Դուշանբեն հայտարարել է, որ Պեկինն իրեն 8.5 մլն դոլար կտրամադրի Աֆղանստանի սահմանի մոտ ռազմաբազայի շինարարության համար: Այնտեղ չինացի զինվորներ չեն լինի: Հոնկոնգի մեկնաբաններն այդ որոշումը կապում են երկու գործոնի հետ: Առաջին՝ ՉԺՀ-ում զգուշանում են, որ հանկարծ վատ պաշտպանվող տաջիկա-աֆղանական սահմանով գրոհային ույգուրները չներթափանցեն Սինցզյան: Երկրորդ՝ Պեկինը ցանկանում է պայմաններ ապահովել Նոր Մետաքսի ճանապարհի իրականացման համար: Այն, որ Չինաստանը Տաջիկստանի համար դարձել է ապրանքների մատակարար ու հիմնական ներդրող, անկասկած է: Սակայն երկրի ռազմական գլխավոր պաշտպանը շարունակում է մնալ Ռուսաստանի Դաշնությունը, ինչպես նաեւ մագնիս է այդ երկրի աշխատանքային միգրանտների համար:
Ինչպես նշում է «South China Morning Post»-ը, ռազմաբազայի շինարարության ֆինանսավորման մասին հաղորդումը եւս մեկ վկայություն է, որ Կենտրոնական Ասիայում Պեկինի ներկայությունը շարունակում է աճել:
Ինչ վերաբերում է Տաջիկստանին, այստեղ հարկ է ի գիտություն ընդունել երկու պահ: Այդ տարածաշրջանում նախկին խորհրդային հանրապետություններից ամենաաղքատն Աֆղանստանի հետ ունի 1357 կմ երկարությամբ սահման, իսկ Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի հետ Չինաստանը՝ 447 կմ երկարությամբ, որի մեծ մասն անցնում է սարերով: Միանգամայն պարզ է, թե ինչու է Պեկինն անհանգստանում, որ ծայրահեղական խմբավորումները, որոնք գործում են Աֆղանստանում ու Սիրիայում, այդ թվում՝ ույղուրական գրոհայինները, կարող են օգտագործել Տաջիկստանի տարածքը՝ Չինաստան ներթափանցելու համար:
Աֆղանստանից ԱՄՆ-ի քաոսային կերպով հեռանալուց հետո ավելի քան 1000 աֆղան զինվորականներ փախան Տաջիկստան: Արտասահմանյան վերլուծաբաններն ասում են, որ Չինաստանի համար հիմնական հետաքրքրությունը Կենտրոնական Ասիայում իր սահմանների անվտանգությունն է, եւ նա կարող է լուծել այդ խնդիրը՝ ավելացնելով սեփական ազդեցությունը տարածաշրջանում: 2018 թ. Չինաստանի ներդրումները Տաջիկստանում կազմել են երկրում արտասահմանյան ուղղակի ներդրումների 37 տոկոսը:
Երկու երկրներն էլ կոշտ մոտեցում են ցուցաբերում նրանց նկատմամբ, ովքեր դավանում են արմատական իսլամի գաղափարներ: Չինաստանը Սինցզյանում արդեն մեկ տասնամյակ պայքար է մղում ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ: Արեւմտյան երկրները մեղադրում էին Չինաստանին մարդու իրավունքների ոտնահարման, այդ թվում՝ ույղուրներին ճամբարներում բանտարկելու եւ հարկադիր աշխատանքում օգտագործելու մեջ։
Միաժամանակ Պեկինը փորձել է ճնշել Սինցզյանում անջատողական շարժումը՝ դիմելով դիվանագիտական միջոցների։ 2016 թ. Չինաստանը, Պակիստանը, Աֆղանստանը եւ Տաջիկստանը ձեւավորել են հակաահաբեկչական մեխանիզմ։ Նախատեսվում էր, որ մասնակիցները կփոխանակեն հետախուզական տեղեկություններ եւ կանցկացնեն համատեղ զորավարժություններ։ Սակայն թալիբների կողմից իշխանության զավթումից հետո այս մեխանիզմի ճակատագիրն անորոշ է մնում։
Թայվանի Ազգային պաշտպանության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Շի Չենյույն ասում է, որ 2016 թվականից հետո ստացվել է այսպիսի տեղեկատվություն՝ չինական զորամասերը դեռ Տաջիկստանի ռազմաբազայում են՝ աֆղանական սահմանի հարեւանությամբ: Այլ տեղեկություններով՝ դրանք ոչ թե կանոնավոր ստորաբաժանումներ են, այլ ազգային զինված ոստիկանության ջոկատներ, այսինքն՝ կիսառազմական կազմավորումներ։
Ամերիկյան վերլուծական կենտրոնները եւ լրատվամիջոցները պարբերաբար նյութեր են հրապարակում այն մասին, թե ինչպես է Չինաստանը դուրս մղում Ռուսաստանին նրա ավանդական ազդեցության գոտուց՝ Կենտրոնական Ասիայից: Այդ հաղորդումներից մեկում ասվում է, որ չինական գաղտնի ռազմաբազա է ստեղծվել Տաջիկստանի Շայմակ տեղամասում՝ Աֆղանստանի լեռնային սահմաններից ոչ հեռու։ Դա ցույց է տալիս, որ Չինաստանը չի սահմանափակվում իր տնտեսական ազդեցության աճով, այլ աստիճանաբար մեծացնում է իր դերն անվտանգության ոլորտում։
«Նեզավիսիմայա գազետային» տված հարցազրույցում տնտեսագիտության բարձրագույն դպրոցի ավագ գիտաշխատող Վասիլի Կաշինը նշել է. «Չինացի զինվորականները պարբերաբար ներկա են եղել Տաջիկստանի տարածքում։ 2016 թ. Աֆղանստանի նախկին կառավարության կողմից Տաջիկստանի հետ ահաբեկչության դեմ պայքարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո չինացիները պարբերաբար մտնում էին հարեւան երկրների տարածք, որտեղ դիրքեր ունեին։ Ոչ մի դեպքում, սակայն, այդ պարեկությունը չի հանգեցրել շարունակական ռազմական ներկայության: Միեւնույն ժամանակ գոյություն ուներ ռազմաբազաների կառուցման չինական ֆինանսավորման պրակտիկան։ Այսինքն՝ Պեկինն այս հարցում օգնել է հարեւան պետություններին, որպեսզի նրանք կարողանան ապահովել անվտանգությունը»։
Փորձագետի խոսքերով՝ համաձայնագիրը շարունակում է գործել, իսկ չինացիները կարող են մտնել Տաջիկստանի տարածք: «Բայց ես կարծում եմ, որ խոսքը մշտական նկատելի ներկայության մասին չէ։ Իհարկե, չի կարելի բացառել, որ կարող են լինել հրահանգիչներ կամ հետախուզության աշխատակիցներ, որոնք պատասխանատու են համակարգման համար,- ենթադրում է Կաշինը։- Ռուսաստանի համար որոշ հատվածներում չինական պարեկները լուրջ խնդիրներ չեն ներկայացնում։ Ռուսաստանը չէ, որ պետք է դիրքեր տեղակայի ու զբաղվի չինական հողի պաշտպանությամբ: ՌԴ-ն Տաջիկստանում ռազմաբազա ունի՝ մինչեւ 10 հազար մարդ թվաքանակով։ Բացի այդ, չպետք է մոռանալ, որ Ռուսաստանը, Չինաստանը եւ Տաջիկստանը համակարգում են իրենց զինվորականների գործողությունները Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում»։