22 տարի առաջ՝ 1999 թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի դահլիճում տեղի ունեցած ահաբեկչությանը զոհ գնացին 8 պետական այրեր` վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանն ու Միքայել Քոթանյանը:
Օրվա կապակցությամբ ՀՀ երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) անդամները, վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ, այցելեցին Եռաբլուր եւ ծաղկեպսակ դրեցին, ծաղիկներ խոնարհեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմի մոտ: Արցախյան գոյամարտի առաջին մասնակիցները ցավով էին խոսում սպարապետի մասին, ով դարձավ հայոց բանակի հիմնադիրներից, ում հետ անցան ռազմի ճամփաներով ու հաղթանակ պարգեւեցին մեր ազգին, ազատագրեցին Արցախն ու հարակից հայոց տարածքները: Սպարապետը եղավ նաեւ ԵԿՄ կառույց ստեղծողը: Սպարապետի շիրմաքարի մոտ տեղի ունեցավ նաեւ ոգեկոչման արարողություն: Նրա մարզի Արարատ գյուղի Վ. Սարգսյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտները, ուսուցչուհի Սիրան Հովհաննիսյանի գլխավորությամբ, սպարապետի շիրիմի մոտ հանդես եկան ասմունքով ու իրենց հայրենակցին ներկայացնելով:
Արարատ գյուղից Հովհաննես Փանոսյանը խոսեց համերկրացու մասին՝ տեղեկացնելով, որ նրա անվան դպրոցի սաներն ուսուցչուհի Ս. Հովհաննիսյանի գլխավորությամբ արդեն 8 տարի է՝ սպարապետի ծննդյան եւ մահվան օրերին գալիս են Եռաբլուր, ոգեկոչում Վազգեն Սարգսյանին եւ իմաստավորում նրա էությունը: Հովհաննեսն ասաց, որ Վազգենն իրենց դպրոցում միշտ ներկա է, նրա խոսքերն ու նկարներն են դպրոցի բոլոր դասարաններում, միջանցքներում: Նշեց նաեւ, որ իրենց գյուղի զորակոչիկները բանակ գնալուց առաջ գալիս են եւ սպարապետի շիրիմի մոտ երդվում՝ լավ զինվոր են դառնալու հայոց բանակի համար: Եղել են դեպքեր՝ առողջական խնդիրներ ունեցող տղաները խնդրել են, որ իրենց բանակ տանեն՝ ոգեւորված Վազգենի կերպարով: Հավելեց, որ այս տարիների ընթացքում իրենց գյուղից մոտ 700 երեխա է եկել Եռաբլուր եւ հարգանքի տուրք մատուցել սպարապետի շիրիմի մոտ:
«Վազգենն ու իր մարտիկներն իննսունականներին մեր ժողովրդին պարգեւեցին հաղթանակ ու հպարտություն, եւ նրանց կերպարը միշտ է ոգեւորել մեր երեխաներին», -խոսքն ավարտեց Հովհաննեսը:
Արարողությունից հետո երկրապահներն այցելեցին Կոմիտասի անվան զբոսայգու Պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցեցին Կ. Դեմիրճյանի հիշատակին: Եղավ այց եւ ծաղիկների խոնարհում նաեւ հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ: