Սոցփաթեթի հատկացման կարգում փոփոխություններ են կատարվել, ինչպես աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն է ասում՝ «լայնածավալ փոփոխություններ»։ Կառավարությունն արդեն հավանության է արժանացրել համապատասխան փաստաթուղթը՝ փոփոխություններ ու լրացումներ կատարելով 2014 թ. մարտի 27-ի եւ 2012 թ. դեկտեմբերի 27-ի որոշումներում։ Բայց քանի որ գործադիրի նիստում հարցը չզեկուցվողների շարքում էր ներառված, շատ փոփոխություններ դուրս մնացին հանրության ուշադրությունից։
«ՀՀ»-ն փորձեց մանրամասն պարզել, թե այդ ինչ «լայնածավալ» փոփոխությունների մասին է խոսքը։ Ըստ այդմ, ինչպես տեղեկացնում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, սոցփաթեթի ծախսման ուղղությունները լրացվել են նոր ծառայություններով։
Մասնավորապես՝ 1. մարզա-առողջարարական եւ սպորտային համալիրների, լողավազանների եւ այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու վճարի մարում։ Ծառայությունից կկարողանա օգտվել շահառուն կամ նրա ընտանիքի անմիջական անդամը։ Սա ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 12-ից։
2. Առողջապահական փաթեթի մեջ չներառված լրացուցիչ ծառայություններից օգտվելու վճարի մարում, օրինակ՝ ստոմատոլոգիական ծառայություններ (թերապեւտիկ եւ վիրաբուժական)։ Ծառայությունից կկարողանա օգտվել շահառուն։ Սա նույնպես ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 12-ից։
3. Պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկի մարում (ծառայությունից կկարողանա օգտվել շահառուն կամ նրա ընտանիքի անմիջական անդամը։
4. Նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (մանկապարտեզների, նախակրթարանների) վճարների մարում։
5. Գույքի ձեռքբերման կամ կառուցապատման նպատակով տրամադրված բոլոր հիփոթեքային վարկերի ամսական վճարի մարում։
Ի դեպ, հանվել է սոցփաթեթի ծառայություններից օգտվելու համար նույնականացման քարտը ներկայացնելու պարտադիր պահանջը։ «ՀՀ»-ն հարկ համարեց այս դրույթին խորքային անդրադառնալ։
Բանն այն է, որ գործող կարգավորումներով (որոշման 4.7-րդ կետ) սոցփաթեթի ծառայություններից (այդ թվում` առողջապահական) օգտվելու կամ սոցփաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու համար պարտադիր նախապայման է նույնականացման քարտի առկայությունը: Սրա հետ կապված՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից առաջարկվել էր քննարկել նույնականացման քարտի պարտադիրության վերաբերյալ դրույթը հանելու կամ փոփոխելու հարցը: Մասնավորապես՝ նշվել է, որ անձը նույնականացման քարտ չունենալու պատճառով, որպես սոցփաթեթի շահառու, զրկվում է սոցփաթեթի ծառայություններից օգտվելու իրավունքից, որոշ դեպքերում էլ անձը նույնականացման քարտ չի ցանկանում ստանալ եւ նույնականացման քարտից հրաժարվում է մտքի, խղճի եւ համոզմունքների դրսեւորման ազատությունից ելնելով, ինչպես նաեւ օգտվելով օրենքով սահմանված նույնականացման քարտ ստանալու կամավորության իրավունքից։ Վկայակոչվել է ՀՀ Սահմանադրության 41-րդ հոդվածով ամրագրված մտքի, խղճի եւ կրոնի ազատության երաշխավորված լինելու, ինչպեսեւ նույնականացման քարտի ստացման կամավորության սկզբունքը։
Բացի դա, ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմի կողմից նշվել էր նաեւ, որ «Նույնականացման քարտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նույնականացման քարտը ՀՀ քաղաքացու ինքնությունը եւ ՀՀ քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է, որը նախատեսված է ՀՀ տարածքում օգտագործելու համար: Նույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացին նույնականացման քարտ ստանում է կամավոր` 16 տարին լրանալու օրվանից: Հիշյալ օրենքի համապատասխան նորմերի բովանդակությունից հետեւում է, որ նույնականացման քարտ ստանալը քաղաքացու իրավունքն է, որի իրացումը պայմանավորված է ինչպես քաղաքացու կամարտահայտությամբ, այնպես էլ նրա՝ որոշակի պարտականությունների կատարմամբ:
Սրանից զատ՝ ՀՀ սահմանադրական դատարանն իր 2015 թ.դեկտեմբերի 8-ի որոշմամբ հարցին անդրադարձել է կրոնական հայացքներին դեմ լինելու տեսանկյունից: Խնդիրն այն է, որ որոշ քաղաքացիներ, կրոնական համոզմունքներից ելնելով, ի վիճակի չեն կատարելու նույնականացման քարտի ստացման հետ կապված որոշակի ընթացակարգեր, եւ երբ սահմանված չեն իրավական այլընտրանքային պայմաններ, այդ անձինք զրկվում են նույնականացման քարտ ստանալու իրավունքի իրացումից, հետեւաբար նաեւ՝ իրավահարաբերություններին լիարժեք մասնակցելու իրավունքներից: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի՝ նորմատիվ պահանջների իրացումը չպետք է վտանգի կամ արգելափակի անձի՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված այլ իրավունքների ազատ իրականացումը: Օրենսդրական կարգավորումները չպետք է մի կողմից ապահովեն կրոնական համոզմունքների ազատ իրականացումը, իսկ մյուս կողմից, երբ խնդիրը հանգում է սահմանադրական այլ իրավունքների կամ պետության սահմանադրաիրավական պարտականությունների իրականացմանը, արգելափակեն կամ անարդյունավետ դարձնեն դրանց իրացումը, ինչը տեղի ունի վիճարկվող իրավակարգավորումների շրջանակներում, քանի որ կրոնական համոզմունքներ ունեցող անձը հայտնվում է իրավական երկընտրանքի առջեւ. այն է՝ կամ կատարել օրենքի պահանջը՝ հրաժարվելով իր համոզմունքներից, կամ չկատարել այդ պահանջը, համապատասխանաբար՝ իրացնելով անձի սահմանադրական իրավունքը: Եվ ՀՀ ՍԴ-ի դիրքորոշմամբ՝ օրենսդիրը պարտավոր է նախատեսել այնպիսի իրավակարգավորումներ, որոնք պետք է բացառեն անձանց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների որեւէ սահմանափակում, եթե այն պայմանավորված չէ Սահմանադրությամբ թույլատրելի հանգամանքներով: Կրոնական համոզմունքների ազատությունը երաշխավորված է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ միջազգային իրավական բազմաթիվ փաստաթղթերով:
Այսպիսով՝ այս ամենը հաշվի առնելով՝ հանվեց սոցփաթեթից օգտվելու համար նույնականացման քարտի պարտադիր առկայության վերաբերյալ կարգավորումը։ Ըստ այդմ՝ սոցփաթեթի շահառուները կամ նրանց ընտանիքի անդամները կարող են սոցփաթեթի ծառայություններից օգտվելու, սոցփաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու համար բանկ կամ սոցփաթեթի ծառայություն մատուցող կազմակերպություն ներկայացնել նույնականացման քարտ կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ։ Խնդրին համապարփակ լուծում տալու նպատակով նույնական հիմնավորմամբ կհանվի նաեւ սոցփաթեթի՝ առողջապահական բաղադրամասից օգտվելու համար պարտադիր նախապայման համարվող նույնականացման քարտի առկայության պահանջը։
Մեկ այլ փոփոխության մասին։ Որոշման 9-րդ կետով սահմանված են այն անձինք, ում վրա չեն տարածվում որոշման կարգավորումները, որպես այդպիսիք են ներկայացված, օրինակ, տվյալ մարմնում սոցփաթեթի շահառուի վերջին 6 ամսվանից պակաս աշխատանքային ստաժ ունեցող անձինք, կես դրույքից պակաս դրույք (նորմալ աշխատաժամանակի 50 տոկոսից պակաս աշխատաժամանակ) ունեցող անձինք: Հարկ է նշել, որ նշված կարգավորումն իրավակիրառական պրակտիկայում տարընկալման տեղիք է տալիս, եւ շատ կազմակերպություններում հարց է առաջանում՝ արդյոք շահառուն միաժամանակ պետք է ունենա առնվազն կես դրույք ծանրաբեռնվածությամբ 6 ամսվա անընդմեջ աշխատանքային ստաժ, թե կարող է կես դրույքով աշխատանքային ծանրաբեռնվածություն ունենալու հաջորդող ամսվանից դառնալ սոցփաթեթի շահառու, եթե ունի տվյալ մարմնում սոցփաթեթի շահառուի վերջին 6 ամիս եւ ավելի աշխատանքային ստաժ: Այս առումով հարկ է նշել, որ գործող կարգավորումների համաձայն՝ սոցփաթեթի շահառուների համար իրավունքը ձեռք բերելու պայմաններից մեկը վերջինիս առնվազն կես դրույք ծանրաբեռնվածություն ունենալու հանգամանքն է։ Միաժամանակ որոշման 9-րդ կետի՝ «տվյալ մարմնում սոցիալական փաթեթի շահառուի» բառերը ենթադրում են, որ աշխատողն առնվազն կես դրույք ծանրաբեռնվածությամբ պետք է 6 ամսվա աշխատանքային ստաժ ունենա, որպեսզի ձեռք բերի սոցփաթեթից օգտվելու իրավունք: Այսինքն՝ որոշումը չի տարածվում տվյալ սոցփաթեթի շահառու կազմակերպությունում անընդմեջ 6 ամսվանից պակաս՝ առնվազն կես դրույքով (նորմալ կամ կրճատ տեւողությամբ աշխատաժամանակի 50 տոկոսով) աշխատանքային ստաժ ունեցող անձանց վրա:
Այժմ բարելավվել եւ պարզեցվել են սոցփաթեթի շահառուների՝ սոցփաթեթի շահառու դառնալու պայմանները, եւ հանվել է սոցփաթեթի շահառու կազմակերպությունում անընդմեջ 6 ամսվանից պակաս՝ առնվազն կես դրույքով (նորմալ կամ կրճատ տեւողությամբ աշխատաժամանակի 50 տոկոսով) աշխատանքային ստաժ ունենալու միաժամանակյա պայմանը։
Մեկ այլ փոփոխության համաձայն՝ վերանայվել է սոցփաթեթի շահառուների ընտանիքի անմիջական անդամների շրջանակը, համաձայն որի՝ ընտանիքի անմիջական անդամ է համարվում նաեւ շահառուի ծնողը, որդեգրողը, որդեգրվածը, խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, տատը, պապը, թոռը, համատեղ բնակվող եղբայրն ու քույրը։ Ընտանիքի անդամի նոր շրջանակը նախատեսվել է՝ հաշվի առնելով հայկական ընտանիքների` միասին բնակվելու եւ անմիջական ազգակցությամբ կապված անձանց կողմից միմյանց աջակցելու ազգային առանձնահատկությունները։