Իրանի միջուկային ծրագրերի շուրջ երկու տարի բավական դժվար ընթացող եւ ընդհատվելու վտանգներով լի բանակցություններից հետո, ի վերջո, 2015 թ. հուլիսի 14-ին Վիեննայում ստորագրվեց Իրան-5+1 (ՄԱԿ-ի 5 մշտական անդամները` Ռուսաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Չինաստան, եւ Գերմանիան) համաձայնագիրը (Joint Comprehensive Plan of Action, JCPOA), որն ուժի մեջ մնաց փաստորեն շուրջ մեկ տարի: 2018 թ. մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրականացրեց իր նախընտրական խոստումը JCPOA-ից դուրս գալու առնչությամբ, որը գնահատել էր որպես «վատթարագույն» համաձայնություն:
Հաստատված համաձայնության գլխավոր կողմերը Թեհրանն ու Վաշինգտոնն էին, ուստի մեկի հեռանալով գործնականում համաձայնությունը կորցրեց ուժը, թեեւ եվրոպական կողմը երկու նախագիծ մշակեց՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի կիրարկված սահմանափակումները շրջանցելու եւ JCPOA-ը Իրան-4+1 ձեւաչափով փրկելու համար, բայց ապարդյուն։ Ստեղծված իրավիճակում Իրանը եւս որոշեց յուրաքանչյուր 6 ամիսը մեկ նահանջի քայլ կատարել համաձայնությամբ ստանձնած պարտավորություններից, ինչի արդյունքում վերսկսեց ուրանի հարստացման գործընթացը։ Եվ 2021 թ. հոկտեմբերի դրությամբ Իրանը տնօրինում է 25 կգ 60 տոկոսով եւ 120 կգ 20 տոկոսով հարստացած ուրան, մինչդեռ JCPOA-ի շրջանակներում Թեհրանը իրավասու էր միայն հարստացնել 3,67 տոկոսանոց ոչ մեծ քանակի ուրան: Մյուս կողմից՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, դեռեւս նախընտրական քարոզարշավի ընթացքում, հայտարարել էր, թե Վաշինգտոնը վերադառնալու է համաձայնությանը։ Սակայն ընթացիկ տարվա փետրվարի 23-ին Իրանը կյանքի կոչեց 2020 թ. դեկտեմբերին խորհրդարանի հաստատած օրենքը, որի համաձայն՝ այդ երկիրը սառեցնելու է 2003 թ. ստորագրած NPT (միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր) համաձայնությունը, որի շրջանակներում կամավոր հիմունքներով 2015 թ. համաձայնել էր թույլ տալ, որ ՄԱԳԱԹԷ-ի տեսուչներն առանց նախազգուշացնելու ցանկացած ժամանակ ժամանեն Իրան եւ ստուգեն այդ երկրի միջուկային օբյեկտները: Թեհրանը նման ստուգումներին համաձայնել էր JCPOA-ի շրջանակներում։ Նշյալ օրենքը կողմերի համար լուրջ բարդություններ է առաջացրել վերադառնալու համաձայնությանը, ինչի մասին տարբեր առիթներով մատնանշում էր Իրանի նախկին նախագահ Հասան Ռոհանին։
Այսուհանդերձ, Բայդենը համաձայնությանը վերադառնալը դարձրել է օրակարգային։ Վերլուծաբանները շեշտում են, թե կառավարության կազմում 2015 թ. ԱՄՆ բանակցող թիմի մեջ ընդգրկված գործիչների ներգրավումը Բայդենի` համաձայնությանը վերադառնալու հաստատակամության մասին է վկայում։ Եվ, ահա, 2021 թ. ապրիլի սկզբին Վիեննայում տեղի ունեցան ԱՄՆ-ի` JCPOA-ին վերադառնալու շուրջ Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունները՝ Իրան- 4+1-ի ձեւաչափով։ Հունիսի 12-20-ը տեղի ունեցավ բանակցությունների 6-րդ փուլը, որից հետո նշվեց, թե դրանց ընթացքում լուրջ ձեռքբերումներ են արձանագրվել, սակայն դեռեւս խնդիրներ կան, որոնց շուրջ պետք է բանակցել։ Բանակցող բոլոր կողմերը ջանքեր էին գործադրում, որպեսզի համաձայնության գան մինչեւ Իրանի նախագահական ընտրությունները, բայց չհաջողվեց։ Հունիսի 18-ի ընտրություններին նախագահ ընտրվեց պահպանողական Մոհամեդ Ռաիսին, ով պաշտոնապես նախագահի պարտականություններն ստանձնել է օգոստոսի 3-ին։ Այնուհետեւ, բանակցությունները շուտափույթ վերսկսելու Արեւմուտքի եւ Ռուսաստանի հորդորներին ի պատասխան, Թեհրանը հայտարարում էր, թե նոր կառավարությունն ուսումնասիրում է տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, բացի այդ, պետք է նաեւ որոշում ընդունի բանակցող թիմի ձեւավորման մասին։ Միաժամանակ, Թեհրանը շեշտում էր, որ եթե ԱՄՆ-ը վերադարձի ցանկություն ունենա, ապա նախագահ Բայդենը կարող է դա անել պատժամիջոցները դադարեցներով։
Արեւուտքը, մասնավորապես` ԱՄՆ-ը, Իրանին սպառնաց, թե անվերջ բաց չեն լինելու բանակցությունների պատուհանները։ Ի վերջո, Իրանը հայտնեց, որ բանակցող թիմը գլխավորելու է ԱԳ փոխնախարար Ալի Բաղերի Քյանին, ով Ահմադինեժադի նախագահության օրոք Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սաաիդ Ջալալի հետ նշյալ բանակցություններին մասնակցել է ավագ բանակցողի կարգավիճակով։ Նրա, որպես նախապատրաստական քայլ, հարցի շուրջ Ռուսաստանի ԱԳ նախարարի, Բրյուսելում Եվրամիության արտաքին հարցերի հաձնակատարի, ապա Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարների, իսկ վերջիններս էլ իրենց հերթին Վաշինգտոնի հետ բանակցելուց հետո, հայտարարվել է, թե բանակցությունները վերսկսվելու են Վիեննայում, նոյեմբերի 29-ին։ Սակայն նոյեմբերի 8-ին Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Խաթիբզադեն իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսին բանակցությունների առնչությամբ ներկայացրել է իրանական կողմի նախապայմանները. ա) ԱՄՆ-ը պետք է ընդունի, որ ստեղծված իրավիճակի համար այդ երկիրն է մեղավոր, բ) բոլոր պատժամիջոցները պետք է միաժամանակ վերացվեն, գ) Վաշինգտոնը պետք է երաշխավորի, որ հաջորդ որեւէ կառավարություն ծաղրի չի ենթարկի միջազգային պայմանագիրը, եւ չի կրկնվի ստեղծված իրավիճակը։ Սա այն դեպքում, երբ Թրամփի կառավարությունն իր իշխանության վերջին օրերին սահմանել է այնպիսի պատժամիջոցներ, որոնց չեղարկումը խիստ դժվար է լինելու։ Մյուս կողմից՝ որպեսզի համաձայնությունը երաշխավորված լինի, պետք է Կոնգրեսը հաստատի, իսկ դեմոկրատների վերջին պարտությունը նման հնարավորությունը հարցականի տակ է դնում։ Իսկ ԱՄՆ-ը շեշտել է, թե քանի դեռ Իրանը կրկին չի ստանձնել համաձայնությամբ ամրագրված իր պարտավորությունները, որեւէ սահմանափակում չի չեղարկվի։
Այլ կերպ ասած՝ կողմերն իրենց պահանջները ներկայացրել են առավել չափով, ինչը դժվարացնում է բանակցությունները։ Մանավանդ, եթե նշվածին հավելենք նաեւ, որ Թեհրանը պահանջում է բանակցություններն սկսել նոր ելման կետից՝ իր առաջ քաշած պայմաններով, իսկ 4+1-ը եւ մասնավորապես Եվրոպան ու ԱՄՆ-ը պնդում են, որ դրանք կվերսկսվեն հունիսի 20-ի դրությամբ։ Ահավասիկ, նոյեմբերի 9-ին Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նախարար Ժան Իվ Լե Դրիանը կրկին շեշտել է, թե բանակցությունները վերսկսվելու են ընդհատված տեղից։ Բացի այդ, պահանջվել է նաեւ Իրանի սերտ համագործակցությունը ՄԱԳԱԹԷ-ի հետ։ Այս հարցը կարեւորվում է նոյեմբերի 22-26-ը վերջինիս տնօրենների խորհրդի նիստով, որտեղ Իրանի դեմ որոշում ընդունելը փորձագետները չեն բացառել։
Մի խոսքով՝ վերսկսվող բանակցությունների ճանապարհին խոչընդոտների պակաս չի զգացվի, ընդհուպ կարող են լինել նաեւ ընդհատումներ։ Սակայն վերջնական արդյունքը խիստ անհրաժեշտ է երկու կողմին էլ, ուստի դրական ելքի հավանականությունը եւս մեծ է։