Արաբական Միացյալ Էմիրությունների փաստացի կառավարիչ, թագաժառանգ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանի այցը Թուրքիա համընկել է այդ երկրի տնտեսության մեջ ճգնաժամի սրընթաց աճի հետ։ Լիրան արժեզրկվում է, ինչը վկայում է այն միջոցառումների անարդյունավետության մասին, որոնք ղեկավարությունը Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ ձեռնարկել է կայունության հաստատման նպատակով։ Իրավիճակը սրվում է հանրային դժգոհության աճով. ոստիկանությունն ստիպված պետք է խաղաղեցնի ցուցարարներին, իսկ նախագահի «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը պետք է պատասխանի խորհրդարանական ընդդիմության կոչերին՝ կապված ժամկետից շուտ համընդհանուր ընտրությունների անցկացման հետ:
Նոյեմբերի 24-ին լիրայի հերթական արժեզրկումը մթագնեց Պարսից ծոցի երկրների հետ հարաբերությունների վերականգնման աշխատանքներում թուրքական դիվանագիտության հաջողությունից առաջացած ուրախությունը։ Օրվա առաջին կեսին ազգային արժույթն ընկավ մինչեւ 13.15 լիրա՝ մեկ դոլարի դիմաց։ Նոյեմբերի 23-ին մեկ դոլարն արժեր 11.38 լիրա, չնայած այն բանին, որ անցյալ շաբաթ Կենտրոնական բանկը նվազեցրեց իր հիմնական փոխարժեքներից մեկը՝ որպես լիրայի եւ գնաճի կայունացման միջոց: Նման միջոցների կողմնակից է համարվում հենց ինքը՝ Էրդողանը, ով տոկոսադրույքներն անվանում է ժողովրդի դժբախտություն։ Կարգավորողի պաշտոնական դեմքերը փորձում են երկրի ղեկավարությանը համոզել, որ փոխարժեքի իջեցումը բացասաբար կանդրադառնա ցուցանիշների վրա, սակայն նրանց փաստարկներն անտեսվում են։
Ֆոն են ստեղծում երիտասարդական բողոքները, որոնք անցկացվում են Անկարայում ու Ստամբուլում: Դրանց մասնակիցները պահանջել են, որ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն ու Էրդողանը հեռանան իշխանությունից: Իրադարձությունների զարգացումն ընթացել է այնպիսի ուղիով, որ դրանց ստիպված էին միջամտել իրավապահ մարմինները:
Քեմալ Քըլըչդարօղլուն՝ խորհրդարանում ամենախոշոր ընդդիմադիր ուժի՝ Հանրապետական ժողովրդական կուսակցության նախագահը, չեղարկել է երկրի հարավարեւելյան նահանգներ իր այցելությունը, որպեսզի նոյեմբերի 24-ին հանդիպի կուսակցության կենտրոնական ապարատի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու արժութային ճգնաժամի խորացման կանխարգելմանն ուղղված միջոցառումները: Ընդդիմադիր գործիչը քննադատում է Կենտրոնական բանկի նկատմամբ Էրդողանի քաղաքականությունը. «Ինստիտուտը, որը պատասխանատու է գների կայունության համար, այլեւս չի կարողանում դրանով զբաղվել: Պարզապես դիտում է այն, ինչ կատարվում է: Լիազորությունները նրանից վերցվել են: Ո՞վ է դա արել: Էրդողանը՝ իր հրամանով»:
Էրդողանի նախկին կողմնակից, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ասել է, որ տնտեսության նկատմամբ կառավարության վերաբերմունքը ոչ թե տգիտություն է, այլ դավաճանություն։ «Ես կոչ եմ անում մեր բոլոր քաղաքական կուսակցությունների առաջնորդներին եւ մեր թանկագին ազգին` իսկական տնտեսական պատերազմ սկսել անկախության համար՝ ընդդեմ այս դավաճանության,- գրել է քաղաքական գործիչը թվիթերյան իր էջում։- Այն, ինչ մենք ապրել ենք, չի կարելի բացատրել կամ մեկնաբանել որպես պարզ տնտեսական ճգնաժամ… Պատկերը, որին մենք բախվում ենք հենց այս պահին, կառավարության բացարձակ սխալ կառավարման արդյունքն է»:
Ելույթ ունենալով «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նահանգային մասնաճյուղերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ՝ Էրդողանը հերքել է այդ գաղափարը։ Միաժամանակ նա ճգնաժամը կապել է դավադրության հետ։ «Մենք տեսնում ենք խաղեր նրանց կողմից, ովքեր ձգտում են դուրս մղել մեր երկիրը հավասարակշռությունից՝ փոխարժեքներով, տոկոսադրույքներով եւ գների բարձրացմամբ, ինչպես եղել է անցյալում»,- Էրդողանի խոսքերը մեջբերել է «Hurriyet Daily News»-ը:
Զարմանալի չէ, որ նոյեմբերի 24-ին ԱՄԷ-ի թագաժառանգ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանի՝ Թուրքիա կատարած այցի առանցքում տնտեսական հարցերն էին։ Թուրքիայի եւ ԱՄԷ-ի միջեւ դիվանագիտական մերձեցմանը զուգահեռ սրվել են ակնկալիքները, որ արաբական պետությունը կավելացնի իր ներդրումային ներկայությունը երկրում, որը երկար ժամանակ նրա համար տարածաշրջանային մրցակից էր: Քաթարին մոտ կանգնած «Middle East Eye» պորտալի աղբյուրները հայտնել են, որ Աբու Դաբիի թագաժառանգը խոստացել է մինչեւ 100 միլիարդ դոլար ներդնել թուրքական տնտեսության մեջ։ Այլ տեղեկությունների համաձայն՝ գումարը կազմում է առնվազն 10 մլրդ դոլար։
Հարցը նաեւ այն է, թե դիվանագիտական ջերմացումն ինչպես կանդրադառնա այն ասպարեզների վրա, որտեղ Թուրքիայի եւ ԱՄԷ-ի շահերը բախվում են։ «Նեզավիսիմայա գազետային» տված հարցազրույցում Անկարայի քաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Օրհան Գաֆարլին վստահություն է հայտնել, որ Էմիրությունների հետ բանակցությունները կազդեն ոչ միայն տնտեսության, այլեւ արտաքին քաղաքականության վրա։ «Մերձավոր Արեւելքում աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվում է,- բացատրել է վերլուծաբանը:- Էմիրությունների եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների վերականգնման գործընթաց է սկսվել։ Դա դրական ազդեցություն կունենա Լիբիայի, Սիրիայի եւ Իրաքի վրա»: Փորձագետը նշել է, որ ԱՄԷ-ն կարեւոր դեր է խաղում Թուրքիայի ներդրումային պորտֆելում։
Սակայն, ինչպես նույն «Նեզավիսիմայա գազետային» ասել է «Գլոբալ նախաձեռնությունը՝ ընդդեմ անդրազգային կազմակերպված հանցավորության» շվեյցարական հետազոտական կենտրոնի ավագ գիտաշխատող Ջալել Հարշաուին, դեռ վաղ է խոսել զիջումների մասին այնպիսի թատերաբեմերում, ինչպիսիք են Լիբիան կամ Սիրիան: «ԱՄԷ-ն Թրամփի նախագահության ժամանակ ռազմական համարձակ փորձեր արեց, բայց դրանք ձախողվեցին,- հիշեցրել է փորձագետը։- Այժմ ԱՄԷ-ն բռնություն է քարոզում Եթովպիայի նման այլ թատերաբեմերում, որտեղ Թուրքիան հայտնվել է նույն կողմում»:
Վերլուծաբանի խոսքերով՝ տնտեսական տեսանկյունից ԱՄԷ-ն հիանալի հնարավորություններ է ստանում, ինչ վերաբերում է այժմ՝ արժութային ճգնաժամի պայմաններում Թուրքիայում խելացի ու էժան ներդրումներին, նաեւ Էրդողանի եւ, ընդհանուր առմամբ, թուրքական ղեկավարության վրա ազդեցության լծակ է ձեռք բերում: «Տեղին է ԱՄԷ-ի այս դիրքորոշումը դիտարկել որպես իրատեսական վերակողմնորոշում, այլ ոչ թե ինչ-որ կարեւոր բան զիջելու պատրաստակամություն»,-եզրափակել է վերլուծաբանը: