«Խրիմյանը յուր կյանքում շատ անգամ մեծ գումարներ ձեռք ձգեց, բայց նա մնաց միշտ աղքատ, միշտ պարտքերի տակ խրված: Խրիմյանը խիստ անփույթ է դեպի յուր անձնական վայելչությունը, դեպի յուր անձնական բարեկեցությունը. նա յուր վրայ ոչինչ չէր վատնում: Հանդիպած աղքատին Խրիմյանը պատրաստ էր յուր վերջին փարան տալ և ինքը սոված մնալ: Սեփականությունը նրա համար ոչինչ նշանակություն չուներ, երբ նա ծառայում էր ընդհանուրի օգտին: Խրիմյանը չէր ծնված բարձր կոչման համար, որ պատրիարքական աթոռի վրա փթթեցներ յուր կյանքը: Խրիմյանը հոգով բանաստեղծ է, իսկ սրտով՝ առաքյալ: Նա հիշեցնում է մեզ հինգերորդ դարու անձնուրաց աբեղաներին, որք հոգևոր զինվորության ցուպը ձեռքերնին կրած, հուրի և սուրի միջից անցնելով, պտտում էին Հայաստանում, ուսում, գիտություն և կրոնք էին տարածում: Խրիմյանը եռանդոտ, անհանգիստ և անվաստակելի բնավորություններից մինն է, նա սիրում է գործել, ընկնել, կանգնել և միշտ պատերազմել վտանգների մրրկածուփ խռովության հետ…»:
ՐԱՖՖԻ
Մկրտիչ Ա. Վանեցի՝ Խրիմյան Հայրիկ. Հայ եկեղեցու, համայն հայության ամենանվիրական անուններից մեկը, որ անձնավորում էր հասարակական-քաղաքական, հոգևոր-մշակութային հզոր գործչին, մտավորականին ու գրողին: Իմաստուն մի այր, որի կյանքն ու գործը անմնացորդ նվիրաբերում էին լինելու ազգին ու հայրենիքին, գրին, լույսին ու հավատքին:
Ապագա Վեհափառը, որ ուսանել էր Վասպուրականի Լիմ և Կտուց անապատների վանական կրթարաններում, ուսուցչություն է անում Պոլսի Խասգյուղ թաղամասի աղջկանց դպրոցում: Այնուհետև մեկնում է Կիլիկիա՝ կրթական գործի զարգացմանը աջակցելու նպատակով: Չորս տարի անց վարդապետ ձեռնադրված հոգևորականը վերադառնում է Պոլիս, ստեղծում «Արծվի Վասպուրական» ամսագիրը, որը մեկ տարվա լույսընծայումից հետո վերահրատարակելու էր Վանի Վարագավանքում և հիմնելու էր Ժառանգավորաց վարժարանը:
1862 թ. Խրիմյանը ստանձնում է Տարոնի հոգևոր առաջնորդի և Ս. Կարապետ վանքի վանահայրությունը, այստեղ նույնպես կյանքի կոչում համանման վարժարան, Գարեգին Սրվանձտյանի խմբագրությամբ լույս ընծայում «Արծվիկ Տարոնո» երկշաբաթաթերթը:
Այս շրջանում Մկրտիչ Խրիմյանը ջանադիր գործունեություն է ծավալում կեղեքվող հայության վիճակը թեթևացնելու, քուրդ և թուրք աղաների, պետական պաշտոնյաների հարստահարությունները սահմանափակելու ուղղությամբ: Եվ ժողովուրդը վկան էր այս ամենի. անանձնական կյանքով ապրող Խրիմյանին հայությունն սկսում է մեծարել Հայրիկ պատվանունով: Մինչդեռ թուրքական կառավարությունը նրան համարում է քաղաքականապես անբարեհուս հոգևորական և փակում դպրոցն ու տպարանը:
1868 թվական. Էջմիածնում օծվում է եպիսկոպոս, մեկ տարի անց ընտրվում Պոլսի հայոց պատրիարք: Եվ, ի պաշտոնե, Ազգային ժողովի քննարկմանն է դնում Ազգային սահմանադրության վերանայման, գավառի հայության հարստահարությունների, հոգևոր առաջնորդների ընտրության հարցերը, պայքարում ողջ արևմտահայության շահերը ԱԺ-ում ներկայացնելու, գավառական երեսփոխանների թիվը ավելացնելու համար: Նախաձեռնում և ստեղծում է գավառի հայության հարստահարությունները քննող հանձնաժողով, որի կազմած տեղեկագիրը ներկայացվում է Բարձր Դռանը: Նման գործելակերպը անհանդուրժելի էր թուրք կառավարության, ցավոք, նաև Պոլսի հայ մեծահարուստների համար: Մանավանդ վերջինների գործադրած սադրանքների պատճառով 1873 թ. Խրիմյանը հրաժարվում է պատրիարքությունից:
Իբրև 1878 թ. Բեռլինի վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար, նախապես այցելում է եվրոպական մեծ տերությունների՝ Իտալիա, Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, պետական պաշտոնյաներին, պատրիարքարանի կազմած տեղեկագիրը ներկայացնում վեհաժողովին՝ հուսալով, որ դիվանագիտական ճանապարհով կլուծվի Հայկական հարցը: Սակայն. «Վեհաժողովին մեջտեղը դրված էր մեծ կաթսայ մը Հարիսա: Մյուս պահանջատեր պատգամավորները քաշեցին իրենց սուրերը և իբրև երկաթե շերեփ խոթելով հարիսայի կաթսային մեջ՝ իրենց բաժին հարիսան առին, հպարտ և համարձակ հեռացան: Կարգն եկավ հայոց պատգամավորին: Ես մոտեցա և Ազգային ժողովին կողմե ձեռքս տրված աղերսաթուղթը ներկայացուցի և աղերսեցի, որ իմ ամանս ալ լեցնուն հարիսան: Այնժամ կաթսային գլուխը սպասող մերձավորներ հարցուցին ինձ. «Ո՞ւր է քո երկաթե շերեփդ: Հոս հարիսա կբաժնվի, բայց երկաթե շերեփ չունեցողը չի կրնար անոր մոտենալ»: Է՜հ, սիրելի ժողովուրդ Հայոց, ես կրնայի՞ հարիսայի կաթսային մեջ խոթել իմ թուղթե շերեփս, որ պիտի թրջվեր ու հոն մնար… Ժողովուր՛րդ Հայոց, անշուշտ լավ հասկցաք, թե զենքը ինչ կրնար գործել և կգործե: Ուրեմն զենք առնենք և դարձյա՛լ զենք: Ժողովու՛րդ, ամենեն առաջ քու ազատության հույսը քու վրադ դիր, քու խելքիդ ու բազուկիդ ուժ տու՛ր…»:
Դառն ու իմաստուն պատգամ, որ առավել արդիական է հնչում նաև այսօր:
Վեհաժողովից սաստիկ հիասթափված Հայրիկը 1879-ին ընտրվում է Վասպուրականի հոգևոր առաջնորդ, էապես աջակցում Վանի «Սև խաչ» և Կարինի «Պաշտպան հայրենյաց» ազգային-ազատագրական գաղտնի կազմակերպությունների ստեղծմանն ու գործունեությանը: Արևմտահայ գավառներում տեղի ունեցող հուզումները կապելով նրա հետ, թուրքական իշխանությունները Խրիմյանին կանչում են Պոլիս, սահմանում խիստ հսկողություն: Սակայն դա էլ չէր կանխելու քաջասիրտ հոգևորականին:
1992-ի մայիսին Խրիմյան Հայրիկն ընտրվում է Ամենայն հայոց կաթողիկոս, սակայն սուլթանը չի համաձայնում նրան ազատ արձակել թրքահպատակությունից, և միայն 13 ամիս անց, ռուսաց ցարի միջնորդությամբ, ընտրյալ հոգևորականին թույլատրվում է մեկնել Էջմիածին: Հաջորդ տարվա սեպտեմբերի 26-ին վավերացվում է ընտրությունը, և Վեհափառի աթոռին բազմում է Հայոց 125-րդ կաթողիկոսը:
Այսօր Ամենայն Հայոց Հայրիկի հիշատակի օրն է, նրա, ում մեծարել են անվանի մտավորականներ ու արվեստագետներ, վերստեղծել նրա առինքնող կերպարը կտավներում ու գեղարվեստական գործերում, գրել երգեր ու ձոներգեր: Այդ երևելիներից մեկի՝ եղերական Սիամանթոյի խոսքով էլ խնկարկենք Հայրիկի հիշատակը. «Մկրտիչ Խրիմյանը պատմական այն դեմքերից է, որ իրենց ժամանակակիցների աչքում առանձնանում են հասարակ մահկանացուներից, դառնում խորհրդանիշ, օրինակ, ուղեցույց: Եվ հենց ժամանակակիցները նրան մեծարել են Հայոց Հայրիկ պատվանունով, արվեստագետները գծել են նրա դիմանկարը, բանաստեղծները փառաբանել են նրան որպես ճշմարտության անդուլ որոնողի, գաղափարի և ազատության ջահակրի…»: