«Զարգացման կենտրոնում միշտ պետք է լինի մարդը. մարդը կարեւոր է, քան հասարակությունը, քան պետությունը. ես շատ կուզենայի, որ ապագայում հասարակության, պետության ողջ ռեսուրսները կենտրոնանային մարդու շահերի շուրջը. սրան պետք է ուղղակիորեն ձգտել, որքանով մենք արդյունավետ կլինենք այդ համակարգի ստեղծմանը, դժվար է ասել, բայց դա այն է, ինչին պետք է ձգտել…»: Վլադիմիր Պուտին
Այն բանից հետո, երբ «Վալդայ» ակումբի տարվա ամփոփիչ նիստին հաղորդավար Ֆյոդոր Լուկյանովը հարցադրում արեց ապագայի կերպարի, տեսլականի վերաբերյալ եւ մտահոգություն հայտնեց, թե այսօր «ապագայի կերպարը չենք գտնի, քանի որ աշխարհը անհավանականորեն անհասկանալի է, մարդը չի հիշվում մեզանում», ՌԴ նախագահը պնդեց. «Իսկ պետք է հիշվի…», ու նա հիշեց Բերդյաեւին, նրա փիլիսոփայությունը ազատության ու մարդու կարեւորության մասին, շեշտեց, որ «Վալդայ» ակումբի գլխավոր թեզը, լոզունգն է՝ «Մարդն է, արժեքները», իսկ տարվա թեման` «XXI դարի գլոբալ տագնապը` մարդը, արժեքները, պետությունը»։
Մարդ-հասարակություն-պետություն հարաբերություններում վեր դասել մարդուն ու առաջնային կարեւորություն տալ նրան, առաջին պահ, մեղմ ասած, կարող է անհասկանալի թվալ, սակայն, դատելով մակերես նետված ներկայիս «արժեքներից», որոնք ճնշում են մարդու անհատականությունը եւ նրան կորցնում զանգվածների գորշ, ճահճացած ամբոխում, ստորադասում նյութին եւ արժեզրկում նրա դերը հասարակության կազմակերպման ու պետության կայացման գործում, պարզ կդառնա, թե ինչի մասին է խոսքը, մարդու ի՛նչ տեսակի։ Թվում է` աբսուրդային վիճակ. ԽՍՀՄ տարիներին բարձր էր հնչում կոլեկտիվիզմի գաղափարախոսությունը. մարդը կոլեկտիվի անդամ էր, նրա շահերի արտահայտիչը, սակայն մարդը, դրանով հանդերձ, անհատ էր, արժեք. նյութականը ստորադասված էր այդ արժեքին, եւ կարեւոր չէր մարդու սոցիալական վիճակը, քանզի այնպիսի վիհ, ճողվածք չկար մարդկանց կենսական պայմանների միջեւ, ինչպես հիմա…
Այսօր կոլեկտիվիզմի գաղափարախոսությունը նահանջել է`տեղը զիջելով մի բանի, որի անունը դժվար է տալ, թերեւս, նյութապաշտության քարոզչություն… Կոլեկտիվը` որպես այդպիսին, գոյություն չունի. յուրաքանչյուրը` իր համար, ու որքան էլ տարօրինակ թվա, յուրաքանչյուրն այլեւս անհատ չէ. նա պարզապես մենակ է` իր խնդիրների, շահերի ու հետաքրքրությունների հետ, կիսվելու տեղ չկա… Այս վիճակը ոչ այնքան մարդուն կոլեկտիվից խորթացնելու, որքան ինքն իրենից կտրելու, ինքն իրենից հիասթափեցնելու գործընթաց է, երբ մարդը, ըստ էության, պատասխանատվություն չի կրում ոչ հասարակության, ոչ հայրենիքի, ոչ պետության, ոչ էլ, նույնիսկ, ինքն իր համար, այսինքն` որոշիչ դերակատարություն չունի, բացի խամաճիկ լինելուց։ Մարդը, խոշոր հաշվով, վերածվել է անդեմ արարածի, իսկ անհատները, որ միշտ կան, հայտնվել են իրադարձությունների լուսանցքում. աշխարհն սկսել են կառավարել մութ ու անհասկանալի ուժերը, որոնց դեմ շարունակական պայքարի անհրաժեշտությունը ջլատում է մարդկային դրական պոտենցիալը, այլ կերպ` մարդն սկսել է անհետանալ ասպարեզից` տեղը զիջելով ռոբոտային համակարգին, դարձել այդ համակարգի ստրուկը, այլեւս դժվար է պատկերացնել հոգեւոր ազատությունը, ինչի մասին ժամանակին խոսում էր Բերդյաեւը. «Ազատ էակներին վայել չէ ամեն ինչում միշտ մեղադրել արտաքին ուժերին եւ նրանց մեղքով իրենց արդարացնել… Մենք կազատագրվենք արտաքին լծից միայն այն դեպքում, երբ կազատագրվենք ներքին ստրկությունից, այսինքն՝ կստանձնենք պատասխանատվություն»։
Թեզը զարգացնելու դեպքում պարզ է դառնում, որ հասարակությանը պետք է տանել ոչ թե կառավարելիության ուղիով, այլ մտածողության, պատասխանատվության, յուրաքանչյուրի պատասխանատվության. միայն այդ դեպքում հնարավոր կլինի ունենալ համախմբված, գրագետ հասարակություն ու պետության առջեւ այդ հասարակության պատասխանատվություն… Մինչդեռ այսօր հասարակությունը ձեռքերը լվացել է այդ պատասխանատվությունից եւ այն, եթե ոչ ամբողջությամբ, ապա գերակշիռ մասով բարդել մի քանի հոգու ուսերին, ինչը հասարակությանը հասցրել է ապատիայի, զրկել ներքին, հոգեւոր ազատությունից, ըստ այդմ` սեփական դեմքից ու դերակատարությունից, արդյունքում` նաեւ իշխանությունից, քանզի հասարակության պատկերացումները իրականության մասին արտաքին թելադրանքի ուժով դարձել են լղոզված… Հոգեւոր ազատությունը, որ կորցրել են ներկայիս հասարակությունները, կախված է այն բանից, նշում է Նիկոլայ Բերդյաեւը, թե ինչպես է ընկալվում պատմությունը. «Ոգով ազատ է նա, ով դադարել է ընկալել պատմությունը իբրեւ արտաքուստ թելադրված եւ սկսել է ընկալել պատմությունը իբրեւ հոգեւոր իրականության ներքին իրողություն, իբրեւ իր սեփական ազատությունը»։ Խնդիրը, իհարկե, առաջին պահ բարդ է ու փիլիսոփայական, սակայն եթե պատմությունը վերցնենք զուտ որպես պատմական իրողություն եւ այն դիտարկենք մեկնաբանելու կամայականությունների շրջանակում, պարզ կդառնա, թե որքանով են ներկայիս հասարակությունները կտրված սեփական պատմությունից, որքանով են կորցրել իրենց ոտքի տակի հողը եւ դարձել խաղալիք ինչ-ինչ ուժերի ձեռքում` չիմանալով կամ խեղաթյուրված ընկալելով սեփական պատմությունը, անկախ նրանից` այն գերագնահատում, թե թերագնահատում են…
Իսկ վերջին` արցախյան 44-օրյա պատերազմում եւ դրանից էլ առաջ ականջալուր ու ականատես եղանք, թե ինչպես է Ալիեւ կրտսերը` օգտվելով հասարակության չիմացությունից, մանիպուլացնում պատմությունը` մոլորեցնելով սեփական ժողովրդին, թշնամանք սերմանում հայերի հանդեպ ու դրանով իսկ դրդում վրիժառության։ Ամենաանամոթ ու խայտառակ ստերից մեկը պատմությունը գլխիվայր շուռ տալու ցինիկությունն էր, որ թույլ տվեց նա 2007 թ. մարտի 10-ի ադրբեջանական եւ թուրքական սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների առաջին համաշխարհային ֆորումի բացման ժամանակ՝ իր ելույթում ասելով. «Նպատակ ունենալով դուրս մղել ադրբեջանցիներին իրենց պատմական հողերից, այդ տարածքներում առասպելական «Մեծ Հայաստան» ստեղծելու համար հայերը տասնամյակներ շարունակ ադրբեջանական եւ թուրքական ազգերին պարբերաբար ենթարկում էին գաղափարական, ռազմական եւ մշակութային ագրեսիայի… 1918 թ. ադրբեջանական հողերի վրա ստեղծվել է հայկական պետությունը, որին որպես մայրաքաղաք զիջել են Իրեւանը՝ Ադրբեջանի կարեւորագույն մշակութային կենտրոններից մեկը»։ Այս եւ նման մանիպուլացիաները Ալիեւը շարունակում է մինչ օրս` դեմքի անմեղսունակ արտահայտությամբ։ Սա, իհարկե, չափազանց զավեշտալի կլիներ, եթե Ալիեւը չլիներ պետության ղեկավար, բայց այս պարագայում փաստը, առնվազն, ողբերգական է` ողբերգականության բոլոր հետեւանքներով` թե իր, սեփական ժողովրդի, թե հայ ժողովրդի համար, եւ թե տարածաշրջանի խաղաղության խաթարման առումով, եւ, ինչպես համոզվեցինք, նման անպատասխանատու եւ հիմնազուրկ քարոզչությունները, ի վերջո, հանգեցրին անխուսափելի պատերազմի եւ երկուստեք մեծ կորուստների, այսինքն` պետության ղեկավարը ոտնահարում է մարդու` սեփական պատմությանը իրապես տիրապետելու ազատ իրավունքը` նրան դուրս մղելով իրականությունը կերտելու գործընթացից, քանզի, լինելով պետության ղեկավար, պատմությունը խեղաթյուրում է ոչ միայն ճառերով, այլեւ ուսուցողական միջոցներով` դասագրքերով, իսկ դա նշանակում է, որ խեղված հոգեբանությամբ են սերունդներ կրթվում Ադրբեջանում, ինչն էլ հանգեցնում է այնպիսի ողբերգության, ինչպես պատերազմներն են, ինչպես ատելության այնպիսի դրսեւորումը, որպիսին խաղաղ պայմաններում հայ սպայի սպանությունն էր ադրբեջանցի սպայի կողմից, ուր երկուսն էլ գտնվում էին նույն նպատակով` անգլերեն սովորելու, իսկ Ալիեւը հերոսի կոչում տվեց մարդասպանին։ Թե՞, ալիեւյան տրամաբանությամբ, Ռամիլ Սաֆարովը չի սպանել Գուրգեն Մարգարյանին, հը՞, գուցե հակառա՞կն է եղել… Մտածելու բան է…