2021 թ. հոկտեմբերի 30-ին լրանում է մեծ Վարպետի` Ավետիք Իսահակյանի ծննդյան 146-ամյակը։ Այդ առթիվ հրապարակում ենք բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ավ. Իսահակյանի հուշ-էսսեները։
Երիտասարդության օրերից բանաստեղծին սիրելի էր խաղաղ Դոնի, հարավային Ռուսիայի անեզր ստեպների, լուսադեմի մառախուղների մեջ կորած, ջերմ ու թովիչ երգերով ողողված, այրվող խոտի բույրով բռնկված, հպարտ ու ազատատենչ կազակների երկիրը։
Խորհրդային Հայաստանից Եվրոպա մեկնելիս, 1930 թ. մայիսին Իսահակյանը Մոսկվայում ձեռք է բերում Միխայիլ Շոլոխովի նոր լույս տեսած «Խաղաղ Դոն» վեպի առաջին հատորը։ Եվ հենց նույն թվականին Փարիզում իր «Bloe-Steno» ծոցատետրում գրի է առնում խոհերն ու տպավորությունները վեպի մասին։ «Խաղաղ Դոնի» այդ հատորն ամբողջապես ծածկված է բանաստեղծի մատիտանշումներով, գրքի էջերի միջեւ դրված են թերթի առանձին կտրոններ, որոնցից մեկի վրա պահպանվել է տարեթիվը՝ 1957։ Այս ամենը վկայում է, որ Իսահակյանը տարբեր ժամանակներ հաճախ ձեռքն է վերցրել այդ գիրքը, եւ որ «Խաղաղ Դոնի» չորս հատորից նրա համար ամենասիրելին առաջինն էր։
Բանաստեղծն ընդգծել էր նաեւ Շոլոխովի վեպի առաջին հատորի բնաբանները, որոնք վերցված էին կազակական հին երգերից։ Հարավային սլավոնների, կազակների, ուկրաինացիների երգերի հանդեպ Իսահակյանը հոգեկան զգացմներ է տածել։ Մի առիթով նա գրել է. «Եվ հիշողությանս մեջ իմ ժողովրդի երգերի հետ մեկտեղ ցայսօր ապրում եւ հնչում են այդ երգերը, որ ես լսել եմ շատ տարիներ առաջ»։
Ահա «Խաղաղ Դոնի» առաջին հատորի առաջին բնաբանը.
Не сохами-то славная землюшка распахана…
Распахана наша землюшка лошадиными копытами,
А засеяна славная землюшка казацкими головами,
Украшен-то наш тихий Дон молодыми вдовами,
Цветен наш батюшка, тихий Дон сиротами,
Наполнена волна в тихом Дону отцовскими,
материнскими слезами.
Եվ մի՞թե այս հին կազակական երգի՝ հայրենիքի տխուր ու տառապած պատկերը չէր հիշեցնում Իսահակյանին իր հայրենիքը, հենց իր տողերը.
… Արորներըդ արյունազանգ՝ արդարության ցորեն արտի.
Երդիկներիդ ծուխերն անուշ՝ նվիրական Նավասարդի,
Հին օրերի երգ սրբազան, սեղան զոհի, ի՛մ Հայաստան։
…Դստրիկներըդ քո փափկասուն՝ անապատի գայլերին կեր,
Որբուկներըդ՝ մերկ ու ծարավ, սովալլուկ, մահի ընկեր.
…Ոսոխներիդ կըրունկի տակ ավերակված ո՛րբ հայրենիք,
Սարսափներով, եղեռններով հավերժացած հի՛ն հայրենիք…
Իսահակյանն ընկալել էր Շոլոխովի վեպի գլխավոր ջիղը՝ հայրենասիրությունը։ Կազակության բնատուր ձգտումը ազատության մեծ գրողը կարողացել էր բնականորեն մարմնավորել հայրենասեր ու ըմբոստ կազակի՝ Գրիգորի Մելիխովի կերպարի մեջ այնպիսի մի ժամանակ, երբ հայրենիքը քաղաքացիական կռիվների բոցերի մեջ էր, Իսահակյանին հիշեցնում էին իր Ուստա Կարոյին, որը նույնպես ձգտում էր հայրենիքի ազատության, անկախության։ Մելիխովը մոտ էր Ուստա Կարոյին նաեւ մարդկային խառնվածքով՝ սիրատենչ, կրքոտ, շիտակ ու առաքինի մի այր, որը սովոր էր միայն իր խղճի թելադրանքով ապրել ու ծառայել Հայրենիքին, այլ ոչ թե ենթարկվել իշխանավորներին։ Հայրենիքը նա հենց ինքն էր, իր Աքսինյան ու իր զավակը. այսպես էլ Իսահակյանն էր միաձուլել Ուստա Կարոյին իր երկրի հետ։
Շոլոխովի վեպի եւ «Ուստա Կարոյի» միջեւ ուղղակի զուգահեռներ չի տարել Իսահակյանը, սակայն «Խաղաղ Դոնը» հոգու հազար ու մեկ թելերով կապված էր Իսահակյանի երկի հետ։ Եվ երբ նայում ես վեպի էջերում արած հարյուրավոր մատիտանշաններին, ասես աչքիդ առջեւ գծագրվում է «Խաղաղ Դոնի» ընթերցման բանաստեղծի յուրօրինակ «կարդիոգրաման»։ Յուրաքանչյուր ընդգծված հատված ունի իր կապը Իսահակյանի մտածողության հետ։ Դեռեւս փարիզյան «Bloe-Steno»-ի էջերում բանաստեղծը թողել է նման հատվածներից մի երկուսի իր բնորոշումը։ Ահա թե ինչ է գրել բանաստեղծը վեպի ընթերցման անմիջական տպավորության տակ.
«Մարդկային է սիրելը, ատելը, դավաճանելը, զղջալը, տռփալը, ցանկալը, զզվելը, բարկանալը, կասկածելը, պարծենալը, վախենալը, ատելը, կեղծելը, ոգեւորվելը, խանդավառվելը, հուսալը, հուսահատվելը, ագահությունը, ժլատությունը, շռայլությունը… միայն հերոսն է, որ կարող է հաղթել վատ բաներին, վատ զգացումներին, ոչ թե նա զերծ է, զուրկ է դրանցից, այլ ունի եւ կարող է դրանց խեղդել, ընկճել եւ հայտ բերել, հաղթանակել տալ լավ զգացումներին – չվախենալ, չբարկանալ, չտռփալ, չատել, չսիրել (երբ պետք է) չդավել, չզղջալ…
Բայց ամեն մարդ հերոս չէ։
Шолохов-ի հերոսները շատ մարդկային են, նրանք կլասիկ հերոսներ չեն, այլ միս ու արյունով մարդիկ են. բայց կարող են զսպել իրենց, երբ պետք լինի։
Աքսինիան խաբեց Գրիգորիին, բայց երբ եկավ, նա գրկեց նրա ոտները եւ լաց եղավ, մարդկային է։ Աքսինիան լաց եղավ իր աղջկա վրա, երբ պանի մոտ եկավ գիշերը եւ խոսեց, մխիթարեց, բայց եւ լալուց հետո հանձնվեց։ Բնական էր, մարդկային։ Հետո անմիջապես զղջաց, բայց մյուս օրը հանձնվեց նորից… բնական էին…
Ամբողջ գիրքը գրված է անկեղծ, բնական, ճիշտ, մարդկային։ Դիկենսի վեպերի պես չեն, որ վատ մարդը մինչեւ տակը վատ է. առանց մի լավ զգացումի, եւ լավ մարդը լավ է, անծակ լավ է, առանց մի վատ զգացումի, դրանք շինծու, մտածին մարդիկ են, գոյություն չունեն իրականության մեջ)»։
Ի դեպ, ինչպես երեւում է թե՛ գրքի Աքսինիային վերաբերող հատվածների բազմաթիվ ընդգծումներից, թե՛ իր գրառումների մեջ նրա անվան հիշատակումից, Աքսինիան առանձնապես սիրելի կերպար էր Իսահակյանին. նրա մեջ նա տեսնում էր կնոջ մարդկային բնության ճշմարիտ մարմնացումը։
Անձամբ ծանոթ չէին Իսահակյանը եւ Շոլոխովը, սակայն երկուսն էլ փոխադարձ մեծ պատկառանք էին տածում։ 1955 թ. հոբելյանական տարի էր նրանց համար. մայիսին լրանում էր Շոլոխովի հիսուն, իսկ հոկտեմբերին՝ Իսահակյանի ութսուն ամյակները։
Շոլոխովի հոբելյանի նախօրյակին՝ 1955 թ. ապրիլին, Իսահակյանը նրան շնորհավորական հեռագիր է հղում եւ ուղարկում իր ռուսերեն մեկհատորյակը. «Аветик Исаакян. Избранные произведения». Москва, Гослитиздат 1952, հետեւյալ բնագրով.
«Самому замечательному и любимому писателю, автору чарующего меня, бвссмертного «Тихово Дона» («Ամենահիանալի եւ սիրելի գրողին, ինձ զմայլած անմահ «Խաղաղ Դոնի» հեղինակին»)։
Նույն տարի ապրիլին հայ գրող եւ հրապարակախոս Աշոտ Արզումանյանին Վեշենսկայա ստանիցայոմ հատուկ ընդունում է Շոլոխովը եւ տալիս նրան Իսահակյանին հանձնելու համար իր «Խաղաղ Դոն» վեպի վերջին հրատարակությունը 4 հատորով։ Շոլոխովն առաջին հատորի վրա անում է հետեւյալ մակագրությունը. «Дорогому Аветику Исаакяну с любовью и глубоким уважнием. М. Шолохов, 30.4.55»։ (Սիրելի Ավետիք Իսահակյանին, սրտագին սիրով եւ խորին հարգանքով։ Մ. Շոլոխով, 30.4.55)։
Ա. Արզումանյանին իր հատորները հանձնելով՝ Շոլոխովն ասում է. «Այս համեստ նվերը հանձնիր, խնդրեմ, մեծարգո Ավետիք Իսահակյանին։ Ես այս պիտի անեի ավելի առաջ, մինչ որ նա ինձ ուղարկեց իր մեկհատորյակը։ Ասա՛ իրեն, որ մեր Դոնի կազակները գիտեն եւ սիրում են իսահակյանական գերող քնարը։ Հսկայի ամուր առողջություն իրեն, այնպիսին, ինչպիսին լեգենդար Սասունցի Դավթի մոտ էր»։
Շոլոխովի մասին իր հուշերում այս մասին է գրում այդ հանդիպման ներկա, ռոստովաբնակ հայ գրող Միխայիլ Անդրիասովը։
1956 թ. հունվարի 18-ին ութսունամյա բանաստեղծը հոգու պարտքն է համարում գրել Շոլոխովի մասին։ Իսահակյանի գրածը, հիրավի, հնչում է որպես XX դարի մեծ բանաստեղծի խոսքը նույն դարի մեծ արձակագրի մասին.
«Միխայիլ Շոլոխով
Շոլոխովը, իմ կարծիքով, Հոկտեմբերյան հեղափոխության էպոխայի ամենից փայլուն գրողն է։ Նա գունագեղ լեզվով դրսեւորեց Դոնի կազակների դասակարգային կռիվները։
Նրա տաղանդավոր գրչի տակից պլաստիկորեն երեւացին կազակական բազմաթիվ կերպարներ։ Նրա գրիչը անաչառ, անկաշկանդ եւ համարձակ է։ Շոլոխովը մեծ արվեստագետի հատկությամբ գրում է վստահ, անկեղծ՝ իր խղճմտանքին չդավաճանելով։
Նա ռեալիստ գրող է՝ բառիս ազնիվ իմաստով։ Նա սիրում է Դոնի կազակությանը եւ երկիրն իր չքնաղ կոլորիտով։ Նա կարծես տեսել է եւ ճանաչում է ամեն մի կազակի եւ ամեն մի կտոր հողը հայրենի երկրի։ Այսպիսով՝ մեր մեծ էպոխան ներկայացնող նրա հանճարեղ էպիկական վեպը՝ «Խաղաղ Դոնը», բոլոր ժամանակների ամենանշանավոր երկերից մեկն է, որն առանց չափազանցնելու դնում ենք Լ. Տոլստոյի «Պատերազմ եւ խաղաղություն» վեպի կողքին։ Ինչ որ նա ստեղծագործել է՝ «Հերկած խոպանը» եւ բազմաթիվ պատմվածքներ եւ դեռեւս չավարտված «Նրանք պայքարել են հայրենիքի համար» վեպի հատվածները, կրում են մեծ արվեստագետի կնիքը։ Հենց միայն Գրիգորի Մելիխովի կերպարը բավական է, որ անմահության պսակ դնե իմ շատ սիրելի Միխայիլ Շոլոխովի գլխին։
18 հունվարի, 1956, Երեւան»։
Բանաստեղծի այս խոսքը առաջին անգամ տպագրվեց հայ եւ ռուս ժողովուրդների եղբայրությունը խորհրդանշող «Բարեկամություն» ժողովածուում։ Իսկ 1957 թ. գրքի կազմողը՝ Աշոտ Արզումանյանը հատուկ այցելում է Վեշենսկայա ստանիցան եւ ժողովածուն նվիրում Շոլոխովին։
Գիրքը մեծ տպավորություն է թողնում Շոլոխովի վրա եւ, ինչպես վկայում է Ա. Արզումանյանը, Շոլոխովն անկեղծ զգացվում է, որ իր մասին հատուկ խոսք է ասել Ավետիք Իսահակյանը։
Դա 1957 թ. ամռանն էր, իսկ 1957 թ. հոկտեմբերին պոետը վախճանվեց։ Վեշենսկայայից եկավ հեռագիր. «Низко склоняю голову перед прахом великого поэта Аветика Исаакяна. Михаил Шолохов». «Խոնարհում եմ գլուխս մեծ բանաստեղծի՝ Ավետիք Իսահակյանի աճյունի առաջ։ Միխայիլ Շոլոխով»։
10-17 հոկտեմբերի, 2021 թ.
Ավիկ ԻՍԱՀԱԿՅԱՆ
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,