Արցախում հայապահպանության, հոգեւոր-մշակութային ու պատմաճարտարապետական արժեքների, քրիստոնեական ծիսակատարությունների եւ արարողությունների պահպանման, հանրահռչակման գործում մեծ է միջնադարյան եկեղեցիների, վանքերի դերն ու նշանակությունը: Այդ շարքում ճարտարապետական իրենց առանձին հմայքով աչքի են ընկնում Դադիվանքն ու Գանձասարը, Հակոբավանքն ու Ծիծեռնավանքը, որոնք դարեր շարունակ ծառայել են ժողովրդին, անսասան պահել հայի ազատատենչ ոգին: Ցավոք, արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ թշնամու վերահսկողության տակ հայտնվեցին Դադիվանքը, Գտչավանքն ու Ծիծեռնավանքը, ավերվեցին տասնյակ եկեղեցիներ եւ պատմաճարտարապետական հուշարձաններ, վտանգվեց դրանց գոյությունը: Հաշվի առնելով այս իրողությունները՝ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդարանը բարեգործական եւ հասարակական մի շարք կազմակերպությունների հետ մշակել է Հակոբավանքի վանական համալիրի վերականգնման ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել 4 փուլով՝ դրամահավաքի միջոցով:
Ըստ հոգեւոր թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Տեր-Աբրահամյանի՝ հինավուրց վանքի վերածնունդը, որ արցախցիների պայքարի եւ միասնականության խորհրդանիշը կդառնա, «նորովի կարտացոլի քրիստոնեական արժեքների էությունը եւ Աստծո տան դուռը բաց կպահի իր բազմաչարչար զավակների առաջ»: Հակոբավանքի վերականգնման ծրագիրը կյանքի կկոչվի Հայ ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից՝«ռեԱրմենիա»-ի հետ համագործակցությամբ:
Ինչպես տեղեկանում ենք պատմությունից, Հակոբավանքը հիմնադրվել է վաղ միջնադարում եւ կառուցապատման աշխատանքները հիմնականում իրականացվել են 12-րդ դարում: Հարյուրամյակներ շարունակ Գանձասարի, Գտչավանքի, Դադիվանքի եւ Ամարասի հետ միասին այն աղոթք է հնչեցրել առ Աստված՝ ասպատակություններից փրկելու Արցախը եւ զորություն պարգեւելու հավատացյալ ժողովրդին: Այն ժամանակին ունեցել է կրթարան եւ ձեռագիր մատենադարան, կացարաններ, կուսանոց, սեղանատուն եւ այլն: Սակայն այսօր կիսավեր վիճակում է, փլատակների տակ են հայտնվել եկեղեցական մի շարք կարեւոր արժեքներ: Մասնագետները ճարտարապետության տեսանկյունից հատկապես անգնահատելի են համարում վանքի կամարները, որոնք փլման վտանգի տակ են հայտնվել:
Համագործակցելով ԱՀ կառավարության եւ թեմի առաջնորդարանի հետ՝ Հայ ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամն արդեն պարտավորվածություն է ձեռք բերել «ռեԱրմենիա»-ի հետ, եւ շուտով կհայտարարվի դրամահավաք: Նախագծի վերջնական հստակեցմանը միացել են նաեւ սփյուռքահայ մի շարք մասնագետներ եւ միջազգային կառույցների փորձագետներ: Որակի վերահսկողությունը ստանձնել է ճանաչված ճարտարապետ Սամվել Այվազյանը: Նրա խոսքերով՝ առաջին փուլում նախատեսվում է վերականգնել հոգեւոր կապը, հաջորդում՝ հետազոտական աշխատանքներ իրականացնել, մաքրել ու բարեկարգել վանքի ամբողջ շրջապատը եւ ծառատունկ անել: Ապա հաջորդաբար ձեռնամուխ լինել վերականգնողական աշխատանքներին ու ավարտին հասցնել գմբեթի եւ խաչի տեղադրումը: Դրան զուգընթաց զբոսաշրջության զարգացման նպատակով կկառուցվեն երթուղիներ, որոնք Հակոբավանքն ու Կաչաղակաբերդը կկապեն իրար: Շրջակա տարածքում կվերափոխվեն ենթակառուցվածքները, եւ ագրոտուրիզմի զարգացման համար կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ:
Վանական համալիրի վերականգնման ծրագիրը կմեկնարկի 2022 թ., շինաշխատանքների ավարտը նախատեսվում է 2024-ին: Դրամահավաքին կմասնակցի ողջ հայությունը: Կարեւորելով ծրագրի նշանակությունը՝ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը կարծում է, որ «վերականգնելով վանական համալիրը՝ կվերանորոգենք ազգային մեր հիշողությունը, ավելի ամուր կկապվենք հոգեւոր մեր արժեքներին, կզորացնենք հավատը մեր երկրի, հայրենիքի նկատմամբ»: