Զորախաչի եկեղեցին
Միանավ թաղածածկ կառույց է՝ համարյա կանգուն վիճակում։ Գյուղի արեւմտյան կողմում է՝ ճանապարհին մոտ։ Արտաքին չափերն են. արեւմտյան պատը՝ 9.6 մ, արեւելյանը՝ 10.7 մ, լայնությունը՝ 5.3 մ։ Սուրբ խորանի 2 կողմում ավանդատներ կան, որոնք իրենց ծավալներով դուրս են եկեղեցու հիմնական ուղղանկյուն մակերեսից։ Ավանդատների մուտքերը բացված են սուրբ խորանի միջից։ Ծածկը՝ թաղը կիսակլոր է։ Կառուցված է կրաշաղախով, անմշակ քարով։ Պատերի մեջ, հատկապես անկյուններում, ագուցված 15-16-րդ դարերին պատկանող տապանաքարեր կան։ Հյուսիսային պատի արտաքին շերտի մի մասը քանդված է։ Ուսումնասիրելով տեղանքը՝ զգացվում է, որ ավելի վաղ շրջանում այստեղ սրբավայր է եղել, որի հիմքերի վրա էլ մոտ 600 տարի առաջ մեր պապերը կառուցել են նոր շենք։ Սուրբ խորանի պատուհանի անցքն ունի մոտ 10 սմ լայնություն, 80 սմ երկարություն։ 3 գծով շրջանակված, 2 կտոր քարից է կառուցված. արտաքին չափերն են 1-05 մ։ Ներսի կողմից այս պատուհանի գլխին կա արձանագրություն, որը 1246 թ. է։ Ունի 5 տողով արձանագրություն, որի կեսը պատի մեջ է։ Երեւացող մասը վերծանվել է. «…/Թ/ՎՆ; ՈՂԵ/1246/ …Ց ՀԱՅՈՑ … /ԻՇԽ/ԱՆՈՒԹԵ/ԱՆ/Ս…/…Ն ՈՐԴՈՅ ՊԱՐՈՆ ԿՈՆԻ… ԱՌԻՆ ՄԵՐ»։ Սրբատունն ունի 2 մուտք՝ հյուսիսային կողմում պատի աջ անկյունից եւ հարավից, որը հետագայում, հնարավոր է դեռեւս գործելու ժամանակ՝ 2-3 դար առաջ փակվել է։ Եկեղեցու տարածքում պահպանվել են հայոց միջնադարյան հանգստարանի հետքերը՝ 13-17-րդ դարերի տապանաքարերով։ Տարածքում՝ ծառերի տակ մի քանի տապանաքար կա, որոնք նույնպես արձանագիր են։
Եկեղեցուց մոտ 100 մ հարավ՝ ծառերի հարեւանությամբ, բավականին մեծ ժայռի վրա գրեթե 1 մ երկարությամբ 3 խաչ կա քանդակված։ Ժայռի երեսը հարթեցված է։
Վակունիսի եկեղեցին
Վակունիս՝ Բչանիս պատմական գյուղը Շալուա գետի ձախակողմյան Վակունիս գետակի աջակողմյան հարթությունում է՝ Ծ. Մ. 1400-1500 մ բարձրության վրա։ Գյուղի մասին կա հիշատակություն Դադիվանքի 1214 թ. շինարարական արձանագրության մեջ՝ Բճանց ձեւով։ Այս բնակավայրի մոտ 1993 թ. մարտի 31-ին թշնամու ծուղակն ընկավ Սիսիանի ջոկատներից մեկը` Վուրգ Ոսկանյանի գլխավորությամբ։ 11 հոգի զոհվեցին, այդ թվում՝ նաեւ հրամանատարը։ Բճանց-Բչանիս-Վակունիսի պատմական ու հայոց ոստան լինելու մասին են վկայում գյուղում պահպանված միջնադարյան սրբատունը՝ կիսավեր վիճակում, ինչպես նաեւ գյուղի թուրքաշեն տների պատերի մեջ ագուցված հայկական հանգստարանից տեղահանված ու որպես շինաքար օգտագործված շիրմաքարերի բազում բեկորներ։ «Ազգագրական հանդէս»-ի (գիրք Դ, թիվ 2, Թիֆլիս 1898 թ.) էջում հիշատակվել է այս եկեղեցու մասին, որ այն եղել է փայտածածկ եւ քրդերն օգտագործում էին որպես հարդանոց։ Հուշարձանագետ երջանկահիշատակ Սամվել Կարապետյանը «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» գրքում (Երեւան 1999 թ., էջ 171) տեղեկացնում է, որ 1985 թ. ինքը նույնպես նույն կարգավիճակում է տեսել այս եկեղեցին։ Կառուցված է կրաշաղախով, անմշակ քարով։ 1990-ական թվականներին եկեղեցին ավերվել է, պահպանվել են պատերը։ Շինության անկյունաքարերի մի մասը, մուտքի բարավորը, անկյունաքարերը, սուրբ խորանի ու ավանդատների պատուհանների վերին մասը, անկյունները եւ այլն, տապանաքարերի ու խաչքարերի ամբողջական ու մասնատված կտորներ են։ Նման է միանավ թաղածածկ եկեղեցիների։ Հնարավոր է ավելի վաղ ունեցել է թաղածածկ տանիք։ Կառույցն ունի ուղղանկյուն մակերես, արտաքին չափերն են՝ 12-8.2 մ, պատերի հաստությունը՝ 110 սմ։ Մուտքն արեւմտյան կողմից է, ունի պայտաձեւ կամար, բարավորը ներս ընկած է՝ ամբողջական տապանաքար է՝ խաչաքանդակներով։ Անկյունաքարերը 2 մասի կիսված տապանաքարի կտորներ են։
Կամուրջը՝ Շալուայի վրա
Գանձայի գյուղական համայնքի կազմում է նաեւ Բազմատուս գյուղը: 2 բնակավայրերը միմյանցից բաժանվում են Շալուա գետով: Հնուց ի վեր այստեղով է անցել պատմական ճանապարհներից մեկը, եւ մեր պապերը 12-13-րդ դարերում գետի գեղատեսիլ մի հատվածում (N 39, 42, 36, 1 եւ E 46, 28, 19,0., ծ. մ. բ. 1011 մ կոորդինատներ) կամարակապ, միաթռիչք քարե կամուրջ են կառուցել, որի հիմքերը բնական ժայռերն են: Ի տարբերություն այլ կամուրջների՝ մեր նկարագրածի կամարը պայտաձեւ է, ոչ կլորավուն: Կառուցված է տեղի կրային քարերով եւ կրաշաղախով: Ներքին մասում եզրային քարերը մշակված են, գրեթե սրբատաշ են, իսկ մնացածը թերթաքարեր են՝ ուղղաձիգ շարված: Ներքին հիմնական եզրային մասի կեսը քանդված է, այսուամենայնիվ ներսի քարերը պահում են կամուրջը: Այնուամենայնիվ, կա անհրաժեշտություն ամրացնելու ներքին եզրագիծը: Մոտ 3 մ լայնությամբ կամրջի վերին մասը 2 կողմում 40 սմ լայնությամբ եւ 25 սմ բարձրությամբ արգելաշերտ է ունեցել. պահպանվել են որոշակի հատվածներ: Կամրջից մինչեւ ջրի հայելին կազմում է 5-6 մ, թռիչքը՝ 6-7 մ: Գետի աջակողմյան ափին տեղ-տեղ պատեր են պահպանվել, որոնք եղել են միջնադարյան ճանապարհի եզրերին: