Նախօրեին Երեւանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում, «Մեցցո Պրոդաքշնի» ներկայացմամբ տեղի ունեցավ բարեգործական համերգ՝ Արցախի ձայների եւ սիրված արտիստների մասնակցությամբ։ Դահլիճում շատ էին նաեւ արցախցիները, մեծ մասը՝ տեղահանվածներ։
Եգոր Գլումովի բացման խոսքից հետո բեմը տրամադրվեց Արցախի ձայներին։ Հնչեցին արցախյան բարբառն ու երգը, հանդես եկան փոքրիկ ու պատանի, երիտասարդ կատարողներ, եւ շատերը հուզվեցին կարոտի ցավից։ Փոքրիկ երգչուհի Վիկան՝ Հադրութից, տուն է ցանկանում գնալ, կարոտել է իրենց բակի բալենուն, հայրենի բնակավայրի օդուջրին, տատի կանչին։ Հրաշալի կատարումներով հանդես եկան Էռնան ու Արթուրոն, բոլորը։ Արցախի ձայների ելույթներին զուգահեռ էկրանին Արցախ աշխարհն էր՝ իր հրաշալիքներով, որոնց մեծ մասն այժմ թշնամու տիրապետության տակ է։ Մեր փոքրիկ երգիչների կատարումները հույս են տալիս՝ նորից ենք տեր դառնալու Շուշիին, Գտչավանքին, Ծիծեռնավանքին, Կատարոյին, Հանդաբերդին, Տողին ու Ավետարանոցին։
Համերգի երկրորդ մասում ներկաներին ոգեւորեցին ու հուզեցին, շատերի աչքերից արցունքներ կորզեցին Արթուր Գրիգորյանն ու Դավիթ Ամալյանը, Սեւակ Խանաղյանն ու Վլադիմիր Արզումանյանը, «Միքայել Ոսկանյան» տրիոն, Գոռ Սուջյանը, Շուշան Պետրոսյանը, այլք։ 1990 թ. այս օրերին թշնամին խորհրդային բանակի աջակցությամբ տիրացավ Գետաշենին ու Մարտունաշենին, Էրքեջին։ Հայաթափ եղան Հադրութի շրջանի մի քանի բնակավայր, Բերդաձորն ամբողջությամբ, վտանգված էին այլ տարածքներ, սակայն հուսահատ չէինք…։ Ու հաղթեցինք, Արցախը դարձավ հայի հպարտությունը, Շուշվա ազատագրումը, Բերձորի ու Աղավնոյի մաքրումը թուրքից մեզ մեծ հնարավորություն տվեցին։ Ու այդ հպարտ օրերի, հաղթանակների հուշն էր դահլիճում՝ կարոտի ցավով։ Ճանաչված երգիչ, ազատամարտիկ Դավիթ Ամալյանը, ով արցախյան առաջին գոյամարտում վիրավորվեց, կորցրեց մարտական ընկերներին, որոնց թվում էր Դուշման Վարդանը՝ Շուշիի ազատագրողներից մեկը, այս պատերազմում տեսավ Վարդան որդու կորուստը: Սփոփելու էր եկել տեղահանվածներին եւ իր կատարումներով հույս տվեց ներկաներին.
…Իմ վառ հեքիաթում բարբարոս ստի աղոթքը չկա,
Հավատից թաքուն կեղծը տարածող սուտ կրոն չկա,
Փառքի կածանով մարդուն սատանի տուն տանող չկա,
Չարը անկեղծ է, բարին ` բարեպաշտ, սուտ սիրող չկա:
Հաղորդավարը հայտարարում է Սեւակ Խանաղյանի մուտքը, եւ հնչում են ծափեր։ Սիրված երիտասարդ երգիչը երկրորդ երգը՝ «Արցախը», նվիրեց արցախյան վերջին պատերազմում նահատակված քաջորդիներին։ Ասաց՝ ամեն ինչ լավ է լինելու, նորից ենք խնդալու, ուրախ երգ ենք լսելու, պարելու ենք… Մենք հավատում ենք, որ մոտ ապագայում Արցախն էլի ծաղկելու է, ավելի է հզորանալու: Անցյալում` ներկայի մասին գրված այս գործը դա է խորհրդանշում։ Վլադիմիր Արզումանյանը կատարեց Արթուր Գրիգորյանի երգը, վերջում ներկայացավ նաեւ երգի հեղինակը, եւ միասին երգեցին։ Գլումովը, մինչ Շուշան Պետրոսյանին կհրավիրեր բեմ, տեղեկացրեց, որ երգչուհին արցախյան վերջին պատերազմի օրերին «Սասունցի Դավիթ» էպոսի աղոթքներն էր արտագրում փոքր թղթերի վրա, դրանք դնում գուլպաների, ձեռնոցների մեջ եւ ուղարկում առաջնագիծ։ «Անունս Արցախ է» երգը, որ ընդունվել է որպես Զինծառայողների ապահովագրության, առավել հայտնի՝ «1000 դրամների» հիմնադրամի հիմն, հնչեց՝ դարձյալ կարոտ ու ցավ արթնացնելով.
Աշխարհն առուծախ է արյան անձրեւում,
Անունս Արցախ է, ես չեմ հանձնվում,
Վառվում է չոր ցախը արմատ չունեցող,
Անունս Արցախ է` հուր չվախեցող…
«Երազ իմ երկիր, հայրենի» երգը միշտ է հուզել հային, այս անգամ այլ կերպ հնչեց Շուշանի կողմից…
Երազ-հավատով էլ դուրս եկա դահլիճից։ Միջանցքում արցախյան վերջին պատերազմի մասնակից տղաներն էին համախումբ, լուսանկարում եմ, մի մասը վիրավոր են, բայց դեպի կյանքը հավատով լեցուն։ Կարճ զրույցի ընթացքում ճշտեցի, որ տարբեր ջոկատներից են, բայց միավորվել են, ընկերացել։ Երբ համերգի սկզբում հաղորդավարը խնդրեց 1 րոպե լռությամբ հարգել նահատակ քաջորդիների հիշատակը, միաժամանակ հայտարարեց, որ դահլիճում նաեւ զինվորներ կան։ Հնչեցին ծափողջույններ, բոլորի հայացքներն ուղղվեցին տղաների կողմը։ «Վերադարձ դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ դահլիճում էին նաեւ քաշաթաղցի դպրոցականներ, ովքեր ասացին՝ հուզվել են, արտասվել, ոգեւորվել, հիացել երգիչների կատարումների ընթացքում։