«Սերոբ շատ հաճախ կուգար մեր տունը և կըլլար եղբայրներուս հետ: Անիկա գեղեցիկ տղամարդ մըն էր՝ բարձրահասակ, հուժկու և արագաշարժ: Վարմունքի մեջ շատ լուրջ և խոսքի մեջ՝ խելացի: Ես շատ երես առած աղջիկ մըն էի մեր տան մեջ և, հետևաբար, միշտ կգտնվեի տղամարդոց մեջ ու համարձակությամբ կխոսեի բոլորի հետ: Անգամ մը հորեղբայրներս կատակով ուզեցին գիտնալ, թե ես որո՞ւն հետ նշանվիլ կուզեմ: Այդ օրը Սերոբն ալ եղբայրներուս հետ մեր տունն էր: Ես հորեղբորս ըսի. «Եթե նշանվիմ, Սերոբին հետ կուզիմ նշանվիլ»: Բոլորն ալ խնդացին: Սերոբն ալ խնդաց, բայց քիչ հետո լրջացավ, լռեց և հաց ուտելե հետո մեկնեցավ: Քանի մը ամիս անցած էր մեր խոսքի վրա, երբ Սերոբի տունեն Մխեն եկավ իմ նշանը դնելու: Կատակը լուրջի փոխվեցավ: 1881-ին, եթե չեմ սխալիր, ես և Սերոբն ամուսնացանք: Ես տասն և երեք տարեկան էի…»:
ՍՈՍԵ ՄԱՅՐԻԿ
Իսկ ապագա ֆիդայապետն ու «սարերի ասլանը», որ 300-ամյա Խչեենց պատվական, հարուստ ու համբավավոր տոհմի ժառանգ էր՝ ընդամենը տասնյոթ տարեկան: Տարոն աշխարհի Ախլաթ գավառի Սողորդ գյուղն էր նրա ծննդավայրը: Դեռ վաղ հասակից հայրենի բնությունն ու Նեմրութ լեռն էին նրա թափառումների միջավայրը: Իսկ երբ իր ավագ եղբայր Մխեից, որ գյուղի ռեսն էր, հրացան և դաշույն է նվեր ստանում, որսորդությունն է դառնում նրա ամենօրյա զբաղմունքը:
Քսանմեկ տարեկան էր, երբ Պոլսից վերադառնում է ազգային կյանքով տարված Առաքել հորեղբայրը, ով հայրենասիրական ու պայքարի ոգի է սերմանում ձիավարժության մեջ փայլող, ֆիզիկական հրաշալի տվյալներով օժտված իր եղբորորդուն: Իսկ մի օր էլ, երբ Սերոբը, հերթական որսն ուսած, վերադառնում է տուն, Առաքելը դիմում է նրան. «Սերոբ, իրավ, դուն լավ, կտրիճ որսորդ ես, նշան բռնած տեղը կգամես, բայց բավական չէ՞ վայրի գազաններ որսալ, ատիկա հեշտ է, երբեմն մարդ գազաններ ալ որսալու է…»: Ժամանակներ անց ֆիդայապետ Սերոբը բազմիցս խոստովանելու էր, որ իր հեղափոխական գաղափարների համար պարտական է ուսյալ հորեղբորը:
«Մարդ գազաններ» որսալու առաջին առիթը տալիս են երկու քրդեր. հերթական որսի ժամանակ, տուրք տալով հային թալանողի իրեց բնազդին, փորձում են նրանից խլել ձին, հագուստներն ու զենքը: Բայց՝ ապարդյուն. մեկը սատակում է տեղում, մյուսին հաջողվում է ճողոպրել: Իսկ այդ անօրեն ժամանակներում հայի ձեռքով թուրք կամ քուրդ սպանելը, անկախ հանգամանքներից, դատապարտելի հանցանք էր: Թուրք իշխանությունների դատաստանից խուսափելու համար նրան ուղարկում են Պոլիս: Այստեղ ծանոթանալու էր Հրայր Դժոխքի հետ, հետո մեկնելու էր Բաթում ու Թիֆլիս, իսկ 1894-ին վերադառնալու էր հայրենի Ախլաթ: Մեկ տարի անց, երբ լսում է արյունարբու սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի կազմակերպած կոտորածների մասին, Սերոբը հայդուկային 25 հոգանոց ու նորաստեղծ այլ խմբերով նախաձեռնում է գավառի հայկական գյուղերի ինքնապաշտպանությունը՝ հորդորելով. «Տղաք, առանց հացի մնացեք, առանց զենքի մի մնաք»: Հայդուկային նրա խմբում էին Բալաբեղ Կարապետը, Բիթլիսցի Մուշեղը, Անդրանիկը: Նրանցից շատերը հետագայում զինավառ ջոկատների հրամանատարներ էին դառնալու: Տարիների հեռվից Անդրանիկ Զորավար վրիժառուն վերհիշելու էր. «Մինչև վերջին շունչը իր զավակիցն ալ ավելի կսիրեր: Ես հոգով հավատացած էի այդ բանին: Ինչ էլ որ հարցնեի իրենց բացակայությամբ ըրած գործողությանս, նա միշտ կըսեր. «Ինձնից մի հարցներ, ինչ որ խելքդ կտրե, էն ըրե…»:
Ֆիդայական շարժման հերոսական էջերից են Աղբյուր Սերոբի խմբի մղած կռիվները Ախլաթում, Թեղուտում, Սողորդում, Բաբշենում: Մանավանդ Բաբշենի հերոսական կռիվներից հետո թուրքական իշխանությունները «Նեմրութի ասլանի» համար գլխագին են նշանակում և ամենուր հետապնդում նրան: Սերոբին վերացնելու համար կենտրոնացնելով զինվորական ու ոստիկանական մեծաքանակ ուժեր՝ քրդական զինված խմբեր և մատնության հետևանքով քաջ գիտենալով նրա տեղը՝ այդուհանդերձ, չեն համարձակվում առճակատ փորձ անել նրան գերեվարելու: Եվ դիմում են իրենց բնորոշ զազրելի մեթոդին՝ թունավորել: Ազգադավի այդ ստոր արարքը հանձն է առնում Խալիլի ոսկիների փայլից շլացած գեղաշենցի ռես Ավեն, որը հայդուկների վստահությունը շահելու նպատակով մի քանի անգամ եկել էր Գելիեգուզան և հանդիպել գյուղի քահանա տեր Քաջի տանը իր 12 ֆիդայիներով ու ընտանիքով ապաստանած Սերոբին: Շողոքորթությունն ու ֆիդայիներին բազմիցս բերած ուտելիքը անում են իրենց սև գործը: Ֆիդայապետը, չկասկածելով դավաճանին, բարեկամաբար ընդունում է նրա թունավորած ծխախոտը: Երբ անելիքն արված էր արդեն, ողորմելի ոճրագործն անմիջապես տեղեկացնում է քուրդ Բշարե Խալիլին: Գյուղն անմիջապես շրջապատվում է 2000 թուրք զինվորներով ու քրդերով: Այդ օրհասական պահին հայտնվում են Սերոբի չորս զինվորները և իրենց կիսամեռ հայդուկապետին դուրս բերում շենից: Մահամերձ հերոսը նվաղած ձայնով կարողանում է հորդորել. «Դրեք ինձ այս քարին առջև՝ իմ վերջին օրն է, և ջանացեք գեթ ձեր կյանքն ազատել, մնաք բարյավ…»:
Անհավասար կռվում զոհվում են Սերոբը, Հակոբ որդին, եղբայրները՝ Մխեն և Զաքարը: Ամուսնու զենքով մարտնչող Սոսեն ծանր վիրավորվում է և ուժակորույս վիճակում գերեվարվում: Երբ թուրք զինվորները փորձում են ֆիդայի հայուհուն սպանել, նրանց հրամանատարը, ապշած Սոսեի հերոսությունից, արգելում է՝ ասելով. «Այս կինն իսկական դյուցազն է…»: Ավելին՝ կառավարության ծախսերով բուժման է տալիս ու նոր միայն նետում Բաղեշի բանտը: Իսկ երբ ազատվում է բանտից, հաճախ է այցելում ամուսնու գերեզմանին, չի հեռանում երկրից. «Ինչպե՞ս այստեղ թողնեմ իմ Սերոբի որբ գերեզմանը: Այն ինչպե՞ս թողնեմ մեր թշնամու ձեռքում…»:
Իսկ «Նեմրութի ասլանի» գերեզմանը… Նրա գլուխն ամփոփվել էր Բիթլիսի Սուրբ Կարմրակ եկեղեցու բակում, մարմինը՝ անիծյալ Գելիեգուզանում…