Հայաստանի հարեւան պետություններից մեկը, որ տարիքով փոքր է անգամ մեր ավանդական որոշ կուսակցություններից, անընդհատ հայտարարում է, որ պատրաստ է Հայաստանի հետ «խաղաղ հարաբերությունների կառուցմանը», բայց պայմանով. այն է՝ Հայաստանը չպետք է մտածի իր հողերի վերաազատագրման մասին։ Սեպտեմբերի 23-ին նախապես տեսագրված՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ Ալիեւը Երեւանին կոչ էր արել ընտրություն կատարել «համագործակցության եւ տարածքային պահանջների միջեւ»։ Եվ որ համագործակցության ոլորտներից մեկը կարող է լինել տրանսպորտայինը։
Թե Հայաստանը ինչ պետք է մտածի իր հողերի վերաազատագրման, հարեւանի կամ հարեւանների հետ տնտեսական համագործակցության ոլորտների, հնարավորությունների ու սահմանափակումների մասին, այս նյութի քննարկման թեման չէ։ Ուզում ենք խոսել այն մասին, թե արդյոք պե՞տք է հավատալ հարեւան պետության ղեկավարի խոսքին։ Պատասխանն ուղղակի տալու փոխարեն պարզապես որոշ փաստեր մեջբերենք։
Թշնամուն գերագնահատել պետք չէ։ Բայցեւ չարժե թերագնահատել։ Խաղաղությունից խոսող Ալիեւի ղեկավարած պետության զորամիավորումները մայիսի 12-ից ՀՀ ինքնիշխան տարածքում են եւ ցայսօր շարունակում են սադրիչ գործողություններ իրականացնել՝ վտանգելով հենց նույն այդ խաղաղությունը: Փաստացի պատերազմից հետո էլ եւ ցայսօր ոչ Արցախում է հանգիստ եւ ոչ էլ Հայաստանում։ Հիմա այս պայմաններում այդպիսի հարեւանի հետ տնտեսական համագործակցությանը հավատա՞լը, թե՞ այդ գործակցության հետեւանքների մասին մտածելն է ճիշտ։
Խաղաղությունից խոսող Ալիեւի համար հայատյացությունը դարձել է պետական մակարդակով տարվող քաղաքականություն։ Ադրբեջանի նախագահը շատ վտանգավոր շեշտադրումներ է հիմա անում։ Հիշեցնենք նրա սեպտեմբերի 27-ի ուղերձը, որում Ալիեւը էթնիկ ատելությանն ու թշնամանքին զուգահեռ՝ արդեն նաեւ կրոնական թշնամանք է բորբոքում։ «Կիսաքանդ մզկիթներում նենգ թշնամին անասուններ՝ կովեր և խոզեր էր պահում՝ մեզ եւ ողջ աշխարհի մուսուլմաններին անարգելու համար: Վստահ եմ, որ աշխարհի մուսուլմանները համարժեք պատասխան կտան»,- սա այդ ուղերձից մի հատված է միայն, որտեղ նա խոսում է նաեւ Հայաստանում, իբր, հաստատված իսլամաֆոբիայի մասին։ Նենգ նպատակն այնքան ակնհայտ է, որ բացատրելու կարիք անգամ չկա։
«Եթե հայերն ունեն իսլամաֆոբիա, ինչպե՞ս է ստացվում, որ Երեւանի կենտրոնում կա գործող մզկիթ, իսկ Բաքվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին պղծված է՝ վերածված է գրադարանի պահոցի, գմբեթից իջեցված է խաչը, ոչնչացված են գերեզմանաքարերը, որ կային եկեղեցու հարեւանությամբ: Եթե Հայաստանում ու Արցախում կա իսլամաֆոբիա, ապա ինչպե՞ս էին Արցախում կանգուն մնացել ու պահպանվում, օրինակ, Շուշիի Վերին ու Ներքին մզկիթները, հիմնովին վերանորոգվել էին Վերին մզկիթն ու մեդրեսի՝ հոգեւոր վարժարանի շենքը, կառուցվել էր պուրակ, կամ ինչպե՞ս բացատրել ադրբեջանական զինված ուժերի կողմից վերջին պատերազմից հետո Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եւ Կանաչ ժամ եկեղեցիների հրթիռակոծումն ու պղծումը, Արցախում Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու ոչնչացումը կամ Մատաղիսի Սուրբ Եղիշե եկեղեցու պղծումը, հայկական խաչքարերի ոչնչացումը Շուշիում եւ Հադրութում եւ այլն: Կամ ինչպե՞ս է ստացվում, որ իսլամ դավանող աշխարհի բազմաթիվ ժողովուրդների հետ հայերն ապրում են որպես բարեկամներ՝ դարերով»,- առիթով նշել էր ՀՀ ՄԻՊ-ը։
Նա միջազգային ողջ հանրությանը հավաստում է, որ «ՀՀ որեւէ իշխանություն կամ կառավարություն Ադրբեջանի ժողովրդի դեմ երբեւէ ատելության կամ թշնամանքի հովանավորչության քաղաքականություն չի տարել: Այլ կրոնների, այդ թվում՝ իսլամի նկատմամբ մշտապես տարվել է հանդուրժողականության ու հարգանքի քաղաքականություն՝ դպրոցական ծրագրերից սկսած»։
Երկրորդենք մեր ասածը՝ հիմա այս պայմաններում այդպիսի հարեւանի հետ տնտեսական համագործակցությանը հավատա՞լը, թե՞ այդ գործակցության հետեւանքների մասին մտածելն է ճիշտ։
Մեկ այլ փաստ. խաղաղությունից խոսող Ալիեւը հայերին անվանում է ֆաշիստներ, գրեթե ոչ մի ելույթում հայ ժողովրդի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու շանսը բաց չի թողնում, հայատյացությունն ու հայասպանությունը խրախուսում է պետական մակարդակով։ Հիմա հավատա՞լ «խաղաղության» այս քարոզիչի՝ տնտեսական համագործակցության պատրաստակամության վերաբերյալ խոսքերին, թե՞ մտածել այդ «խաղաղության»՝ մեզ մատուցվելիք անակնկալների մասին։ Փաստերը կարող ենք շարունակել. «խաղաղասերը» հայերի հանդեպ «սիրո» հարցում շռայլ է, բայց դրանից իրերի դրվածքը չի փոխվի։ Ադրբեջանական մամուլը տնտեսական որոշ ծրագրեր է մատնանշում, որոնք իրականացվելու են Արցախից գրավված տարածքներում եւ որոնք լիովին տեղավորվում են Արցախի ու Հայաստանի հանդեպ հիդրոահաբեկչական քաղաքականության շրջանակներում, բայց թմբկահարում է «խաղաղության դարաշրջանի» բացման մասին։ Հավատա՞լ, թե՞ մտածել, կանխարգելել, գործել՝ մեր որոշելիքն է ու մեր պատասխանատվությունը սերունդների առջեւ։