1990 թ. օգոստոսի 24-ին Նյու Յորքում, 49-ամյակը բոլորելուց 10 օր առաջ սրտի կաթվածից վախճանվեց գրող Սերգեյ Դովլաթովը։ Ինչպես հետագայում կասեին չարախոսները, հերթական հարբեցողության ժամանակ։ Ավելի դիպուկ կնկատի մտերիմ ընկեր Իգոր Եֆիմովը՝ «իր նկատմամբ անմխիթար եւ անարժան չսիրուց»։
Սերգեյ Դովլաթովը միանգամայն առանձնանում է խորհրդային շրջանի ռուս գրականության խոշոր դեմքերի առատությունից։ Նրա ստեղծագործություններին հատուկ են դիդակտիկայի լիակատար բացակայությունը, գրելաոճի բացարձակ թափանցիկությունը, որը տեքստի պարզության պատրանք է ստեղծում՝ չնայած բազմաչափությանը եւ խորությանը։
Սերգեյ Դովլաթովն իրեն հաջողակ գրող չի համարել։ Ինքնակենսագրության մեջ գրում է. «Ես ծնվել եմ ոչ այնքան համերաշխ ընտանիքում։ Դպրոցում սովորել եմ միջակ։ Համալսարանից հեռացվել եմ։ 3 տարի ծառայել եմ «ճամբարային անվտանգությունում»։ Գրել եմ պատմվածքներ, որոնք չեմ կարողացել տպագրել։ Ստիպված եմ եղել լքել հայրենիքը։ Ամերիկայում այդպես էլ չդարձա հարուստ կամ հաջողակ մարդ։ Երեխաներս դժկամությամբ են խոսում ռուսերեն։ Ես դժկամությամբ եմ խոսում անգլերեն։ Իմ հարազատ Լենինգրադում ամբարտակ են կառուցել։ Իմ սիրելի Տալլինում անհասկանալի բաներ են կատարվում։ Կյանքը կարճ է։ Մարդը՝ միայնակ։ Հուսով եմ՝ այս ամենը բավականաչափ տխուր է, որպեսզի կարողանամ շարունակել զբաղվել գրականությամբ…»։
«Ապշեցուցիչ դարաշրջանում ենք ապրում»,- գրում է Սերգեյ Դովլաթովը։ «Լավ մարդ»-ը որպես վիրավորանք է հնչում,- շարունակում է գրողը։ Փոխարենը լավ մարդ է»,- ասում են փեսացուի մասին, ով ակնհայտ ոչնչություն է…»։
«Ես ծնվել եմ Ուֆայում, էվակուացիայում, սակայն 1945 թվականից ապրել եմ Լենինգրադում եւ ինձ համարում եմ լենինգրադցի,- գրում է Դովլաթովը:- Իմ մայրը հայ է, հայրս՝ հրեա: Ծնողներս որոշել էին, որ իմ կյանքն ավելի անամպ կլինի, եթե ես դառնամ հայ: Ծննդյան վկայականում այդպես էլ նշել էին՝ հայ: Իսկ հետո, երբ եկավ մեկնելու ժամանակը, պարզվեց, որ դրա համար անհրաժեշտ է լինել հրեա: 1978-ի օգոստոսին դառնալով հրեա՝ ես ստացա հեռանալու օրինական հնարավորություն: Գիտեմ՝ գուցե ինչ-որ մեկին դա սարսափելի խայտառակություն թվա, բայց ես երբեք չեմ ունեցել որեւէ ազգին պատկանելության զգացում»:
«Ես չեմ խոսում հայերեն: Մյուս կողմից՝ եբրայերեն նույնպես չեմ խոսում եւ հրեական միջավայրում ինձ մերոնքական չեմ զգում,- նշում է գրողը:- Եվ մինչեւ վերջին ժամանակները հայերի դժբախտություններին նայում էի այնպես, ինչպես ցանկացած այլ ժողովրդի՝ հնդիկների, չինացիների դժբախտություններին… Մինչեւ չծանոթացա զարմանալի գրող, իսկական հայ Հրանտ Մաթեւոսյանի հետ: Ահա այդպես, այդ մարդու հանդեպ ունեցած սիրո միջոցով իմ մեջ ի հայտ եկան ինչ-ինչ հայկական գծեր»:
«Դու հա՞յ ես,- Սերգեյ Դովլաթովը` նկարիչ Վահրիճ Բախչանյանին. հարցը հռետորական էր, ինչպես, ի դեպ, շատ բան՝ էմիգրացիայում:
-Հայ եմ:
-Ամբողջ 100 տոկոսո՞վ:
-Անգամ 150:
-Ինչպե՞ս:
-Ուղղակի իմ խորթ մայրն անգամ հայ էր:
-Իսկ ո՞վ եմ ես:
-Դու հրեա ես հայի էությամբ»։
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ