նախօրեին հայտարարել է Ղրղզստանի վարչապետ Ուլուկբեկ Մարիպովը տարածաշրջան կատարած այցի ժամանակ։ «Համապատասխան որոշումը ստորագրվեց իմ կողմից եւ ուղարկվեց խորհրդարան` քննարկման: Ընդունելուն պես Բատկենի շրջանը կստանա հատուկ կարգավիճակ, ներառյալ հարկային արտոնությունները»,- այդ երկրի ղեկավարի խոսքերն է մեջբերում «ՏԱՍՍ»-ը։
Հիշեցնենք, որ Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանին իրավիճակը սրվեց ապրիլի 28-ին` ջրային ռեսուրսների հասանելիության շուրջ տեղի սահմանամերձ գյուղերի բնակիչների միջեւ բախումների հետեւանքով: Արդեն հաջորդ օրն այդ տարածքում բախումներ սկսվեցին նաեւ երկու երկրի զինվորականների միջեւ: Հակամարտությունը նոր չէ, այսինքն՝ առաջին անգամ չէ, որ ընդհանուր ռեսուրսների՝ խմելու եւ ոռոգման ջրերի, արոտավայրերի եւ այլն, բաժանման հետ կապված երկու երկիրը բախումներ են ունենում։ Այս անգամ առիթը Բատկենի շրջանի Քյոթ-Թաշ գյուղում գտնվող «Գոլովնոյ» կոչվող ջրաբաշխիչ կետն էր։ Խորհրդային Միության փլուզումից հետո մնացել են տասնյակ վիճելի հատվածներ։ Նշենք, որ Տաջիկստանի եւ Ղրղզստանի սահմանի երկարությունը մոտ 980 կմ է, որից միայն 580 կմ է սահմանազատվել եւ սահմանագծվել:
Ղրղըզստանի եւ Տաջիկստանի միջեւ սրված հակամարտությունը հարմար առիթ է դարձել Թուրքիայի համար` ավելի անմիջականորեն ներքաշվելու այս տարածաշրջանի խնդիրների մեջ։ Մասնավորապես` Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (Մեջլիսի) խոսնակ Մուստաֆա Շենթոփն օրեր առաջ հայտարարել էր, որ Անկարան ցանկանում է, որպեսզի ձեռնարկվեն կոնկրետ քայլեր Ղրղզստանի եւ Տաջիկստանի միջեւ առկա խնդիրները լուծելու համար: «Ղրղզստանը եւ Տաջիկստանը մեր երկու եղբայրական երկրներն են: Մենք ակնկալում ենք, որ մշտական քայլեր կձեռնարկվեն խնդիրների լուծման ուղղությամբ»,- ասել է Շենթոփն՝ Անկարայում թյուրքալեզու երկրների Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ալտինբեկ Մամայուսուպովի ընդունելությունից առաջ լրագրողների հետ զրույցում։ Ավելին` նա նշել է, որ Թուրքիան պատրաստ է նպաստել երկու երկրի միջեւ խնդիրների լուծմանը։ Այլ հարց է, թե կողմերի համար որքանով է ընդունելի թուրքական «օգնությունը»։ Օրինակ՝ Տաջիկստանն ավանդաբար ունի իրանամետ կողմնորոշում։
ՌԴ 201-րդ ռազմաբազան տեղակայված է Տաջիկստանի տարածքում, ինչպես նաեւ մի քանի այլ օբյեկտներ, որոնք պատկանում են Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը: Կանտի ավիաբազան եւ մի շարք փորձարկման կենտրոններ էլ տեղակայված են Ղրղզստանում: Ըստ այդմ` Ռուսաստանը դժվար թե պատրաստ լինի աջակցել հակամարտության կողմերից որեւէ մեկին, ուստի խնդրի խաղաղ լուծման կոչ է անում: Լարվածությունը խաղաղ, դիվանագիտական միջոցներով լուծելու օգտին արդեն իսկ հանդես են եկել ՄԱԿ-ը, ՀԱՊԿ-ը, ԵԱՀԿ-ն, ինչպես նաեւ Ռուսաստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը։
Մյուս կողմից` թե՛ Տաջիկստանը, թե՛ Ղրղզստանը նաեւ ՀԱՊԿ անդամ պետություններ են, եւ հազիվ թե կառույցին ձեռնտու կարող է լինել անդամ պետությունների միջեւ լարվածությունը։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այդ կապակցությամբ առաջարկել էր կազմակերպության օգնությունը սահմանին առկա իրավիճակը կարգավորելու գործում: Ղրղզստանի նախագահի մամուլի քարտուղար Գալինա Բայտերեքն արդեն տեղեկացրել է, որ իր երկիրը մտադիր չէ դիմել ՀԱՊԿ-ին՝ Տաջիկստանի հետ սահմանին հակամարտության կարգավորման հարցում օգնության համար։
Այսպիսով` Տաջիկստանի եւ Ղրղզստանի միջեւ սահմանային լարվածությունը կարող է դառնալ Ռուսաստանի շուրջ հերթական թեժ կետերից մեկը։ Թուրքիան էլ առիթը բաց չի թողնում օգնության անվան տակ մասնակցել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, մանավանդ որ հետաքրքրություններ ունի այս ուղղությամբ եւս ամրապնդվելու համար։
Ի դեպ, հայկական կողմի նախաձեռնությամբ նախօրեին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույցներ է ունեցել Տաջիկստանի եւ Ղրղզստանի իր պաշտոնակիցներ Սիրոջիդին Մուխրիդդինի ու Ռուսլան Կազակբաեւի հետ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է կենտրոնասիական տարածաշրջանում կայունության եւ խաղաղության պահպանմանն ուղղված ջանքերի կարեւորությունը՝ հույս հայտնելով, որ ձեռնարկվող քայլերի շնորհիվ հնարավոր կլինի ապագայում կանխել սահմանային բախումները։
ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ զրույցի ընթացքում Արա Այվազյանն ու Սիրոջիդին Մուհրիդդինը նաեւ քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Մտքեր են փոխանակվել ՀԱՊԿ-ում Տաջիկստանի նախագահության շրջանակներում նախատեսված առաջիկա միջոցառումների շուրջ: Իսկ Ռուսլան Կազակբաեւի հետ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգին առնչվող այն հարցերին, որոնք արծարծվել էին ԱՊՀ նախարարական նիստի շրջանակներում ապրիլի 2-ին կայացած հանդիպման ժամանակ: