Հռոմում հոկտեմբերի 30-31-ն անցկացվեց Մեծ քսանյակի (G20) երկրների ղեկավարների հավաքը, որի շրջանակներում քննարկվեցին մի շարք հարցեր՝ կապված կլիմայի, առողջապահության, թվայնացման հետ: G20-ի գագաթնաժողովի արդյունքում ընդունվել է հռչակագիր, որում առանցքային կետերից է մինչեւ 21-րդ դարի կեսերը համաշխարհային մակարդակով ածխածնի զրոյական արտանետումների հասնելու անհրաժեշտությունը։ «G20 երկրները կոչ են անում քայլեր ձեռնարկել սահմանափակելու գլոբալ տաքացման աճը, դրանով հավատարիմ են մնում Փարիզի համաձայնագրի նպատակին, այն է՝ պահպանել գլոբալ ջերմաստիճանի միջին բարձրացումը 2 աստիճան Ցելսիուսից ցածր եւ շարունակել ջանքերը՝ այն 1.5 աստիճանով սահմանափակելու նախաարդյունաբերական մակարդակից»,- ասվում է փաստաթղթում։
Այս խմբի երկրների ղեկավար ներկայացուցիչների կողմից ընդունված որոշումներն ու դրված նպատակները ազդեցություն են ունենալու ամբողջ աշխարհի բնակչության, համաշխարհային տնտեսության եւ կյանքի տարբեր ոլորտների վրա։ Բնականաբար, վերոնշյալ նպատակին հասնելու ճանապարհին արմատական փոփոխություններ են սպասվելու նախեւառաջ ներկայումս գոյություն ունեցող տնտեսակարգում, ինչին էլ կհետեւեն վերաձեւումները մնացած ոլորտներում։
«G20»-ի երկրների ղեկավարները պաշտպանել են Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) առաջարկը՝ անդրազգային կորպորացիաների համար 15 տոկոսի չափով նվազագույն գլոբալ հարկ մտցնելու մասով: Փաստաթուղթը ՏՀԶԿ-ի նախաձեռնությունը համարել է «պատմական ձեռքբերում», որի օգնությամբ «G20»-ի երկրները «կկառուցեն ավելի կայուն եւ արդար միջազգային հարկային համակարգ»:
Ընդգծվել է հանրային քաղաքականության կարեւորությունը «բաց եւ արդար թվային տնտեսություն ստեղծելու համար»։ Ներառական, բաց, մրցունակ թվային տնտեսության ստեղծումը միաժամանակ խնդիրներ է առաջացնելու անձնական տվյալների, մտավոր սեփականության գաղտնիության ու պաշտպանության առումով, որի ուղղությամբ եւս երկրների իշխանությունները մեծ աշխատանք ունեն անելու։
Մեզ համար հետաքրքրություն է ներկայացնում փաստաթղթի այն հատվածը, որտեղ Մեծ քսանյակի երկրների ղեկավարները կոչ են անում վերացնել մշակութային հուշարձաններին սպառնացող վտանգները եւ պահպանել մշակութային ժառանգությունը։ Փաստաթղթում մասնավորապես նշված է. «Մենք ընդգծում ենք անփոխարինելի մշակութային ռեսուրսներին սպառնացող վտանգների վերացման կարեւորությունը, ինչպես նաեւ հակամարտությունների եւ բնական աղետների հետեւանքով վնասված, թրաֆիքինգի ենթարկված կամ վտանգված մշակութային ժառանգության պաշտպանությունն ու պահպանումը` հիշեցնելով ՄԱԿ ԱԽ 2347-ի նպատակները: Մենք խնդրում ենք մեր համապատասխան կառույցներին շարունակել G20-ի համագործակցությունը մշակույթի բնագավառում»։ Ադրբեջանի կողմից անցած տարվա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Արցախի Հանրապետության տարածքում հուշարձանների եւ մշակութային ժառանգության ոչնչացումը միանշանակ համապատասխանում է վերոնշյալին, հետեւաբար պետք է օգտագործել բոլոր հնարավոր հարթակները եւ քայլեր ձեռնարկել ագրեսոր պետությանը մշակութային ժառանգության նկատմամբ ցուցաբերած ոտնձգությունների մասով եւս պատասխանատվության կանչելու համար։
Չնայած ընդունված համատեղ փաստաթղթին, որոշ կողմեր արդեն իսկ իրենց դժգոհությունն են հայտնել գագաթնաժողովի արդյունքների մասով։ Այսպես, ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է, թե «հիասթափված է» G20-ի գագաթնաժողովի կլիմայական օրակարգի արդյունքներից այն պատճառով, որ Ռուսաստանը եւ Չինաստանը «դե ֆակտո չեն մասնակցել» գագաթնաժողովին։ Նման գնահատական հնչեցնելու համար, թերեւս, հիմք է դարձել այն, որ Հռոմում կայացած գագաթնաժողովին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես նաեւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը մասնակցել են հեռավար ձեւաչափով։
Գագաթնաժողովը չի արդարացրել նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ակնկալիքները՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարի առումով: «Թեեւ ես ողջունում եմ G20-ի վերահաստատված հանձնառությունը գլոբալ լուծումներ գտնելու հարցում, հեռանում եմ Հռոմից չարդարացված հույսերով»,- գրել է նա թվիթերյան միկրոբլոգում՝ այնուամենայնիվ հույս հայտնելով, որ նոյեմբերի 1-ին Գլազգոյում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի ընթացքում այդ ուղղությամբ լրացուցիչ քայլեր կարվեն։ Ի տարբերություն նրանց, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը լրագրողների հետ զրույցում գագաթնաժողովի աշխատանքի արդյունքները դրական է համարել՝ նշելով, որ թե երկրների ղեկավարների, թե փորձագետների մակարդակներում փաստաթղթի շուրջ համաձայնության գալիս հիմնական եզրակացությունն այն է, որ միակողմանի մոտեցումներն առաջ տանելու փորձերը պահանջված չեն եղել։ Մյուս կողմից՝ մասնակիցների մեծամասնության կողմից խրախուսվել է հավաքական լուծումների փնտրտուքը, ինչը կապահովի շահերի հավասարակշռումը։
Մեծ քսանյակի օրակարգից բացի տեղի են ունեցել նաեւ երկկողմ հանդիպումներ, որոնց շրջանակներում քննարկվել են քաղաքական, տնտեսական հարցեր։ Հռոմում բավական թեժ են եղել Ֆրանսիայի շփումներն իր գործընկեր-դաշնակիցների հետ։ Գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը անդրադարձել է ԱՄՆ-Մեծ Բրիտանիա-Ավստրալիա անվտանգության նոր գործընկերության՝ «AUKUS»-ի ստեղծմանը եւ հայտարարել, որ ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների եւ Ավստրալիայի նախաձեռնությունը վկայում է Փարիզի նկատմամբ «անընդունելի վերաբերմունքի մասին»։ Փարիզում դաշնակիցների այս գործողություններն ընկալվել են որպես «դանակ թիկունքից»: Նման համագործակցությունը Ֆրանսիայի համար շոշափելի է դարձել այն առումով, որ Ավստրալիան հրաժարվել է Ֆրանսիայի հետ սուզանավերի մատակարարման ամենամեծ՝ ավելի քան 50 միլիարդ եվրո արժողությամբ պաշտպանական պայմանագրից («ՀՀ»-ն հոկտեմբերի 15 եւ 30-ի համարներում անդրադարձել է «AUKUS»-ի ունեցած ազդեցությանը տարածաշրջանի, ինչպես նաեւ Հայաստանի վրա)։
Ֆրանսիայի նախագահը դեմ է արտահայտվել հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում առճակատմանը՝ կարեւորելով «խաղաղ, հավասարակշռված օրակարգի ստեղծումը», որը պետք է «համապատասխանի նաեւ տնտեսական զարգացման նպատակներին»։ «Ֆրանսիան գործընկերային պայմանագրեր ունի Ճապոնիայի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Սինգապուրի հետ»,- ընդգծել է Մակրոնը՝ հավելելով, որ բազմակողմանի կապեր ունեն Չինաստանի հետ եւ, չնայած առկա տարաձայնություններին, կարող են հավասարակշռություն գտնել Չինաստանի հետ հարաբերություններում։ Նշենք, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը, սեպտեմբերի վերջին ելույթ ունենալով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, «AUKUS»-ը համարել էր նոր ռազմական դաշինք, որն արտացոլում է «համակարգված առճակատման տրամաբանությունը»։
Հարթ չեն անցել նաեւ Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարների շփումները։ Պաշտոնական Փարիզը սպառնացել էր պատժամիջոցներ կիրառել Մեծ Բրիտանիայի դեմ, եթե այդ երկրի կառավարությունը մինչեւ նոյեմբերի 2-ը (այսինք՝ այսօր) քայլեր չձեռնարկի ձկնորսության արտոնագրերի հետ կապված իրավիճակը կարգավորելու համար։ Այս մասին նշված է եղել Ֆրանսիայի նախագահի կողմից Մեծ Բրիտանիայի վարչապետին փոխանցած փաստաթղթում։ Ավելի վաղ Ֆրանսիայի ծովային նախարար Անիկ Ժիրարդեն հայտնել էր, որ երկրի ծովային ժանդարմերիան Լա Մանշում ստանդարտ ստուգումներ կատարելիս արձանագրություններ է կազմել երկու բրիտանական ձկնորսական նավերի նկատմամբ, որոնք մեղադրվում են Ֆրանսիայի բացառիկ տնտեսական գոտում ավելի քան երկու տոննա ծովային կակղամորթերի (гребешки) չարտոնված ձկնորսության մեջ։ Ի պատասխան՝ Բորիս Ջոնսոնը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ զրույցում հույս է հայտնել, որ Փարիզը կհրաժարվի Լոնդոնի դեմ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքներից։
Իտալիայի մայրաքաղաքից պետությունների առաջնորդներն ուղեւորվել են Գլազգո (Մեծ Բրիտանիա), որտեղ պաշտոնապես բացվել է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմերի համաժողովի 26-րդ նստաշրջանը։ Նշենք, որ Գլազգո է մեկնել նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որտեղ հանդես կգա ելույթով։ Համաժողովի շրջանակներում ՀՀ նախագահը կունենա երկկողմ հանդիպումներ։