Երեկ Վանաձորի Ղեւոնդ Ալիշանի անվան թիվ 27 դպրոցում հանդիսավորությամբ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան պատասխանատուները ՀՀ կառավարությանը փոխանցեցին Գեղարքունիքի եւ Լոռու մարզերում իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հետագա կառավարումն ու իրականացումը:
Ծրագրի փոխանցման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշեւիչը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Գեղարքունիքի եւ Լոռու փոխմարզպետները, մարզերի՝ ծրագրի շահառու դպրոցների ներկայացուցիչներ, հյուրեր: Ողջույնի խոսք ասացին եւ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի կարեւորության, մարզպետարանների ակտիվ աջակցության ու համագործակցության շարունակականության մասին հավաստեցին Լոռու եւ Գեղարքունիքի փոխմարզպետներ Գ. Ասրյանը եւ Գ. Նավոյանը՝ նկատելով, որ տրանսֆորմատիվ բաղադրիչի շնորհիվ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ինտենսիվ այգիների, ջերմոցների հիմնադրմամբ եւ արեւային կայանների տեղադրմամբ իրենց մարզի դպրոցները եւս վերածվել ու վերածվում են համայնքների զարգացման եւ երկարաժամկետ կրթական հարթակների։ Ծրագիրն էլ դիտեցին որպես սննդարար, մաքուր եւ կանաչ սնուցմանն ուղղված ապագայի համալիր մոտեցում։
Ողջունելով մասնակիցներին՝ նախարար Վահրամ Դումանյանը նշեց՝ արդեն շուրջ 11 տարի է, որ ՀՀ կառավարությունը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի օգնությամբ, ՌԴ կառավարության ֆինանսական օժանդակությամբ եւ ճյուղային սննդի ինստիտուտի տեխնիկական աջակցությամբ իրականացնում է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը։ Վերջին 10 տարիներին օրական ավելի քան 100.000 երեխաներ ապահովվել են մեկանգամյա առողջ, վիտամիններով հարուստ ու օգտակար սննդով, ներդրումներ են իրականացվել համայնքների տնտեսական միջավայրի եւ առողջ ապրելակերպի գաղափարների զարգացման գործընթացներում։
«2016 թվականից սկսած` ՀՀ կառավարությունը նաեւ ֆինանսական պարտավորություն ստանձնեց ծրագրի իրականացման համար, երբ մեկնարկեց մարզերի փուլային հանձնումը (ՊՀԾ «Դպրոցական սննդի զարգացման ծրագրից») ՀՀ կառավարության «Դպրոցական սննդի ազգային ծրագրին»: Մինչ օրս ծրագրի հետագա ղեկավարումը ՀՀ կառավարությանն է հանձնվել վեց մարզում՝ Վայոց ձոր, Սյունիք, Արարատ, Տավուշ, Շիրակ եւ Արագածոտն: Շուրջ 50 հազար աշակերտներ պետական բյուջեի շրջանակներում օգտվում են ծրագրից»,- տեղեկացրեց նախարարը` հավելելով, որ այժմ ծրագրի ազգայնացման եւ պետությանը դրա աստիճանաբար փոխանցման գործընթացում ներգրավվում են նաեւ Լոռու եւ Գեղարքունիքի մարզերի դպրոցները: Նա նաեւ տեղեկացրեց, որ, ըստ «Դպրոցական սննդի կայուն զարգացման ազգային ռազմավարության» գործողությունների ծրագրի, 2022 թ. արդեն «Ազգային ծրագրի» մաս կկազմեն նաեւ Արմավիրի եւ Կոտայքի մարզերի դպրոցները։ Ըստ Վահրամ Դումանյանի՝ համավարակով պայմանավորված՝ նախորդ տարի հետաձգվել է ծրագրի ներդրումը Գեղարքունիքի մարզի դպրոցներում:
«Հարկ է նշել, որ այս ժամանակը մենք օգտագործեցինք արդյունավետ՝ համագործակցաբար վերանորոգելով դպրոցների ճաշարանները, որպեսզի երեխաները տաք սնունդ ստանալու հնարավորություն ունենան։ Բացի դրանից, համավարակի պայմաններում դպրոցական սնունդ ծրագիրը նույնպես ենթարկվեց փոփոխությունների: Շարունակականությունն ապահովվեց սովորողների ընտանիքներին չոր սննդի փաթեթների տրամադրմամբ ինչպես ՀՀ կառավարության, այնպես էլ ՄԱԿ ՊՀԾ կողմից ֆինանսավորվող մարզերում: Նախորդ տարի ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ ստորագրված նոր համաձայնագիրը նոր փուլ է բացում մեր հարաբերություններում, քանի որ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի համար նախատեսվում է նաեւ լրացուցիչ ռազմավարական` «Տրանսֆորմատիվ դպրոցական սնունդ» բաղադրիչի ներդրումը, որով դպրոցները դիտարկվում են որպես յուրատեսակ ուսումնական կենտրոններ: Դա կնպաստի Հայաստանում մարդկային կապիտալի զարգացմանը, կստեղծի աճի նոր պայմաններ, կխթանի երկրի կանաչ եւ թվային տարածաշրջանային զարգացումը, ինչպես նաեւ կնպաստի բնակչության առողջության բարելավմանը»,- շեշտեց նախարարը։
Տեղեկացվեց նաեւ, որ ծրագրի նպատակը միայն երեխաներին տաք սննդով ապահովելը չէ, այն ունի շատ կարեւոր այլ բաղադրիչ. թույլ է տալիս դպրոցի շուրջ միավորել համայնքի ջանքերը՝ առողջ սնունդը եւ ապրելակերպը դպրոցական բաղադրիչում ներառելու եւ դրա միջոցով հանրային վարքականոն ձեւավորելու տեսանկյունից: Նախարարը նշեց համատեղ բազմաթիվ նախաձեռնությունները, ինչպես օրինակ` դպրոցական այգիների մրցույթը, որը խրախուսում է մեր երեխաներին տարածքի ամեն հատված օգտագործել արդյունավետ, սովորել կարեւոր գիտելիքներ եւ միաժամանակ հանրային բարիք ստեղծել: Ընդգծեց, որ ՀՀ եւ ՌԴ կառավարությունների, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, տեղական իշխանությունների, դպրոցների տնօրենների եւ ծնողների համատեղ ջանքերի արդյունքում վերանորոգվել են դպրոցական ճաշարանները եւ վերազինվել ժամանակակից սարքավորումներով, վերապատրաստվել են խոհարարները: Չնայած արձանագրված հաջողություններին, ըստ նախարարի, դպրոցների մեծ մասի համար դեռեւս անհրաժեշտ է իրականացնել խոհանոցների եւ ճաշարանների հիմնանորոգում, համապատասխան գույքի ձեռք բերում, իսկ որոշ դպրոցներում՝ ինժեներական կոմունիկացիաների ստեղծում:
Նախարարի բերած մի շարք տվյալներ ինքնին խոսում են ծրագրի ընդգրկուն լինելու մասին. վերջին տասը տարվա ընթացքում օրական ավելի քան 100 հազար երեխաներ ապահովվել են սննդով՝ կառավարության եւ գործընկերների ջանքերով, ներդրումներ են իրականացվել համայնքների տնտեսական միջավայրի եւ առողջ ապրելակերպի գաղափարների զարգացման գործընթացներում, ստեղծվել են 16 դպրոցահեն ջերմոցներ, 15 դպրոցական այգիներ, 86 դպրոցներ հագեցվել են արեւային էներգիայի մարտկոցներով, 816 դպրոցների ճաշարաններ հագեցվել են սարքավորումներով, 512 դպրոցների ճաշարաններում վերանորոգման անհրաժեշտ աշխատանքներ են արվել։ Սրանք էական արդյունքներ են, որոնց վրա հնարավոր է դարձել կառուցել հետագա քայլերը: Վերջում նախարարը վերահաստատեց՝ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է հանձնառությունը շարունակելու եւ զարգացնելու «Ազգային դպրոցական սնունդ» ծրագիրը՝ ի շահ երեխաների զարգացման եւ որակյալ կրթության ապահովման։
Խոսք ասաց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշեւիչը: Ըստ նրա՝ 2020 թ. ծրագիրը նշել է իր տասնամյակը՝ խորհրդանշելով Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի եւ գործընկերների միջեւ հաջող ռազմավարական համագործակցությունը։ Ծրագիրն ուղղված է ՀՀ մարզերում դպրոցականների համար բալանսավորված սննդի ապահովմանը, ինչպես նաեւ հասանելի եւ կայուն դպրոցական սննդի ազգային ծրագրի ստեղծմանը։
Ծրագրի կարեւորության, համագործակցության շարունակականության ապահովման՝ ՌԴ կառավարության հանձնառության մասին խոսեց ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, իսկ ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի նախագահ Վլադիմիր Չերնիգովն իր ողջույնը մասնակիցներին հղեց տեսաուղերձով:
Միջոցառման ընթացքում ներկաները մասնակցեցին շեֆ-խոհարար Յուրի Սարգսյանի վարպետության դասին, վայելեցին Լոռու մարզի Վանաձորի թիվ 27 եւ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի թիվ 2 դպրոցի աշակերտների կատարմամբ ներկայացումները, համտեսեցին «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ճաշացանկում եղած ճաշատեսակից, ծանոթացան Գանձակ գյուղի թիվ 2 դպրոցի՝ կանանց հզորացմանն ուղղված հաջողության փորձին ու պատմությանը: Ներկաները շրջեցին նաեւ ծրագրի շրջանակներում հիմնված ջերմոցներում:
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Լոռի