Իրադարձությունները, որոնք կատարվում են Թուրքիայի անմիջական ղեկավարությամբ եւ թյուրքալեզու պետությունների մասնակցությամբ, փաստում են, որ թուրքերը շարունակում են հավատալ սեփական պանթյուրքական քաղաքականության իրականացման հնարավորությանը: Մինչ «զոհաբերվելիք» ժողովուրդներն ու պետությունները շարունակում են քամահրանքով վերաբերվել թուրքերի ձգտումներին, նրանք առաջ են մղում իրենց գիծը՝ այդ ճանապարհին փորձելով որոշակիորեն ոգեւորել թյուրքալեզու ժողովուրդներին, նրանց կողքին, իբր, կանգնելով՝ ստանալ ամուր դաշնակցի կարգավիճակ, ստեղծել չպարտվողի, ավելի անկեղծ՝ այդպիսի միակ հովանավորի իմիջ: Եվ դա նրան առայժմ հաջողվում է. նոյեմբերի 12-ին Ստամբուլում անցկացված Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովը, որն այսուհետ կկրի նոր անուն՝ Թյուրքական պետությունների կազմակերպություն, ասվածի վառ վկայությունն է:
Նախ՝ խոսքը ոչ թե սոսկ անունը փոխելու, այլ իմաստային փոփոխության մասին է։ Խորհուրդը ենթադրում է խորհրդատվական գործունեություն, իսկ «կազմակերպություն» բառը՝ կոնկրետ նպատակներին հասնելու աշխատանք: Երկրորդ՝ «թյուրքալեզու պետություններ» տերմինի փոխարեն կիրառվում է «թյուրքական պետություններ» արտահայտությունը, որը կոնկրետացնում է ասոցիացիայի անդամների գոյաբանական դիրքավորումը:
Ստամբուլյան գագաթնաժողովում Էրդողանն այդ անվանափոխությունը բացատրել է նրանով, որ դա կթույլատրի ակտիվորեն ամրացնել կազմակերպությունը, հենց դրա համար էլ ընդունվել է «Թյուրքական աշխարհի տեսլականը մինչեւ 2040 թվականը» հռչակագիրը, որում նշված են նաեւ նրա նպատակները՝ առեւտրային խոչընդոտների չեզոքացումից մինչեւ մշակութային, երիտասարդական ու կրթական քաղաքականության ներդաշնակեցում, Չինաստանից Եվրոպա անդրմայրցամաքային նոր միջանցքների ստեղծումից ու ընդհանուր տեղեկատվական տարածությունից մինչեւ քաղաքական համերաշխության բարձրացում ու փոխադարձ աջակցություն կենսականորեն կարեւոր հարցերում, որոնք ազգային հետաքրքրություն են առաջացնում, ինչպես նաեւ տարածաշրջանային ու գլոբալ խնդիրներում: Եվ ամենակարեւորը՝ ընդհանուր թյուրքական ինքնության առաջմղում:
Ճիշտ է՝ հռչակագրում ընդհանուր ինքնության մասին խոսվում է որպես «մշակութային հարստության աղբյուրի», սակայն դրա իրական նպատակները հայտնի են: Առայժմ Անկարան փորձում է ստուգել պոտենցիալ «զոհերի» հնարավոր արձագանքները եւ հավանական նահանջի տեղ է թողնում: Բայց երբ համոզվի, որ կարող է քայլ առաջ կատարել, անպայման կանի դա՝ ստեղծելով «Թուրանի բանակ», որի մասին արդեն տեւական ժամանակ անթաքույց հրճվանքով են խոսում ինչպես Թուրքիայի, այնպես էլ թյուրքալեզու շատ երկրների պաշտոնական ներկայացուցիչները: «Զոհերն» իրենց «կարգավիճակի» մասին կիմանան միայն այդ փուլում, երբ Թուրքիային դիմակայման հնարավորությունները նվազեցված կամ պարզապես ոչնչացված կլինեն տարբեր միջոցներով:
Թուրքիան թյուրքական աշխարհով սկսել է լրջորեն զբաղվել Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո. արդեն 1992 թ. հրավիրվել է թյուրքալեզու պետությունների՝ Ադրբեջանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի եւ Թուրքմենստանի առաջին գագաթնաժողովը: Բոլորը, բացի վերջինից, այժմ Թյուրքալեզու պետությունների կազմակերպության անդամներ են, իսկ թուրքմեններն այնտեղ ներկա են որպես դիտորդ:
Ստամբուլում գագաթնաժողովից հետո հրավիրված մամուլի ասուլիսում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «թյուրքական երկրները հազարամյակների ընթացքում եղել են մշակույթի ու քաղաքակրթության կենտրոն: Վստահ եմ, որ այդպես էլ կշարունակվի: Արեւը կրկին «կծագի» Արեւելքից: Թյուրքական պետությունների կազմակերպությունը ոչ մեկի չպետք է անհանգստացնի: Ընդհակառակը, նրանք պետք է ձգտեն դառնալ պատմական ընդհանրության վրա հիմնված այդ ծագող կառույցի մասնիկը: Սա միջպետական կապերի զարգացման հարթակ է»:
Իսկ ում է հրավիրում Թուրքիան՝ դառնալու «ծագող» Արեւելքի մասնիկը: Դա հարց է, որն իրենց պետք է տան այն պետությունները, որոնց տարածքներին հավակնում է Թուրքիան պանթյուրքական իր տեսլականի իրականացման ճանապարհին: Իսկ միգուցե Ուկրաինայի՞ն, որն արդեն վաղուց ուզում է դիտորդ դառնալ այդ կազմակերպությունում, թե՞, այնուամենայնիվ, Ռուսաստանին, որտեղ բազմաթիվ թյուրքալեզու ժողովուրդներ են ապրում եւ որտեղ անհրաժեշտ է իրավական այնպիսի հիմքեր ստեղծել, որ ռուսաստանյան թյուրքալեզու ժողովուրդները կարողանան ազատորեն իրականացնել պանթյուրքական քաղաքականության պահանջները՝ առանց վախենալու հակահարվածներից…
Ռուսաստանը թյուրքական պետություն չէ, բայց թուրքերն այդ պետության կարեւոր մաս են կազմում: Սկսած թաթարներից եւ վերջացրած յակուտներով: Տասնյակ թյուրքական ժողովուրդներ Ռուսաստանում ապրում են իրենց պատմական հողերում, միլիոնավոր թուրքեր, սկսած ադրբեջանցիներից եւ վերջացրած ղրղզներով, ՌԴ-ի քաղաքացիներ են, շատերն էլ այնտեղ մեկնում են աշխատանք գտնելու հույսով:
Ինչպես ռուսական, այնպես էլ թուրքական աշխարհը դասվում է համաշխարհային առանցքային քաղաքակրթությունների շարքին, եւ հասկանալի է դեռ 100 տարի առաջ Օսմանյան խալիֆայություն ունեցող թուրքերի ցանկությունը՝ ամրացնելու իրենց ազդեցությունն աշխարհում՝ հենվելով հարազատ ժողովուրդների, իսկ ավելի ճիշտ՝ նրանց կյանքի ու ռեսուրսների վրա: ԽՍՀՄ-ի փլուզումը Թուրքիային յուրահատուկ հնարավորություն տվեց. ժողովուրդները, որոնք Ռուսական կայսրության կազմում էին, պատահաբար անկախ պետություններ դարձան: Այո, պատահաբար, քանի որ թուրքական հանրապետությունները չփլուզեցին Խորհրդային Միությունը, այլ, ըստ էության, դուրս շպրտվեցին այնտեղից:
Ուշադրություն ենք հրավիրում մի փաստի վրա. Թուրքիայի նախագահ Էրդողանը գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին է հանձնել թյուրքական աշխարհի բարձրագույն օրդեն:
«Հարգելի պրն նախագահ, իմ սիրելի եղբայր, հաղթական գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիեւ: Ձեր ղեկավարությամբ կարճ ժամանակում՝ ընդամենը 44 օրում Ղարաբաղի 30-ամյա օկուպացիային վերջ դրվեց: Այդ հաղթանակը կարեւոր է ոչ միայն մեր ադրբեջանցի եղբայրների, այլեւ ողջ թյուրքական աշխարհի համար… Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումն ամրացրեց թյուրքական աշխարհի միասնությունն ու համերաշխությունը»,- ասել է Էրդողանը: Ինչպես երեւում է, Թուրքիայի նախագահը բառեր չի խնայում՝ մյուս երկրներին ցույց տալու, թե ինչպիսին է լինելու իր վերաբերմունքը նրանց նկատմամբ հավատարմության դիմաց: Միեւնույն ժամանակ ակնհայտ ցուցադրվում է, որ առաջին հերթին պարգեւատրության արժանի են ռազմական հաջողությունները: Եվ սա՝ մի կազմակերպությունում, որը հռչակագիր է ընդունում մինչեւ 2040 թ. համար, խոսում թյուրքական ընդհանուր ինքնության մասին, բայց իրական նպատակները թաքցնելու համար դա անվանում «մշակութային հարստության աղբյուր»:
Ի պատասխան Էրդողանի ելույթի՝ արհեստածին պետության ղեկավար Ալիեւը հայտարարել է. «Թուրքիան վերջին տասնամյակներում հսկայական ճանապարհ է անցել, վերածվել համաշխարհային տերության: Թուրքիայի հզորությունը ճանաչվել է ողջ աշխարհում: Խոսքն ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական ու ռազմական բաղադրիչների մասին է: Աշխարհում չկա մի երկիր, որը չգիտակցի Թուրքիայի նշանակությունը: Զարգացման ճանապարհը, որին հետեւել է Թուրքիան Էրդողանի գլխավորությամբ, օրինակ կդառնա բոլորի համար: Մենք գիտակցում ենք, որ Թուրքիայում է տրոփում թյուրքական աշխարհի սիրտը: Դա մեզ բոլորիս լրացուցիչ ուժ ու վստահություն է հաղորդում… Իմ եղբայրն աշխարհին ցուցադրեց, որ Ադրբեջանը միայնակ չէ, եւ Թուրքիան մեզ միշտ կպաշտպանի»:
Այս երկխոսությունը մեջբերեցինք միայն այն պատճառով, որ ցուցադրենք, թե իրականում դեպի ուր է ընթանալու այս կազմակերպությունն իր հետագա գործունեության ընթացքում:
Թուրքիայի նախագահը չի բացառել Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծումը: Թուրքիայի խորհրդարանի նախագահը քննարկում է «ընդհանուր թյուրքական բանակի» ստեղծման հարցը. Ադրբեջանի նախագահի օգնականը նշում է կազմակերպության երկրների համագործակցությունը բոլոր ոլորտներում, «առաջին հերթին»՝ քաղաքական, իսկ գլխավոր քարտուղարը կարծում է, որ կազմակերպությունն ավելի է ուժեղացել «առաջին հերթին» ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակի շնորհիվ։
Այս պատերազմը ոչ միայն ամրապնդեց Անկարայի եւ Բաքվի դաշինքը, այլեւ բարձրացրեց Թուրքիայի հեղինակությունը այլ թյուրքական պետություններում։ Թեեւ, ըստ թուրքական պետական «Անատոլու» գործակալության հրապարակած հոդվածի հեղինակի զգուշավոր խոստովանության, «գաղտնիք չէ, որ ռազմական գործողությունների ընթացքում կազմակերպության անդամ մի շարք երկրների դիրքորոշումը, բացառությամբ Հունգարիայի եւ Թուրքիայի, բանավեճի ու քննարկման առարկա է եղել»:
Այնուհետեւ Ալիեւը կրկին խոսել է հնարովի եւ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին. «Զանգեզուրի միջանցքը» կմիավորի ողջ թյուրքական աշխարհը եւ մեզ համար Եվրոպայի հետ կապող օղակ կլինի»,- ընդգծել է հարեւան երկրի բռնապետը: Բայց գագաթնաժողովի օրակարգից հանվել է «Թյուրքական աշխարհի» ու Եվրոպայի միջեւ «Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցք» նախագծի քննարկումը: Ակնհայտ է, որ դրա պատճառը ձախողումն է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման հարցում: Էրդողանը հույս է հայտնել, որ Թյուրքական պետությունների կազմակերպությունն իր ներդրումը կունենա այսպես կոչված թուրքական Կիպրոսի շրջափակման վերացման գործում, որ շատ շուտով Հյուսիսային Կիպրոսը կդառնա կազմակերպության լիարժեք անդամ:
Հայաստանի Հանրապետությունը, որը սեպ է թուրքական՝ դեպի Կենտրոնական Ասիա ծավալման ճանապարհին, վտանգ է Թուրքիայի համար: Ադրբեջանը, որը փաստացի գոյություն չունի, այլ վերածվել է թուրքական վիլայեթի, ընդամենը միջոց էր թյուրքական գաղափարների իրականացման համար: Մինչ ադրբեջանցիները տարբեր ուղղություններում կշարունակեն զոհաբերվել դրանց կատարման համար, մենք պետք է մտածենք ուշքի գալու, վերջապես միասնական դառնալու եւ սեփական խոսքն ունենալու մասին: Խոսք, որը հենված կլինի սեփական հզորության գիտակցման, կամքի, ժողովրդի հանճարեղ մտքի իրացման ու դրա արդյունքում ստեղծած հզորագույն ռազմարդյունաբերական համալիրի նվաճումների վրա: Խոսք, որը կլինի թյուրքական ծավալապաշտության դեմ ճշգրիտ մշակված ռազմավարության արդյունք: Խոսք, որը կհաստատի այն ճշմարտությունը, որ այսուհետ հայկյան զարմը կպատժի հակահայկական ցանկացած քայլ ու երեւույթ:
Սկսել պետք է հիմա: Հիմա է պետք հասկանալ, որ առաջին հերթին ինքներս մեզ պետք է հավատանք: Ժամանակն այլընտրանք չի թողնում. հայ ժողովրդի համար միայն դա է խաղաղության այլընտրանքը: Չես հարգվի, եւ քեզ հետ հաշվի չեն նստի, եթե չես կարողանում կտրել քեզ հարվածող ձեռքը:
Անհրաժեշտ է նաեւ գիտակցել, որ ցեղասպան Թուրքիան այնքան է վախեցել, որ իր եւ Հայաստանի միջեւ Ադրբեջան է հորինել, որպեսզի հայոց ատելության սլաքը թեքի այլ ուղղությամբ: Ուրիշներին էլ կարող է ներքաշել: Բայց, միեւնույն է, հատուցելու է այն ամենի համար, ինչ արել է: Պատմական ընթացքի տրամաբանությունը ուրիշ ոչինչ չի հուշում: