Լրանում է Հայրենական մեծ պատերազմում գերմանական ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման եւ պաշտպանության բանակի կազմավորման տարեդարձը: Տոն, որ առիթ է տարիների հեռվից վերարժեւորելու մեր պապերի ու հայրերի անցած մարտական փառավոր ուղին եւ հպարտանալու նրանց հերոսական առաքելությամբ: Ավագ սերնդի հայրենասիրական ոգին միշտ էլ ուղեկցել, ոգեշնչել է երիտասարդներին, նրանց մղել նոր քաջագործությունների ու խիզախումների: Այդ առումով բացառություն չէին Մեծ հայրենականի տարիներին հայ ժողովրդի սխրանքները, որոնք ավելի մոտեցրին մայիսի 9-ի բաղձալի հաղթանակը: Դրանում, անշուշտ, իրենց պատվաբեր մասնաբաժինն ունեցան նաեւ արցախցիները: Ազատամարտում մարտնչող 45 հազար զինծառայողներից շուրջ 25 հազարը չվերադարձան: Միայն փոքրիկ Արցախը տվեց Խորհրդային Միության 3 մարշալ, 24 գեներալ եւ 1000-ից ավելի բարձրաստիճան սպա:
Մեծ հաղթանակից ուղիղ 47 տարի անց իր հարազատ ու բազմաչարչար նախնյաց հողում հայը կրկին դարձավ հերոսության ջահակիր: 1992-ի մայիսի 9-ին Արցախի ինքնապաշտպանական ուժերը, Արկադի Տեր-Թադեւոսյանի գլխավորությամբ չորս հարվածային ուղղություններում ճեղքելով հակառակորդի կողմից ռազմական հզոր հենակետի վերածված Շուշիի պաշտպանությունը, մտան հայոց բերդաքաղաք եւ ազատագրեցին այն, ապա, զարգացնելով հարձակումը, 10-օրյա ժամկետում դուրս եկան Հայաստանի պետական սահման: Ինքնապաշտպանական ջոկատները, Լիսագոր բնակավայրի մատույցներում գրավելով ռազմական նշանակության կարեւոր բարձունքներից մեկը, վերահսկողության տակ առան Շուշի-Լաչին մայրուղին:
Հատկանշական է, որ Շուշիի ազատագրման 2-րդ տարեդարձի օրերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչվեց հակամարտության լիիրավ կողմ, եւ հետագայում պայմանավորվածություն ձեռք բերվեց հրադադարի վերաբերյալ: Պաշտպանության բանակի կազմավորումը, փաստորեն, դարձավ ազատագրական շարժման կարեւորագույն ձեռքբերումներից մեկը, Արցախի անվտանգության երաշխավորը: Աշխարհազորային կամավոր ջոկատները բարդ ռազմաքաղաքական իրավիճակում վերաճեցին կանոնավոր զինվորական ստորաբաժանումների: Ընդ որում դա տեղի ունեցավ մարտական գործողություններին զուգընթաց, Ադրբեջանի կողմից արցախահայությանը պարտադրված պատերազմի ծանր պայմաններում: Կարճ ժամանակաընթացքում կատարվեց առկա ուժերի եւ միջոցների վերակենտրոնացում՝ մեկ միասնական հրամանատարության ներքո, ձեւավորվեց բանակի շտաբ՝ իր բոլոր ենթակառուցվածքներով: Հանրապետության ողջ տարածքը բաժանվեց պատերազմական գոտիների, ձեւավորվեցին նախ 6, իսկ այնուհետեւ՝ 8 պաշտպանական շրջաններ: 1992-ին Արցախն ուներ կենտրոնացված ղեկավարման համակարգով կառավարելի բանակ, ինչը շատ արագ իրեն զգացնել տվեց հետագա մարտական գործողությունների ժամանակ: Այդ կարեւոր ձեռնարկումը բարենպաստ պայմաններ ստեղծեց ռազմական նախաձեռնությունը հակառակորդից խլելու, զավթված, տեղահանված հայկական բնակավայրերն ազատագրելու եւ Արցախի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու համար:
Սակայն միամտություն կլինի կարծել, թե հրադադարի հաստատումից հետո ադրբեջանական կողմը երբեւէ օրակարգից հանել է հակամարտությունը ռազմական ճանապարհով հանգուցալուծելու տարբերակը: Ուժային հավասարակշռության ադրբեջանական ընկալումն աստիճանաբար սկսեց տեղի տալ այն ժամանակ, երբ հարեւան երկրում, ի հաշիվ օր օրի աճող նավթային հսկայական եկամուտների, արձանագրվեց ռազմական ծախսերի աննախադեպ ընդլայնման գործընթացը: Այդ իրողությամբ ոգեւորված` Բաքվի ռազմական ղեկավարությունն արդեն 2014-ից որդեգրեց բացահայտ ռազմաշունչ հռետորաբանություն եւ դրան զուգահեռ՝ առաջնագծում իրադրությունը սրելու մարտավարություն: Եթե սկզբնական շրջանում դա հիմնականում արտահայտվում էր «դիպուկահարային պատերազմով» կամ դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձերով, ապա 2015-ից շփման գծի ողջ երկայնքով սկսեցին կիրառել տարբեր տրամաչափի ականանետային եւ հրթիռահրետանային զինատեսակներ: Դեպքերի զարգացումն ակնհայտ վկայում էր, որ հակառակորդը կանխամտածված գնում է լայնածավալ առճակատման, ինչը հաստատվեց 2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը: Բոլոր ուղղություններով սանձազերծելով պատերազմ, օգտագործելով օդուժ, ռեակտիվ հրետանի եւ ծանր զրահատեխնիկա` թշնամին մտադիր էր կայծակնային արագությամբ հետ գրավել հայերի ազատագրված տարածքները եւ տիրանալ Արցախին: Սակայն դա նրան չհաջողվեց: Հակառակորդն արժանի հակահարված ստանալով պաշտպանության բանակից` ստիպված էր դիմել Մոսկվա՝ զինադադար հաստատելու խնդրանքով:
Ինչպես ենթադրվում էր, ադրբեջանական կողմը երբեք չի թաքցրել ուժով Արցախը նվաճելու մտադրությունը: Երկրի նախագահի հայատյաց, թշնամական քաղաքականության իրագործմամբ եւ Թուրքիայի աջակցությամբ միշտ էլ ջանքեր են գործադրվել այդ նպատակին հասնելու համար: Եվ ահա 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանն «ավագ եղբոր» հետ գործողության մեջ դրեց տրամադրության տակ գտնվող ժամանակակից սպառազինության եւ տեխնիկայի, կենդանի ուժի հսկայական միջոցներ՝ ընդհուպ կիրառելով միջազգային կոնվենցիայով արգելված տարբեր զինատեսակներ: Նախաձեռնելով լայնածավալ հարձակում` թշնամին թիրախավորեց մայրաքաղաք Ստեփանակերտն ու հանրապետության մյուս բնակավայրերը: Ավերվեցին հարյուրավոր բնակելի շենքեր, տներ, հասարակական շինություններ ու ենթակառուցվածքներ, զոհվեցին 200-ից ավելի խաղաղ բնակիչներ, մշտական օջախներից տեղահանվեցին հազարավոր ընտանիքներ: Ունեցանք անթիվ զոհեր ու վիրավորներ, գերեվարված ու անհետ կորած մարտիկներ, որոնցից շատերի ճակատագիրն այսօր էլ շարունակում է անորոշ մնալ:
Ռուսաստանի միջնորդությամբ խաղաղապահ ուժերը ձգտում են կայունություն եւ հանդարտություն ապահովել Արցախում: Ակնհայտ է, որ արցախցիները միայն խաղաղություն են ցանկանում տարածաշրջանում եւ ակնկալում են արցախյան հիմնախնդրի վերջնական, արդար լուծում: Ցավոք, ադրբեջանական կողմի թշնամական քայլերը, նախագահ Ի. Ալիեւի հայատյաց քաղաքականությունը բացարձակապես միտված են լարվածության խորացմանը եւ իրադրության սրմանը, ինչը լուրջ վտանգ է ողջ տարածաշրջանի համար: