«…Խաչատուր Աբովյանի հանդեպ անթառամ պաշտամունք ուներ, երբ խոսում էր նրա մասին, հոգեզմայլման մեջ էր ընկնում: Մի անգամ էր տեսել նրան, Աշտարակում, երբ ինը տարեկան էր ինքը:
Մինչեւ իր կյանքի վերջը Պռոշյանը մնաց այդ հանդիպման միստիկ տպավորության տակ: Իր մտածումների առանցքն էին կազմում գյուղացու ցավերը, մեր մշակույթի պահպանումը եւ զարգացումը, մեր լեզվի անաղարտության հարցերը, մեր գրականության խնդիրները: Ամբողջական մարդ էր՝ կայուն սկզբունքների տեր: Խոսքը պատկերավոր էր, ժողովրդական վեճերով, դարձվածքներով, առածներով հարուստ: Ինձ թվում էր, թե հողի ուժով լցված ժողովուրդն է խոսում իր դարավոր աշխարհազգացությամբ, կենսահայեցողությամբ…»:
Ավետիք ԻՍԱՀԱԿՅԱՆ
Ամեն անգամ մեր մեծերի կենսագրության առնչվելիս, զարմանալի մի օրինաչափությամբ ես տպավորվում՝ նրանց գերակշռող մասը լուսաշխարհ են եկել ռանչպար մարդու, արհեստավորի կամ սովորական շինականի հարկի տակ: Ասել է թե` հողոտ-մղեղոտ է եղել նրանց բարուրը, եւ դեռ էն գլխից նրանց հոգիները չեն շփացել անհոգության-ճոխության ծնծղաներով:
Ապագա գրողի հայր Ստեփան Տեր-Առաքելյան-Պռոշյանցը լինելով դերձակ, խորապես կարեւորում էր կրթության դերը իր զավակների կյանքում: Դա էր պատճառը, որ Էջմիածնից հրավիրել էր Շապուհ Շահնազարյանցին՝ Աշտարակում դպրոց բացելու նպատակով: Բայց մինչ այդ, գրել-կարդալը հենց ինքը՝ դերձակն էր սովորեցրել իր Պռոշ որդուն: Այնուհետեւ՝ տեղի ծխական դպրոց, մի կարճ ժամանակ էլ՝ Երեւանի արքունական կրթարան: Իսկ ազգային-դեմոկրատական հայացքների ձեւավորմանը էապես նպաստելու էր ուսումնառությունը Թիֆլիսի հանրահայտ Ներսիսյան դպրոցում եւ արքունական գիմնազիայում: Եվ վերադարձ ծննդավայր՝ տեսուչ ծխական դպրոցում, գավառական գործակալի քարտուղարի պաշտոն, ինչը հնարավորություն էր ընձեռելու խորքից ճանաչել գյուղն ու գյուղացուն, նրանց ապրած չարքաշ կյանքը:
Սակայն երկու տարի անց Պռոշյանը կրկին վրաց մայրաքաղաքում է, Ներսիսյան դպրոցում՝ որպես նախապատրաստականի ուսուցիչ: Անժխտելի են նրա ջանքերը Թիֆլիսում հայ պրոֆեսիոնալ թատրոնի ստեղծման, իգական դպրոցների հիմնադրման գործում, մանկավարժական առաքելությունը Շուշիում, Ագուլիսում, Աստրախանում, Հայաստանի տարբեր բնակավայրերում: 1879 թ. գրողն հրավիրվում է Էջմիածին, նշանակվում Երեւանի թեմի եւ Կարսի վիճակի հոգեւոր դպրոցների տեսուչ: Այդ տարիներին մի ավետարանի՝ աշխարհաբարի վերածելու համար Գեւորգ Դ Կոստանդնապոլսեցի կաթողիկոսը նրան շնորհում է աստվածաբանության մագիստրոսի կոչում: Սակայն այլ էր նրա կոչումն ի ծնե՝ գրող: Իսկ ով էր նրա մտքի խթանիչը այդ ճանապարհին: Լսենք իրեն՝ վիպասանին. «Միակ անձնավորությունը, որ անմիջական ազդիչ մասնակցություն ունի իմ ամբողջ գրական աշխատասիրությանց մեջ, սկսած վաթսուն թվի հունվարից լույս տեսած «Սոս եւ Վարդիթեր» անդրանիկ վիպասանությունից մինչեւ վերջին գրական երգս՝ եղել է, լինում է եւ լինելու է անմահ Խաչատուր Աբովյանցը: Նրա «Վերք Հայաստանին» մտավոր խթան է հանդիսացել ինձ համար, նրա շկոլային եմ անձնահոժար ենթարկել ինձ…»:
Հայ գրականության մնայուն արժեքներից է Պռոշյանի «Հացի խնդիր» վեպը, որը մեր օրերում էլ հաճախ է հայտնվում հայ թատրոնի բեմերում: Ինչպես այս, այնպես էլ «Ցեցեր», «Հունոն» վեպերում, «Օրը կիրակի է, երազը՝ սուտ», «Գյուղական խանութպան», «Բուլի-բուլի», «Տան Բարբարեի վերջին առակը», «Վարդի յուղը՝ մահադեղ» եւ այլ պատմվածքներում գրողը հետռեֆորմյան հայ գյուղի բարքերի ու պատկերների ռեալիստ նկարագրողն է, խղճի «արդար դատարանի» հավատավորը:
Վիպասանի գրական վաստակի արժեքավոր էջերից է «Հուշիկները», որտեղ մանկության ու պատանեկության տարիների ինքնակենսագրական պատումները ներհյուսվել են 19-րդ դարի 40-50-ական թթ. ազգային մտավորականության գաղափարական որոնումների, դեպքերի ու դեմքերի հավաստի նկարագրություններով: Նա նաեւ թարգմանիչ էր՝ Չ. Դիքենսի «Դավիթ Կոպերֆիլդ», Լ. Տոլստոյի «Մանկություն եւ պատանեկություն», այլ գրողների շատ ստեղծագործությունների հայացման համար նրան ենք պարտական:
Հավանաբար քչերն են տեղյակ այն իրողությանը, որ Պերճ Պռոշյանը գրող լինելուց զատ, նաեւ պրոֆեսիոնալ լուսանկարիչ էր՝ նա է եղել Արեւելյան Հայաստանի այս գործին լավագույնս տիրապետողներից մեկը: Պատմում են, որ նրան լուսանկարելու արվեստի այբուբենը սովորեցրել է թիֆլիսեցի մի հոգեւորական: Գրողը նույնիսկ լուսանկարչական սալոն է բացել՝ իր լուսանկարների վրա հպարտորեն դրոշմելով «Պերճ Աշտարակեցի» ապրանքանշանը: Ուժերն է փորձել նաեւ առեւտրի բնագավառում, մասնավորապես զբաղվել է ածխի վաճառքով՝ Երեւանի հայտնի Ղանթարի շուկայում ունեցել է իր խանութը: Սակայն այստեղ էլ նրա բախտը չի բերել՝ ասում են, որ մի գիշեր անհայտ չարագործները հրկիզել են վիպասանի առեւտրանոցը…
Այսպիսի բաներ:
Հավելենք հետաքրքիր մի փաստ եւս՝ Պռոշյանի կինը՝ Աննա Դոլգոյանը, մայրական կողմից եղել է անմահ Սայաթ-Նովայի ծոռնուհին՝ կիրթ ու բանիմաց մի հայուհի, ում մասին իր հուշերում գրողը ակնածանքով է արտահայտվել, որ եթե իր կյանքի ուղեկիցը չլիներ Աննան, ինքը չէր լինի այն, ինչ կար…
Մեր խոսքն ամփոփենք Դերենիկ Դեմիրճյանի գնահատանքի սեղմ խոսքով. «Երբեք չփոխվեց, մնաց միշտ նույն խանդավառ ծերունին, ուրիշների հաջողության համար վառված, մտահոգված. այդ լավությունն իրենից էր-ինքն էր լավը, ինքն էր ազնիվը…»: