Արեւմտյան Ասիայի երկու հարեւան գերտերություններ՝ Իրանը եւ Թուրքիան, թեեւ դիվանագիտական խոսույթով միմյանց բարեկամ ու երբայր են համարում, իրականում թե քաղաքական եւ թե տնտեսական ոլորտներում դարեր շարունակ մրցակիցներ եղել են ու են: Բացառությամբ Իրանում Փեհլեւիների հարստության հիմնադիր Ռեզա շահի օրոք, երբ երկու երկրների փոխհարաբերություններում կարճատեւ «մեղրամիս» էր, կողմերի միջեւ ստորագրվեց բարեկամության պայմանագիր, եւ այդ երկրների միջեւ առաջին անգամ հաստատվեցին դիվանագիտական կապեր։
Ռեզա շահը ծնողազուրկ, ծանր մանկություն է ունեցել, դպրոց չի հաճախել, 14 տարեկանից դարձել է զինվորական, հետագայում ձգտել է կարդալ-գրել սովորել, ունեցել է բնածին կազմակերպչական ձիրք ու տաղանդ։ Նա խիստ համակրել է Թուրքիայի առաջնորդ ազգայնական, աշխարհիկ, սալոնիկցի կրթված ու խորամանկ Աթաթուրքին։ Վերջինս, օգտվելով Ռեզա շահի վերաբերմունքից, Իրանին պարտադրել է համաթյուրքական նկրտումներին նպաստող տարածքների փոխանակման մի պայմանագիր, որը լուրջ հարված էր Իրանի աշխարհառազմավարական դիրքին։ Գործընթացի մասնակիցներ գեներալ Հասան Արֆան եւ հայտնի քաղաքական գործիչ Հոսեյն Մաքին, որոնք դեմ են եղել գործարքին, այն գնահատել են որպես «հող հայրենիի նվիրաբերում»։ Քայլ, ինչի խիստ բացասական հետեւանքներն ակնհայտ են մերօրյա մրցակցության պայմաններում։
Փաստերը վկայում են, որ Իրան-Թուրքիա փոխհարաբերությունները, որոնց շահերը հաճախ եղել են հակադիր, մասնավորապես վերջին տասնամյակում ընթացել են լուրջ ելեւէջներով, իսկ լարվածությունները եղել են ավելի ծանրակշիռ։ Այդուհանդերձ, որոշ գործոններ կողմերի միջեւ համագործակցությունն անհրաժեշտ են դարձնում, այդ թվում՝ տնտեսական փոխառնչությունները եւ երկու երկրների աշխարհաքաղաքական դիրքը. Իրանը Թուրքիայի համար տարանցիկ ճանապարհ է դեպի Պարսից ծոց ու Հնդկական օվկիանոս, իսկ Թուրքիան՝ Իրանի համար ցամաքային ճանապարհ՝ դեպի Եվրոպա։ Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, որպես դեպի Եվրոպա վստահելի տարանցիկ ուղի, Իրանը դիտել է Հայաստանի տարածքով անցնող «Հյուսիս-հարավ» մայրուղին, ինչը չափազանց կարեւոր է համարում եւ, ըստ երեւույթին, հանուն դրա ջանքեր չի խնայելու։ Մանավանդ որ այն կարգելակի կյանքի կոչել նաեւ Անկարայի համաթյուրքական երազանքների իրականացումը, որը կմեկուսացնի Իրանին, ինչի մասին երազում է Էրդողանը, ինչի իրականացումը կապում է չարաբաստիկ «Զանգեզուրի միջանցքի» հետ։ Վերջինս այս մասին մեծ ոգեւորությամբ խոսել է նոյեմբերի 12-ին Ստամբուլում տեղի ունեցած Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի հերթական գագաթնաժողովում՝ միաժամանակ այն վերանվանելով Թուրքական պետությունների կազմակերպություն։ Նա Կենտրոնական Ասիայի ու մերձկասպյան երկրների զարգացումը շաղկապել է հենց այդ «միջանցքով»։ Միաժամանակ Ալիեւի վզին է կախել«Թուրքի գերագույն նշանը», ինչը վերջինս, պարտավորեցնող համարելով, Թուրքիային անվանել է «թուրքական աշխարհի սիրտ» ու միջազգային գերտերություն։ Բացառված չէ նաեւ, որ հենց այդ ոգեւորությունն է նրան մղել Հայաստանի տարածքում ավելի առաջ գնալու արկածախնդրությանը։
Թեհրանն ու Անկարան իրենց ազդեցությունն արաբական ու իսլամական աշխարհում տարածելու նպատակով ջանք չեն խնայում։ Թեեւ հայտարարում են, թե ձգտում են համագործակցել տարբեր երկրներում կայունություն հաստատելու ոլորտում, սակայն տվյալ երկրներում նրանց տեսակետները գլխավորապես հակասական են: Դրա վառ օրինակն է Սիրիայի հիմնահարցը, որտեղ թեեւ համագործակցում են, սակայն բազմիցս արձանագրվել է տեսակետների հակասություն, այդ թվում՝ Թեհրանն առաջիններից էր, որ դեմ արտահայտվեց եւ քննադատեց Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս։ Երկու երկրների միջեւ տարաձայնությունները վերջին երկու տարվա ընթացքում գլխավորապես պայմանավորված են թուրք-ադրբեջանական միացյալ պետության՝ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի արդյունքներով։ Առաջին լարվածությունն արձանագրվեց 2020 թ. դեկտեմբերին, երբ Էրդողանը, արբեցած պատերազմում ձեռք բերած հաջողությամբ, Իրանի թրքախոս հատվածների նկատմամբ տարածքային հավակնություններ ներկայացրեց ժողովրդական բանահյուսությամբ, ինչն արժանացավ Իրանի խիստ հակազդեցությանը։ Հանգամանք, ինչի պատճառով Անկարան հարկադրված բացատրություն ներկայացրեց՝ անուղղակի ներողություն հայցելով Թեհրանից:
Իսկ ընթացիկ տարում «եռաեղբայրության»՝ Թուրքիայի, Ադրբեջանի ու Պակիստանի համատեղ զորավարժություները մերձկասպյան շրջանում եւ գրավյալ տարածքներում, ինչպեսեւ Գորիս-Ղափան ճանապարհի Որոտանի հատվածում իրանցի վարորդներից Բաքվի մաքսատուրք պահանջելը եւ նրանցից երկուսին ձերբակալելը եղան Թեհրանի համբերության բաժակի լցվելու վերջին կաթիլները։ Իրանը, ի պատասխան տեղի ունեցածի, վերաբերմունք դրսեւորեց լուրջ զորավարժությամբ՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։ Թեեւ դա գնահատվեց որպես Թեհրան-Բաքու փոխհարաբերությունների լարվածություն, սակայն ակնհայտ է, որ վիլայեթի կարգավիճակ ունեցող Ադրբեջանն այդ քայլին չէր գնա առանց կենտրոնի հրահանգի։ Ինչպես ենթադրվում էր, հարցը կարգավորվեց. Ալիեւն ազատ արձակեց վարորդներին, լարվածությունը թուլացավ։ Մինչդեռ լարվածության խորքային պատճառն Իրանի մտահոգությունն էր չարաբաստիկ «Զանգեզուրի միջանցքի» առնչությամբ։
Դրան հաջորդեց Թուրքիայի ՆԳ նախարարի այցն Իրան (հոկտեմբերի 20-ին), իսկ հոկտեմբերի 22-ին Էրդողանը հայտարարեց, թե Իրանը չէր գնա Ադրբեջանի հետ առճակատման, քանի որ նրա թիկունքին Իսրայելն է, եւ Իրանում էլ կան մեծ թվով ադրբեջանցիներ։ Բնականաբար, դա կրկին զայրացրեց իրանցիներին, եւ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Շամխանին, ի պատասխան, շեշտեց. «Թող թուրքերն Իսրայելի ուժերը չգերագնահատեն, իսկ ազգությունների մասով թող մտահոգվեն նրանք, ովքեր փոքրամասնությունների հետ վերաբերվում են ձեռքին շիկացած խարանիչով»։ Բայց եւ այնպես, ինչպես նշվեց, բոլոր դեպքերում կողմերը հակված են նաեւ համագործակցության՝ մասնավորապես տնտեսական ոլորտում, քանի որ Թուրքիան այսօր բավական ծանր վիճակում է հայտնվել, իսկ Իրանը լուրջ շուկա է։ Մյուս կողմից էլ ԱՄՆ սահմանափակումների պատճառով Իրանն է դժվարին կացության մեջ հայտնվել, սակայն եթե Իրանի միջուկային հարցերի շուրջ Իրան-5+1-ի բանակցություններն ավարտվեն դրական ելքով, ապա դրա մանեւրելու հնարավորությունները կմեծանան։
Եվ ահա նոյեմբերի 7-ին տեղի է ունեցել Ամիր Աբդոլահիան-Չավուշօղլու հեռախոսազրույց: Կողմերը խոսել են փոխհարաբերությունների ընդլայնման եւ բարեկամության մասին։ Ավելին՝ նոյեմբերի 15-ին Չավուշօղլուն Թեհրանում իր պաշտոնակցի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում, արտասանելով իրանցի անվանի բանաստեղծ Սոհրաբ Սեփեհրիի հայտնի «Որտե՞ղ է բարեկամի տունը» բանաստեղծությունը, հայտարարել է, թե ինքը միշտ էլ Թեհրանն է տեսնում որպես բարեկամի տուն։ Հատկանշական է նաեւ, որ Թեհրանում կողմերը համաձայնել են երկարաժամկետ համագործակցության «ճանապարհային քարտեզի» շուրջ, որը պետք է ստորագրվի առաջիկայում երկու երկրների համագործակցության գերագույն խորհրդի 7-րդ նիստի շրջանակներում, երբ Էրդողանը կժամանի Թեհրան։ Չավուշօղլուի այցի ընթացքում քննարկվել է նաեւ 3+3-ի ձեւաչափով համագործակցության հարցը։ Այս առնչությամբ իրանցի թուրքագետ Ղաեմաղամին նշել է, թե դա նախկինում Իրանի առաջարկած ձեւաչափն է, որ այժմ շրջանառության մեջ են դրել Պուտինը, Էրդողանը եւ Ալիեւը։ Նա «միջանցքի» առնչությամբ շեշտել է, թե այն Թուրքիա, Իսրայել եւ Ադրբեջան եռյակի նախագիծն է՝ Իրանին խաղից դուրս թողնելու նպատակով, սակայն Իրանը դա թույլ չի տա։ Նա Չավուշօղլուի եւ առաջիկայում Էրդողանի այցի մասին ընդգծել է, թե քանի դեռ Թուրքիան այդ խաղն է առաջ տանում, դիվանագիտական փոխայցելությունները հարց չեն լուծելու։