Երեկ Լոնդոնում ավարտվեց կորոնավիրուսային ճգնաժամից հետո «Մեծ յոթնյակի» երկրների արտաքին գործերի նախարարների առերես հանդիպումը, որի նպատակը «G-7»-ի հունիսյան գագաթնաժողովի նախապատրաստումն էր. այն տեղի կունենա հունիսի 11-13-ին Մեծ Բրիտանիայի նախագահությամբ՝ Կոռնուոլ կոմսությունում: «G-7»-ում Մեծ Բրիտանիայի նախագահությունը հնարավորություն է՝ միավորելու բաց, ժողովրդավարական հասարակությունները եւ ցուցադրելու միասնություն, երբ այն անհրաժեշտ է դարձել ընդհանուր խնդիրների լուծման եւ աճող սպառնալիքների չեզոքացման համար»,- հայտարարել է հանդիպման տանտերը՝ Ֆորին-գրասենյակի ղեկավար Դոմինիկ Ռաաբը:
Ռուսաստանն այն բանից հետո, երբ իրեն միացրեց Ղրիմը, դուրս մնաց էլիտար ակումբից, եւ 7 տարի անց Լոնդոնում կոչ արվեց տեղեկատվական ճակատ բացել Ռուսաստանի դեմ՝ ստեղծելով կոլեկտիվ մեխանիզմներ ռուսական «քարոզչությունն ու ապատեղեկատվությունը» զսպելու համար: «Ռուսամետները մեկնաբանություններ են հրապարակում Ուկրաինայի եւ այլ տարածաշրջանների վերաբերյալ՝ հասարակական կարծիքի վրա ազդելու համար,- ասել է Ռաաբը «Reuters»-ին:- Մենք միավորելու ենք խոշոր տերություններին՝ բաց հասարակությունները պաշտպանելու համար»: Խոսքը, մասնավորապես, «ակնթարթային հակահարվածի մեխանիզմ» ստեղծելու մասին է:
Զարմանալի չէ, որ մայիսի 4-ին նախարարները 1,5-ական ժամ են ծախսել Ռուսաստանի ու Չինաստանի հետ կապված հարցերի քննարկման համար, իսկ Աֆղանստանի, Լիբիայի, Մյանմայի եւ Սիրիայի հարցերին ընդամենը 30-ական րոպե է հատկացվել: «Մենք սկսեցինք ժամը 8:45-ին եւ մեկուկես ժամ քննարկեցինք Չինաստանի թեման, այնուհետեւ կայացան փոքր նիստեր՝ 30-ական րոպե Մյանմայի, Լիբիայի եւ Սիրիայի համար: 1 ժամ 30 րոպե խոսեցինք Ռուսաստանի մասին՝ այդ թվում շոշափելով նաեւ Ուկրաինայի եւ Բելառուսի հարցերը, 30 րոպե ծախսվեց Աֆղանստանի համար»,- պատմել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը, որի խոսքերը մեջբերել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության կայքը:
Պետդեպարտամենտի ներկայացուցիչն ավելացրել է, որ Բլինկենը պատմել է ոչ միայն Մոսկվային պատասխանատվության ենթարկելու Վաշինգտոնի պլանների, այլեւ նրա հետ կայուն հարաբերությունների ցանկության մասին: Եվ դա՝ չնայած այն բանին, որ Ռուսաստանը Բելառուսի, Չինաստանի, Մյանմայի, Սիրիայի ու Եթովպիայի հետ ընդգրկվել է ոչ ժողովրդավարական ու ավտորիտար վարչակարգեր ունեցող երկրների ցանկում:
Մամուլի ասուլիսում Բլինկենն ու Ռաաբը հասկացրել են, որ Ռուսաստանն ու Չինաստանը կարող են լինել Արեւմուտքի գործընկերները, բայց մի պայմանով. պետք է դադարեն լինել այժմյան Ռուսաստանն ու Չինաստանը: «Լինելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից մեկը՝ Ռուսաստանը միեւնույն ժամանակ խախտում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերը: Դա վերաբերում է Ուկրաինայի սահմանների մոտ պատերազմի եզրին հավասարակշռմանն ու զենքի ցուցադրմանը, կիբերհարձակումներին եւ ապատեղեկատվության տարածմանը կամ Ալեքսեյ Նավալնիի թունավորմանը, որն իրենից ոչ միայն մարդու իրավունքների խախտում է ներկայացնում, այլեւ քիմիական զենքի կիրառման օրինակ է Ռուսաստանի տարածքում»,- Մոսկվային ուղղված հիմնական առարկություններն այսպես է ներկայացրել Ռաաբը:
Հիշեցնելով, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բազմիցս ցուցադրել է Մոսկվայի կողմից «ագրեսիվ գործողությունների» դեպքում համարժեք պատասխան տալու իր պատրաստակամությունը, Բլինկենը նախապատրաստվող ռուս-ամերիկյան առաջիկա հանդիպման ֆոնին նաեւ վերապահում է արել: «Մենք սրացում չենք ցանկանում, կնախընտրեինք ունենալ ավելի կայուն, ավելի կանխատեսելի հարաբերություններ: Եվ եթե Ռուսաստանը շարժվի այդ ուղղությամբ, մենք էլ այդպես կգործենք: Կարծում եմ, որ նախագահ Բայդենը ուղղակիորեն այդ մասին խոսելու հնարավորություն կունենա, երբ հանդիպի նախագահ Պուտինի հետ»,- հստակեցրել է պետքարտուղարը:
Գերմանական «Handelsblatt»-ի աշխատակից Տորստեն Ռիկեն, իր հերթին, խոստովանել է, որ «Մեծ յոթնյակի» գլխավոր նպատակըւ հակահարված հասցնելն է Արեւմուտքի հիմնական հակառակորդներին՝ Ռուսաստանին ու Չինաստանին, բայց այս հարցում տարբեր են ԱՄՆ-ի ու Արեւմուտքի տեսակետները. եվրոպացիները չեն ցանկանում խզել հարաբերությունները Մոսկվայի հետ:
Ոմանք անաքրոնիզմ են համարում արդյունաբերական յոթ հարուստ երկրների՝ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կանադայի, Իտալիայի, Ճապոնիայի, Գերմանիայի եւ ԱՄՆ-ի՝ «G-7» կոչվող այս ակումբը: Տնտեսական եւ քաղաքական ուժի կենտրոնները վաղուց տեղափոխվել են Ասիա: Այն, ինչ նախկինում «համաշխարհային կառավարություն» էր, դարձել է քաղաքական Արեւմուտք:
Քննարկվել են նաեւ այլ հարցեր, որոնք այժմ անհանգստացնում են «Մեծ յոթնյակի» երկրներին՝ համավարակից մինչեւ Սիրիայում քաղաքացիական պատերազմ եւ կլիմայի փոփոխության դեմ պայքար: Բայց «Մեծ յոթնյակի» երկրներին միավորում է Չինաստանի դեմ համատեղ պայքարելու, ինչպես նաեւ անկանխատեսելի Վլադիմիր Պուտինին զսպելու ցանկությունը, ուստի եւ հենց այդ հարցերն են մղվել առաջին պլան:
Ըստ «Handelsblatt»-ի՝ ժողովրդավարությունների վճռական առավելությունը «երկու ավտորիտար մրցակիցների» նկատմամբ այն է, որ նրա արժեքների ընդհանրությունն արտահայտվում է դաշինքներ կազմելու ունակության մեջ: Իսկ Պեկինն ու Մոսկվան վասալներ ունեն, բայց ոչ դաշնակիցներ: Սակայն միայն դա, ինչպես շեշտել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը, բավարար չէ «ժողովրդավարությունը, ազատությունն ու մարդու իրավունքներն ամբողջ աշխարհում պաշտպանելու համար»: Անհրաժեշտ է ընդհանուր ռազմավարություն, որը չկա:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շարունակում է իր նախորդ Դոնալդ Թրամփի քաղաքականությունից հեռանալու ռազմավարությունը, առաջին հերթին՝ տեխնոլոգիական ոլորտում: Եվրոպան չի կարող եւ չի ուզում այրել կամուրջները մայրցամաքի մեջտեղում գտնվող հսկայական շուկայի հետ:
Ռուսաստանի հետ հեշտ չէ համագործակցել: Կասկածների դեպքում Վաշինգտոնը կարող է իրեն թույլ տալ «սառցե նոր դարաշրջան» Մոսկվայի հետ, իսկ Եվրոպայի համար Ռուսաստանը, ամեն դեպքում, հարեւան է, որի հետ անհրաժեշտ է երկարաժամկետ հեռանկարում ընդհանուր լեզու գտնել: Իսկ թե որքան դժվար է մշակել գործողությունների ընդհանուր գիծ, ցույց է տալիս «Հյուսիսային հոսք-2» գազատարի շուրջ անդրատլանտյան վեճը:
Հասկանալի է, որ առաջիկա գագաթնաժողովը պետք է հանգեցնի ավելիին, քան պարզապես մտադրությունների մասին հայտարարություններն են, որոնք շատ քիչ բան են նշանակում:
Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ով այս տարի գլխավորում է ակումբը, հունիսին կայանալիք գագաթնաժողովին հրավիրել է նաեւ Հարավային Կորեային, Հնդկաստանին ու Ավստրալիային, իսկ «առաջատար ժողովրդավարությունների» տասնյակը կամ այսպես կոչված «D-10»-ը բավական մեծ է, որպեսզի գլոբալ պահանջներ ներակայացնի, միեւնույն ժամանակ բավական համախումբ է՝ իր գործունակությունը պահպանելու համար: