Երեւանի «Մարգարյան հիվանդանոցից»՝ Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնից, դուրս էին գրվում նորածինները մայրերի հետ։ Ամենաուրախ ու պատմական պահը նույն նորածնի ընտանիքի կյանքում։ Ծաղիկներով ու փուչիկներով դիմավորում նոր աշխարհ եկածին։
Հոկտեմբերի 25-ին նույն բուժհաստատությունից դուրս գրվեց նաեւ Գարիկ կրտսերը։ Արցախյան վերջին պատերազմից առաջ՝ 2020 թ. հուլիսի 1-ին, Հայոց բանակ էր զորակոչվել Գառնիկ եւ Սուսաննա Հովհաննիսյան ամուսինների ավագ զավակը՝ միակ որդի Գարիկ Հովհաննիսյանը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Գեղհովիտ գյուղից։ Ծնվել է 2001 թ. դեկտեմբերի 9-ին։ Նոր էր ավարտել տեղի Ալ. Մյասնիկյանի անվ. միջնակարգ դպրոցը եւ, ինչպես հարազատներն են ասում, մեծ խանդավառությամբ գնաց բանակ։ Վիճակահանությունը Գարիկին տարավ Արցախ, ծառայում էր Ջրականի զորամասում։ 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի առաջին հարվածները բաժին ընկան Ջրականի զորամասին, եւ բոլորը՝ նորակոչիկ ու արդեն ուսումնական դասընթացներ անցած զինվորներ, սպայական կազմ, զենք վերցրին, պաշտպանեցին հող հայրենին։ Մարտի ելավ նաեւ Գարիկը՝ կռվելով Արցախի Հանրապետության հարավային հատվածում։ Հարազատները վերջին անգամ նրա ձայնը հեռախոսով լսել են հոկտեմբերի 6-ին՝ Հադրութի տարածքից։ 2020 թ. նոյեմբերի 28-ին ծնողները տեղեկանում են իրենց որդու զոհվելու մասին։
Ըստ մարտական ընկերների՝ պատերազմի այդ կարճ ընթացքում Գարիկը հասցրել էր աչքի ընկնել իր արիությամբ ու համարձակությամբ, եւ նրան վստահվել էր 7 հոգանոց ջոկի հրամանատարությունը։ Նույն ընկերների պատմելով՝ այդ ընթացքում նաեւ տղերքի կյանք է փրկել։ Այս պատերազմում մեր զինվորներն ընկնում էին հիմնականում թշնամու անօդաչուների հարվածից, սակայն Գարիկը, դարձյալ մարտական ընկերների պատմելով, դարձել է խաբեության զոհ։ Թշնամու ջոկատը հայկական բանակի համազգեստով է մոտեցել, հայերեն են խոսել ու կրակել։ Վիրավոր վիճակում էլ շարունակել է մարտը, սակայն երկրորդ գնդակից զոհվել է։ Հայրենի գյուղի տոհմական գերեզմանոցում է հուղարկավորված քաջորդին, որի շիրմի մոտ ծածանվում է Հայոց Եռագույնը։ Քիչ հեռվում Գարիկի համադասարանցի Ռադիկ Էդգարի Թաթոսյանի շիրիմն է։ Նույն դասարանից էր նաեւ Վահե Թովմասի Ասատրյանը, ով հերոսաբար մարտիրոսվեց Շուշիի մատույցներում։
Արցախյան վերջին պատերազմում Գեղհովիտ գյուղից զոհվեց 5 հոգի, կա մեկ անհետ կորած։ Այս տարվա մայիսի 24-ին Ալ. Մյասնիկյանի անվան միջն. դպրոցի բակում բացվեց հուշակոթող՝ ի հիշատակ հերոս նահատակների։ Խաչքարի մոտ բազալտե գրքի վրա Գարիկի ու իր համադասարանցիների անուններն են քանդակված՝ «Ձեր արյամբ սրբացած հողը թշնամուն չենք թողնելու» պատգամով։ Գարիկի քույրերը՝ Աննան ու Գայանեն, եկել էին դիմավորելու ու տուն տանելու ավագ եղբորը փոխարինողին՝ կրտսեր Գարիկին։ Բուժմիավորման միջանցքում նաեւ նրանց հորեղբոր որդին է՝ Նարեկը, բարեկամներ, հարեւաններ։ Բուժաշխատողների ուղեկցությամբ իջավ Գարիկի մայրը ու ժպիտը դեմքին մոտեցավ իրեն դիմավորողներին։ Տխուր ու երջանիկ է տիկին Սուսաննան…
6-րդ դասարանցի Գայանեն ասաց՝ շատ է սիրելու եղբորը, ով պետք է իրենց հպարտություն ավագ եղբորը փոխարինի։ Աննան, ով Գարիկի հետ մանկապարտեզ է հաճախել, միասին լավ կյանք են տեսել, մեծ կարոտով ու հպարտությամբ է հիշում ավագ եղբորը։ Ապա մի պահ լռեց, դժվարացավ շարունակել խոսքը եւ մոտեցավ կրտսեր Գարիկին, ով հետագայում կիմանա եղբոր մասին։