Ճանապարհների ապաշրջափակմանը Հայաստանը դեմ չէ։ Բայց դատելով մեր հարեւան թյուրքերի՝ պետական մակարդակով անթաքույց տարվող հակահայկական քաղաքականությունից, համագործակցություն եւ ապաշրջափակում կոչվածն իրականում թշնամու կողմից մեր հանդեպ ցեղասպան քաղաքականության ձեւաչափի փոփոխություն է լինելու եւ ամուր շղթայի պես օղակելու է մեր պարանոցը։
Հայաստանն ուրիշ ճանապարհ չունի, քան տնտեսապես արագ եւ որակյալ հզորանալը։ Տնտեսագետ Կարեն Ադոնցը նշում է. «Այս տարածաշրջանում ով տնտեսապես ուժեղ եղավ՝ հաղթելու է, ով թույլ՝ «ոտքի տակ»։ «Նրանք» արդեն դա գիտեն ու չեն կանգնելու (մեր խելքին չեն)։ Մենք դեռ «երկնքից» չենք իջել։ Իջե՛ք, ժամանակը եկել է՝ հերթը մերն է։ Ուրիշ բանաձեւ չկա՝ «պարիտետ» չեղավ, համարեք պրծած պատմություն»։
Ինչո՞ւ ենք ասում՝ թյուրքերի կողմից պետական մակարդակով տարվող հակահայկական անթաքույց քաղաքականություն։ Սա մշտապես է եղել։ Բայց կմեջբերենք միայն վերջին օրերինը։ Օրինակ՝ թուրքական իշխանությունները հրապարակավ խոստովանում են, որ երկրի ազգային անվտանգությունը լուրջ ներգրավվածություն է ունեցել Արցախյան պատերազմում՝ աջակցելով ադրբեջանական զինուժին: Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը նախորդ շաբաթ խորհրդարանում 2022 թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ամփոփելով տարբեր գերատեսչությունների նախորդ տարվա աշխատանքը, հայտարարել է, որ Թուրքիայի ազգային հետախուզության կազմակերպությունը կարեւոր դեր է ունեցել 44-օրյա պատերազմում: Թուրքիայի փոխնախագահը գովաբանել է իրենց հետախուզական եւ պաշտպանական ուժերի երկրի ներսում եւ արտերկրում (Սիրիա, Լիբիա, Լեռնային Ղարաբաղ, Աֆղանստան) ծառայությունը, որը սպասարկել է Թուրքիայի շահերը։
Ադրբեջանի նախագահ Ալիեւն էլ, ինչպես հաղորդել է «Interfax»-ը, Ղուբայի շրջան այցի ժամանակ նշել է, թե ինքը Հայաստանից պահանջում է ասել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման ժամկետները։ «Ես ասում էի, մեզ ասեն ժամկետներ, թե երբ կազատեն մեր հողերը, եւ այդ ժամանակ մենք պատրաստ էինք կանգ առնել։ Այսօր ես ասում եմ նույն խոսքերը։ Ասեք ժամկետներ, թե երբ կբացվի Զանգեզուրի միջանցքը, եւ այդ դեպքում որեւէ խնդիր չի լինի»,- ասել է Ալիեւը։ Նույն օրը նա նաեւ հոխորտացել էր, թե՝ «Հայաստանը եւ ողջ աշխարհը տեսավ, որ ոչ մեկը մեզ չկարողացավ կանգնեցնել… Մենք հասել ենք նրան, ինչ ուզում ենք, հասնում ենք եւ կհասնենք: Լավ կլիներ, եթե այդ հարցը լուծվեր կառուցողական ճանապարհով՝ բանակցություններով եւ փոխըմբռնմամբ: Քանի որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը ցույց տվեց ամբողջ աշխարհին մեր ժողովրդի կամքը, ուժը եւ միասնականությունը»։
Ալիեւի խոսքերի տողատակում թաքուն մի վախ կա, որ կարմիր գծի պես անցնում է գրեթե բոլոր ելույթներում։ Մեկ նա ասում է, որ Արցախի հարցը լուծված է, թույլ չեն տալու, որ հայերը ոտքի կանգնեն, մեկ էլ անդրադառնում է «հայկական ռեւանշիզմին»։ Հարց է ծագում՝ եթե Արցախի հարցը Բաքուն լուծված է համարում եւ վստահ է, որ թույլ չի տալու հայերին ոտքի կանգնել, ապա ինչո՞ւ է այդքան խոսում հայկական ռեւանշից։ Պատճառը մեկն է՝ թշնամին մեզ լավ է ճանաչում…
Ինչեւէ, թյուրքական պահանջ «Զանգեզուրյան միջանցքին» ի պատասխան հայկական կողմը նշում է, որ «Հայաստանում սուվերեն միջանցք չի լինելու, այս թեման արդեն փակված է»։ Այս մասին նշել են եւ՛ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը («Հայաստանում սուվերեն միջանցք չի լինելու, այսինքն՝ Հայաստանի ամբողջ տարածքը վերահսկելու է Հայաստանի Հանրապետությունը»), ե՛ւ փոխվարչապետը։ Համապատկերում հիշեցնենք, որ ամերիկյան հեղինակավոր «The National Interest» պարբերականը հրապարակել էր Ամերիկյան ձեռնարկչատիրության ինստիտուտի գիտաշխատող Մայքլ Ռուբինի ծավալուն հոդվածը՝ «Ինչո՞ւ Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի տարածքով միջանցք չեն ստանա» վերտառությամբ…
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդգծում է. «Հիմնավորման կարիք չունի այն, որ հայերին բնաջնջելու իղձը եղել է, մնացել է եւ առայժմ մնալու է, որպես թյուրքական դաշինքի քաղաքական նպատակ եւ թյուրքական իղձ: Ռուսաստանի Դաշնության, Արեւմուտքի, Իրանի եւ թյուրքական դաշինքի (Թուրքիա, Ադրբեջան) կողմից Հարավային Կովկասում իրացվող քաղաքական ու ռազմական օրակարգերին հետեւելիս կրկին ու կրկին հիմնավորվում է մեկ ակնհայտ պատմական իրողություն։ Այն է՝ Հայաստանի վարքագծից է կախված տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը»։
Կ. Ճշմարիտյանի խոսքերով՝ այլեւս պատմությամբ հաստատված անհերքելի իրողություն է, «որ այնքան ժամանակ, քանի դեռ թյուրքական դաշինքը հիմնավորապես ու վերջնականապես չի հրաժարվել բացահայտ ցեղասպան քաղաքականությունից
(հրաժարումն ապացուցող պայմանները հայտնի են )՝ այս տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը խարսխված են լինելու բացառապես հայ-թուրքական հակամարտության գոյության եւ այդ հակամարտության իրացումը զսպող գործոնների պահպանման վրա։ Հետեւաբար, իրական քաղաքականության («ռեալ պոլիտիկ»-ի) տեսանկյունից այս մոտեցման իրագործման հավանականությունը մշտապես կախված է ոչ թե խաղաղություն հաստատող ինչ-որ փաստաթղթերից, այլ հենց Հայաստանում տիրող իրավիճակից եւ դրանից բխող ներքին ու արտաքին քաղաքական վարքագծից: Այսինքն, թուրքական իղձն իրագործելու միակ անփոխարինելի, անհրաժեշտ պայմանը Հայաստան պետության խարխլումն է: Այն է` առանց դաշնակիցների, թույլ, մեկուսացած, անկազմակերպ, ներսում պառակտված ու քայքայվող, քաոսի մեջ գտնվող, ազգային արժեքները, ասել է թե՝ պետության հիմքերը խարխլած, անվտանգությունը, պաշտպանությունն ու տնտեսությունը կազմաքանդած եւ իր պատմական ուղենիշը կորցրած Հայաստանը»:
Ի վերջո, եթե պետությունը կայուն է, ազգն անպառակտելի ու միակամ, իսկ երկիրը կառավարվում է արդյունավետ, ապա այն հաջողությամբ պահպանում, ընդլայնում ու զարգացնում է իր ժողովրդի արյամբ ու քրտինքով նվաճած բացառապես բոլոր ձեռքբերումները: Ընդ որում` ոչ թե եւ ոչ միայն խաղաղության միջազգային երաշխիքներ պարունակող փաստաթղթերի, այլ` ռացիոնալ, իրատեսական եւ ազգային շահերից բխող հմուտ քաղաքականության եւ գործուն աշխարհաքաղաքական եւ անվտանգային երաշխիքների ամրապնդման միջոցով: Այնպես որ՝ այլ ճանապարհ, քան տնտեսապես հզորանալը, մենք չունենք։