Իրեն քիչ թե շատ հարգող յուրաքանչյուր պետություն` մեծ թե փոքր, ունի ազգային ծրագիր, նպատակ, որով առաջնորդվում է նրա կյանքի ուղենիշը: Այսպես` գոյություն ունի ամերիկյան երազանք, որը, կարծես, ըստ Ջեյմս Ադամսի, երկրի մասին է, որտեղ «յուրաքանչյուր բնակչի կյանք կլինի ավելի լավ, հարուստ եւ լի, որտեղ յուրքանչյուրը հնարավորություն կունենա ստանալ այն, ինչին արժանի է»։ Դե, թուրքական երազանքի հետ բազմիցս ենք շփվել` նրանց հանգիստ չի տալիս «մեծ թուրանի» գաղափարը, իսկ ԽՍՀՄ-ը ձգտում էր հասնել կոմունիզմի, որտեղ յուրաքանչյուրը կաշխատեր ըստ հնարավորությունների, բայց դրա դիմաց կստանար ըստ պահանջմունքի…
ՀԽՍՀ-ն` կազմելով ԽՍՀՄ բաղկացուցիչ, նույն` կոմունիզմի գաղափարախոսներից մեկն էր, այսինքն` սոցիալիզմից` հավասար իրավունքներից ու հավասար պարտականություններից անցնել ըստ հնարավորությունների ու ըստ պահանջմունքի ապրելակերպին. իսկապե՛ս երազանքի արժանի գաղափար, որ ձգտում է իդեալական հասարակության մարդասիրության բարձրագույն որակի… Գուցե եւ ուտոպիա էր. սոցիալիզմն էլ մի ժամանակ ուտոպիա էր, բայց այն դարձավ իրականություն, եւ կարեւոր չէր` երբ կիրականանար կոմունիզմի գաղափարը, կարեւորը ձգտումն էր. կար ծրագիր, կար նպատակ եւ դրան հասնելու ուղենիշ, երազանք, որն ամենեւին էլ մի օրվա գործ չէր, ինչը շտապողների համար դարձավ հիասթափության ու ծաղրի առիթ, որից էլ շատ լավ օգտվեցին դրսի ուժերը` կազմակերպելով ԽՍՀՄ փլուզման գործընթացը…
ԽՍՀՄ փլուզման հետ փլուզվեց եւ գաղափարախոսությունը, հօդս ցնդեցին ծրագիրը, նպատակը, ուղենիշները. փոխարենը գահը նվաճեց քաոսի թագավորությունը. ոչ ոք ոչ մի բանի համար պատասխանատու չէ, եւ, ըստ այդմ էլ` անհայտ են իրավունքները, իսկ եթե չկա իրավունք, չի կարող եւ խոսք լինել պատասխանատվությա՛ն մասին, իսկ երբ անհայտ են պետական ծրագիրը, նպատակը եւ դրան հասնելու ուղենիշները, ամեն մեկն սկսում է կազմել սեփակա՛ն ծրագիրը, նպատակը, ուղենիշը` ինքն իր համար, քանզի առանց դրա մարդը մատնվում է բախտի քմահաճույքին, բայց առանձին անհատների ծրագրով պետությունն ապահովագրված չէ ո՛չ քաոսային վիճակից, ո՛չ էլ ամեն տեսակ հարձակումներից, իսկ երբ պետությունը երերուն հիմքերի վրա է, անհատի ծրագիրն էլ չի կարող նպատակին ծառայել, քանզի անհատի պաշտպանությունը` ընդունենք թե չընդունենք, պետության ուսերին է։ Արդեն իսկ պարզ է, որ նախկին` կոմունիզմի գաղափարախոսությունը անվերադարձ անցավ պատմության գիրկը եւ երազանքի փոխարեն դարձավ անկատար երազի մռայլ հիշողություն, սակայն կյանքը շարունակվում է եւ ապրել է պետք, իսկ ապրելու համար անհրաժեշտ է նոր ծրագիր, նոր նպատակ, համապատասխան ուղենիշ, ձեւավորված երազանք, որ հասարակությանը համախմբի պետության շուրջ, միավորի անհատների ու պետության ջանքերը` խուսափելու աշխարհաքաղաքական մարտահրավերների հարվածներից եւ դուրս գալու ստեղծված քաոսային վիճակից… Դրա համար անհրաժեշտ է պարզ մի բան` լավագույնս դիտարկել, քննել, հետազոտել ներկան, բացահայտել այն պատճառները, որ հանգեցրին դրան, որոնել ելքեր ու օգտվել դրանց ընձեռած հնարավորություններից։
Մեր ժամանակը, ըստ էության, կանգ է առել 1988 թվականի դեկտեմբերի 7-ի 11 անց 41 րոպեի վրա, երբ Սպիտակի երկրաշարժը մի քանի վայրկյանների ընթացքում ավերեց հանրապետության գրեթե ողջ հյուսիսային հատվածը, որտեղ ապրում էր շուրջ 1 մլն մարդ։ Մեր ժամանակը կանգ առավ այդ ողբերգության վրա, որին հաջորդեցին մյուս` ոչ պակաս ողբերգությունները. թշնամական հարձակումները մեր երկրի վրա ու դրա հետեւանքով մեզ պարտադրված պատերազմներն ու դրանց բերած արհավիրքները։ Այսօր մեր թիվ մեկ խնդիրը 11 անց 41 րոպեի վրա կանգնած ժամացույցը լարելն է ու ժամանակն առաջ տալը, այլ կերպ` մեր ներկան հասցնել իրական ներկային, իրական ժամանակին, գնահատել իրավիճակը առանց գունազարդումների, ինքնարադարացումների եւ այլոց վրա հույս դնելու։
Գուցե եւ հարց առաջանա հարահոս ժամանակի կանգ առնելու` տարօրինակ դատողության առնչությամբ, սակայն ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ երկրաշարժի չարաբաստիկ հետեւանքները ոչ միայն լուծված չեն, այլեւ շեղված է գործողությունների շղթան ու դրանց կատարման տրամաբանությունը, հավելյալ` պատերազմի վերքերի նորանոր թարմացումներն ու արնածոր վերքերից ծնված հավերժական տառապանքների տարաբնույթ ապրումները։
Երկրաշարժը, ցավոք, այդպես էլ դաս չեղավ մեզ համար, որ մեր երեսը դարձնենք դեպի կյանքը եւ ոչ անկումն ու կործանումը. դաս չեն լինում եւ պատերազմներն ու դրանց բերած արհավիրքները: Տպավորություն է, թե հայ ժողովուրդը ձեռքը թափ է տվել ինքն իր վրա` կա՛մ ընտրել է կործանման ուղին, կա՛մ ապավինել հրաշքի երեւալու ինքնախաբեության պատրանքին։ Այսօր` ուզենք թե չուզենք, խոստովանենք թե ոչ, մենք կանգնած ենք գոյապահպանության խնդրի առջեւ, եւ այդ խնդիրը միմիայն մե՛ր լուծելիքն է եւ ոչ այլ ոքի. մենք կարող ենք ունենալ բարեկամներ, բայց բրիչն ու զենքը նախ եւ առաջ մե՛ր ձեռքին պետք է լինի, մե՛նք պետք է շահագրգռված լինենք գործելու եւ ապրելու, որպեսզի մեր բարեկամները կարողանան աջակցել մեզ եւ ոչ թե ստանձնեն մեր խնդիրները լուծելու` իրենց համար անշահագրգիռ գործընթացը։ Հայտնի խոսք է` թե ուզում ես Աստված քեզ օգնի, նախ եւ առաջ ինքդ քեզ օգնիր։ Ով ձեռքերը չի շփում ու ոտքի կանգնում սեփական գործն անելու համար, որեւէ մեկը չի անի նրա փոխարեն։ Երկրաշարժից հետո` 33 տարվա ընթացքում, աղետի գոտին առաջվա պես մնում է աղետի գոտի` կիսատ, հաճախ էլ` ոչ համաչափ լուծված խնդիրներով, ավելին` նորանոր խնդիրներ բխեցնելով, իբր, լուծված խնդիրներից։ Ընթացող շինարարությունները մնում են սեյսմավտանգ գոտու պահանջներին անհամապատասխան` ընտրված տեղանքը, կառույցի տեսակն ու որակը, շենքերի` միմյանց վրա անհարկի կուտակումները, քաղաքների` չարդարացված ծավալային ընդարձակումները, ինչը ոչ միայն մեզ հայտնի աղետի գոտուն է վերաբերում, այլեւ ողջ հանրապետության տարածքին, ուր սեյսմավտանգ օջախների պակաս չկա, այդ թվում եւ մայրաքաղաքին, իսկ Երեւանում մեկը մյուսի վրա են բարձրանում բարձրահարկերը, էլ չասած` երկնաքերերի մասին «հայոց» երազանքը, որ փորձում են իրագործել ջանադրաբար։
Չգիտես ինչո՞ւ, շատերին թվում է, թե բարեկեցիկ ապրելու կերպը միայն մայրաքաղաքին է հարիր, եւ բոլորին պետք է բերել-լցնել մայրաքաղաք` ինչ գնով էլ լինի, անգամ կենտրոնը հասցնելով հանրապետության բնակչության գերակշիռ չափերի, որից կարելի է տխուր հետեւություն անել ու եզրակացնել, որ մեր հանրապետությանը բաժին ընկած այն 29,743 ք կմ տարածքի մեծ մասը ոմանց համար անպետք տարածություն է եւ չարժե այդ տարածությունը շահագործել ըստ պահանջի եւ ըստ պատշաճի. ինչո՞ւ ամենուրեք չբարեկարգել ու չապրել այնպես, որպես վայել է ապրել մայրաքաղաքում, ինչո՞ւ հավասար ու համարժեք պայմաններ չստեղծել հանրապետության ողջ տարածքի համար` թե՛ քաղաքների, թե՛ գյուղերի, որ մարդն իրեն լավ ու ապահով զգա ամենուրեք եւ սիրի ու պաշտպանի իրեն սնուցող հողն ու չլքի այն։ Նրանք, ովքեր այսօր թաղամաս թաղամասի ետեւից են սարքում Երեւանում, ցավոք, բնակության հարց ամենեւին չեն լուծում. անտունը մնում է անտուն, կարոտյալը` կարոտյալ, նորակառույց դատարկ շենքերի պատուհանները շարունակում են քաղաքին նայել որբի մուրացող հայացքով. գնորդ չկա, մարդկանց հնարավորությունները չեն ներում նման շռայլության համար… Տվյալ դեպքում օտարները մեզ համար օրինակ չեն` թե՛ մեր անցած ուղին է տարբեր, թե՛ ներկան եւ թե՛ հնարավորությունները։ Ստեղծված իրավիճակում հարկ է նայել մեր ներսը, օգտվել մեր անցյալի փորձից եւ հենվել մեզ հատուկ մարդասիրական սկզբունքների վրա` ելքեր գտնելով այն իրականացնելու…
Մեր առջեւ այսօր ծառացած է Գոյապահպանության ազգային խնդիրը, եւ մեր Երազանքը, ինչպես միշտ, մնում է մեր ժողովրդի տարբեր հատվածների Միավորումը, մեր ժողովրդի Միասնությունն ու Համերաշխությունը` Սիրո շաղախով. մենք իրավունք չունենք ապրելու կանգնած ժամացույցի մեռած սլաքներով, ետ ընկած ժամանակի հետ` սեղմված թշնամական նեղ օղակով` հարցականի տակ դնելով մեր լինել-չլինելը, հազարամյակների խորքից եկող մեր տեսակի ապրելու հրամայականը…
Մեր Գերագույն նպատակին հասնելու համար մեր անելիքներն այսօր անհրաժեշտ է ծավալել երկու միաժամանակյա, հավասարարժեք ուղղություններով` երկրի կառուցման եւ պետության պաշտպանության ու պահպանման գործընթացներ իրականացնելով, որոնց պետք է ներգրավել հայ ժողովրդի բոլոր կարող ուժերին ու համապատասխան կառույցներին` ներառելով այն բոլոր ճյուղերի ու երակների աշխատանքը, որ փոքրիշատե կարող են օգուտ բերել մեծ գործընթացին։