1926-ին տասնութամյա Վիլյամ Սարոյանը թողնում է ծննդավայր Ֆրեզնոն եւ ուղեւորվում Սան Ֆրանցիսկո։ Այստեղ նա նախ աշխատում է որպես հեռագրատան աշխատող, այնուհետեւ՝ մարզական ապրանքների խանութի վաճառող, պահեստի բանվոր, ապրում է վարձով տրվող խղճուկ սենյակներում, սակայն այդ ամենը ո՛չ չարացնում, ո՛չ էլ թեւաթափ է անում նրան: Այստեղ Սարոյանը հատը հինգ սենթով հնամաշ գրքեր է առնում, շարունակ կարդում է եւ իրեն երջանիկ է զգում, քանի որ Սան Ֆրանցիսկոյում մարդիկ չեն արհամարհում հայերին: Մեկ տարի անց տեղափոխվում է Նյու Յորք: Վրա է հասնում «սեւ չորեքշաբթին»՝ մեծ ճգնաժամը: Նյու Յորքում թափառելիս Սարոյանը գիտակցում է, որ իր իսկական կոչումը գրող դառնալն է: Մինչեւ 1933 թվականը, երբ Սարոյանն արդեն քսանհինգ տարեկան էր, «Օվերլենդ Մանսլի» հանդեսում երկու պատմվածք է հրապարակում: Նույն թվականի հունվար ամսից Սարոյանը տպագրվում է «Հայրենիք» հայկական ամսագրում, իսկ «Ճոճաձողով սավառնող խիզախ պատանին» պատմվածքը ուղարկում է «Սթորի» գրական հանդեսին։ Սարոյանի պատմվածքը լավ է ընդունվում, եւ հեղինակն ստանում է առաջին հոնորարը:
1934-ի հոկտեմբերին ամերիկյան խոշորագույն հրատարակչություններից մեկը՝ «Ռենդոմ Հաուսը», լույս է ընծայում հեղինակի առաջաբանով եւ քսանհինգ պատմվածքից կազմված առաջին ժողովածուն: Կարճ ժամանակում ժողովածուն բեսթսելեր է դառնում, եւ Սարոյանը մեծ համբավ է ձեռք բերում: Իհարկե, հայտնվում են քննադատներ, որոնք ամենեւին էլ չեն ոգեւորում շռնդալից գրական ասպարեզ ներխուժած նորելուկ գրողին: Տարիներ անց «Հայն ու աշխարհը» (1939) գրքի նախաբանում Սարոյանն ի պատասխան այդ քննադատների գրում է. «Իմ զենքն աշխարհի ապականված ուժերի դեմ անաչառ աչք, անկեղծ միտք, մաքուր սիրտ եւ խանդակաթ մի ոգի է, որն ինձ ստիպում է գրել: Քննադատների գովեստներից չեմ շփացել, քննադատներից չեմ վիրավորվել… Գրելուց հետո գործս դիտում եմ որպես մի իր, որ իր սեփական կյանքն ունի…»։
Սարոյանը մերժում է նովելի ու պատմվածքի ավանդական թեմաներն ու ձեւերը, գրական գործի մասնագիտական նրբությունները: Նրան ամենեւին չեն հուզում թեմայի մեծ կամ փոքր լինելը, ձեւի կատարելության խնդիրները: Նա կարծում է, որ կյանքի ցանկացած իրողություն արժանի է գրականություն մտնելու: Գրում է անկաշկանդ ու հեշտ՝ հետեւելով Չեխովի «Իրավացի է նա, ով անկեղծ է» սկզբունքին:
Խաղողը Սարոյանի ստեղծագործություններում չափազանց հաճախ է հանդիպում, այնքան հաճախ, որ ակամա խորհրդանշական բովանդակություն է ձեռք բերում: Խաղողը համարվում է հնագույն մշակաբույս: Այն հին առասպելաբանություններում բեղմնավորության, առատության, ինչպես նաեւ կենսասիրության եւ ուժի խորհրդանիշ էր (հիշենք Դիոնիսոսի պաշտամունքի հետ կապված առասպելները): Սարոյանի դեպքում, այս հատկանիշներից բացի, խաղողը խորհրդանշում է նաեւ սկիզբը: Իհարկե, այն նաեւ իրական հանգամանքների ծնունդ է եւ իրական բովանդակություն ունի. Սարոյանը ծնվել է Կալիֆոռնիայում, որտեղ հայտնի են խաղողի հնագույն տասնյակ տեսակներ: Նրա հայրը բողոքական քարոզիչ էր, որով հնարավոր չէր հաց վաստակել, եւ իր հարազատների հետ զբաղվում էր խաղողագործությամբ («Հայրս Սանջրի խաղողի այգիներում էր գտնվում… փորձելով ի մի բերել առանց ամբիոնի քարոզիչի եւ առանց ընթերցողի բանաստեղծի իր փշուրները»): Խաղողի խորհրդանշական բովանդակությունը ակնհայտ է հեղինակի «Խաղողի այգին» պիեսում, որտեղ խաղողի այգին այն նույն նշանակությունն ունի, ինչ բալենու այգին Անտոն Չեխովի համանուն դրամայում (Չեխովը Սարոյանի սիրելի գրողներից էր)։
Իրականության բանաստեղծականացումը բնորոշ է նաեւ Սարոյանի արձակին (չմոռանանք, որ նա ողջ կյանքում նաեւ բանաստեղծություններ էր գրում), սակայն շատ ավելի պրագմատիկ, խոսքի, եթե կարելի է այդպես ասել՝ ծայր խնայողականությամբ: Սարոյանը մշտապես բարձր է գնահատում ռուս գրականությունը (Գոգոլ, Տուրգենեւ, Դոստոեւսկի), մասնավորապես՝ Չեխովին: Այդ առումով ուշագրավ է «Անտոն Չեխով անունով մարդը» էսսեն: Որքա՜ն պատկառանքով, երախտագիտությամբ, սիրով ու հիացմունքով է Սարոյանը խոսում Անտոն Չեխովի մասին: Էսսեի նախաբանում գրում է, որ Ռուսաստանն իր համար նույն նշանակությունն ունի, ինչ Հայաստանը, եւ այդ երկիրը ճանաչել է` հասկանալով Չեխովին: Այնուհետեւ խոսում է ռուս գրողի հանրահայտ մի պատմվածքի մասին, որն ընթերցել էր կես դար առաջ եւ, վերընթերցելով այժմ, այնպես է ընկալում, կարծես գրվել է հենց հիմա, նույնիսկ ավելի լավն է, քան երբեւէ: Չեխովն ընթերցողին դրդում է մասնակից լինել ստեղծագործությանը, գրքում հայտնաբերել իրենց, եթե դա իսկապես մեծ գիրք է:
Սարոյանն ասում է. «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել: Հիմա էլ, ինչ որ սկսել եմ, եթե գործն առաջ չի գնացել, գրիչս ցած եմ դրել եւ վերադարձել իմ ընթերցանությանը, կարդացել եմ Անտոն Չեխովից մի քանի էջ եւ նորից ինձ համար պարզ է դարձել, թե ինչ պետք է արվի»: Սարոյանը մշտապես բարձր է գնահատել չեխովյան գրականության նրբությունը: «Նա նրբին հոգի ունի, նրբին քնարականություն, անկեղծություն նրբին, եւ Չեխովի մոտ նույնիսկ անհաշտվողականությունը եւ արիությունը նրբին են»,- ասում է նա հարցազրույցներից մեկում, այսինքն՝ հատկանիշներ, որոնք բնորոշ են նաեւ իր գրականությանը:
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ