Հայաստանի Հանրապետության եւ Իսպանիայի Թագավորության միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. հունվարի 27-ին: Չնայած դրան՝ երեք տասնամյակի ընթացքում երկու երկրների միջեւ դինամիկ զարգացող հարաբերություններ չեն եղել։ Միայն 2010 թ. սեպտեմբերի 26-ին Իսպանիայում բացվեց Հայաստանի դեսպանությունը, իսկ վերջերս հայտնի դարձավ, որ Իսպանիայի կառավարությունն Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ երկկողմ հարաբերությունների ամրապնդման նպատակով նախատեսում է հաջորդ տարի դեսպանատներ բացել մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։ Հայ-իսպանական հարաբերությունների եւ դրանց հեռանկարի շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է Բարսելոնայի հայկական մշակութային միության նախագահ Տաթեւ Սուլյանի հետ։
-Պրն Սուլյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստան-Իսպանիա հարաբերությունները ներկա դրությամբ։
-Հայաստան-Իսպանիա հարաբերությունները ներկա դրությամբ, կարելի է ասել, սկզբնական փուլում են, 1992-ից կամ 2010-ից հետո երկկողմ պետական այցեր տեղի չեն ունեցել։ Եղել են այցեր, որոնք այլ միջոցառման կամ խորհրդաժողովի շրջանակներում են կայացել, երբ, օրինակ, հայ դիվանագետներ կամ պետական ներկայացուցիչներ են գտնվել Մադրիդում։ Հակառակ ուղղությամբ Իսպանիայի արտաքին գործերի նախարար Միգել Անխել Մորատինոսը երկու անգամ Հայաստան է այցելել՝ որպես ԵԱՀԿ նախագահ (2007) եւ որպես ԵՄ նախագահ (2010)։ Պետական ներկայացուցիչներն ունեցել են նաեւ անձնական բնույթի այցեր։ Մի քանի պատճառներ կարող ենք առանձնացնել. նախ՝ Իսպանիան մինչեւ հիմա Հայաստանում չունի դեսպանություն, երկրորդ՝ Իսպանիայի հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ պատմականորեն առնչվում են առավելապես Թուրքիայի հետ եւ դրանով պայմանավորված՝ որոշ չափով նաեւ Ադրբեջանի։ Այդ իսկ պատճառով Իսպանիան նախընտրում է այնպիսի քաղաքականություն վարել տարածաշրջանում, որը չի խանգարի Թուրքիայի հետ իր հարաբերություններին։ Անշուշտ, այդ բոլորը նկատի առնելով՝ Իսպանիան շատ ուշադիր է իր արտաքին քաղաքականության մշակման մեջ եւ զգուշությամբ է մոտենում նոր հարաբերությունների զարգացմանը։ Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանի հետ Իսպանիան ունի որոշակի հարաբերություններ, իսկ ադրբեջանական քարոզչամեքենան ու գովազդը տարբեր ժամանակահատվածներում ու տարբեր բնագավառներում ակտիվ գործել են Իսպանիայում։ 2006 թ. իսպանացի դիվանագետներ են այցելել Բաքու եւ տարբեր հանդիպումներ են ունեցել։ Ադրբեջանում կան իսպանական ներդրումներ, հատկապես զբոսաշրջության եւ հյուրատնային բիզնեսի բնագավառում։ Ինչ վերաբերում է Հայաստան-Իսպանիա հարաբերություններին եվրոպական հարթակների շրջանակներում, այսինքն՝ այն կառույցներում, որոնց մաս են կազմում Իսպանիան եւ Հայաստանը, ապա այդտեղ էլ հարաբերությունները գրեթե բացակայում են։ Հակառակը՝ Իսպանիայի ներկայացուցիչներն ակտիվորեն համագործակցում են ադրբեջանական եւ թուրքական ներկայացուցչությունների հետ։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ունեն ընդհանուր խնդիրներ, ինչն էլ մտերմացնում է, եւ նրանցից յուրաքանչյուրը ձգտում է ներքին խնդիրների մասով դաշնակիցներ գտնել արտաքին ճակատում։ Հայտնի է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ներքին խնդիրներ ունեն՝ երկրում ապրող տարբեր ժողովուրդների հետ կապված, որոնք անկախացման են ձգտում։ Համանման խնդիրներ ունի նաեւ Իսպանիան, դրա համար միշտ կողմ է արտահայտվել տարածքային ամբողջականության սկզբունքին՝ այն ակնկալիքով, որպեսզի որեւէ երկիր չխառնվի նաեւ իր ներքին խնդիրներին։ Այդ մասով տարբերություն կար Արցախի հետ կապված հայկական կողմի դիրքորոշման հետ, քանի որ մեզ համար առանցքայինն ազգերի եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն է։
-Կմանրամասնե՞ք Իսպանիա-Թուրքիա հարաբերությունների պատմական ընթացքն ու ներկա զարգացումները։
-Իսպանիայի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են եւ ընդգրկում են տարբեր ոլորտներ՝ դիվանագիտական, ռազմական, տնտեսական, կրթական, մշակութային եւ այլն։ Երկկողմ հարաբերությունները սկիզբ են առել 1782 թ. Կոստանդնուպոլսում ստորագրված խաղաղության, բարեկամության եւ առեւտրի պայմանագրից հետո։ 20-րդ դարի կեսերին եւ համաշխարհային պատերազմներից հետո նոր մերձեցում է նկատվում երկու երկրների միջեւ։ 1989 թ. Թուրգութ Օզալի պետական այցի շրջանակներում իսպանական ընկերությունների հետ Մադրիդում ստորագրվում են պայմանագրեր, որի դիմաց Իսպանիան պատրաստակամություն է հայտնում աջակցել Թուրքիային Եվրոպական ընտանիքի մաս կազմելու գործընթացում։ Այդ ժամանակից ի վեր Իսպանիայի բոլոր կառավարությունները, անկախ քաղաքական հայացքներից ու ծրագրերից, սատարել են Թուրքիային ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Իսպանական ընկերությունները ակտիվ մասնակցում ու ներդրում են կատարում Թուրքիայի հյուրանոցային, ճանապարհաշինական, ենթակառուցվածքների, սպասարկման, բանկային, ապահովագրական, բանակի ու զինտեխնիկայի եւ այլ ոլորտներում։ Իսպանիայի նորաձեւությունն ու տեքստիլ արտադրությունն ամենազարգացած ոլորտներն են, ինչի շնորհիվ իսպանական տարբեր ընկերություններ համագործակցում են թուրքական ընկերությունների հետ՝ հումք ներկրելով Իսպանիա կամ արտադրելով այնտեղ։ Միայն նշենք, որ Թուրքիայի տարբեր ոլորտներում գործում է 664 իսպանական ընկերություն, իսկ Իսպանիայում գործում է շուրջ 75 թուրքական ձեռնարկություն։ Թուրքիայի եւ Իսպանիայի հարաբերություններում խնդիրներ չկան, եւ դրանք հետապնդում են ռազմավարական շահեր։ Երկու երկրները Միջերկրական ծովի հակառակ ծայրերում են եւ այս ուղղությամբ ունեն համատեղ ծրագրեր։ Իսպանիայի հանրությունը Թուրքիայի մասին ընդհանրապես դրական կարծիք ունի: Այս ամենից ելնելով՝ Իսպանիայի խորհրդարանը, կառավարությունը եւ տեղական ինքնակառավարման մարմինները զգուշավորություն են ցուցաբերում այն բանաձեւերի հարցում, որոնք, անկախ բովանդակությունից, կարող են պատճառ լինել վերոնշյալ հարաբերություններում նվազագույն լարվածության առաջացման։ Տարբեր ժամանակահատվածներում խորհրդարանի տարբեր հանձնախմբերում, երբ Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկումներ են տեղի ունեցել, իշխող կուսակցությունը դեմ է քվեարկել, իսկ ընդդիմադիրների մեծամասնությունը դեմ կամ չեզոք դիրք է որդեգրել։ Այսպիսի վերաբերմունքի պատճառը եւ արդարացումը ռազմավարական գործընկերոջը չնեղացնելու մեջ են։ Ինքնավար մարզերի խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ ընդունելուց հետո ճնշումներ են գործադրվել ե՛ւ կենտրոնական իշխանությունների, ե՛ւ ուղղակի Թուրքիայի ներկայացուցիչների կողմից։
-Իսպանիայի կառավարությունը նախատեսում է հաջորդ տարի դեսպանատներ բացել մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։ Ի՞նչ նոր հնարավորություններ կստեղծի դեսպանատան բացումը երկու երկրների համար։
-Անշուշտ, սա նոր հնարավորություն է։ Պետք է նկատի առնենք, որ արցախյան երկրորդ պատերազմից հետո Հարավային Կովկասում իրավիճակ փոխվեց, որը գոյություն ուներ ավելի քան քսան տարի։ Նոր իրավիճակը, որը նախատեսում է ճանապարհների ապաշրջափակում, կարծես թե նոր հնարավորություններ է ընձեռում, որից փորձում է օգտվել Իսպանիան: Ակնկալվում է, որ Հնդկաստան-Իրան-Հայաստան-Վրաստան եւ Սեւ ծովով դեպի Եվրոպա ճանապարհները նոր հնարավորություններ կբացեն, եւ Իսպանիան ենթադրաբար հետաքրքրված է դրանով։ Հավանական է, որ հետագայում կլինեն նաեւ ներդրումներ տարբեր բնագավառներում, որոնք միգուցե Իսպանիայի համար առաջնահերթություն են եւ այդ երկիրը լավ փորձ ունի։ Այստեղ կարեւոր են, նաեւ Հայաստանի կեցվածքը, ակնկալիքը եւ առաջարկվող համագործակցության հնարավորությունները, թե ինչպես կկարողանա ներգրավել Իսպանիայի փորձը տարբեր ոլորտներում, որպեսզի զարգանա Հայաստանի տվյալ բնագավառը։
-Հայաստանի անկախացումից հետո թեեւ հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ, սակայն զարգացման մեծ դինամիկա չի նկատվել։ Ո՞ր ուղղություններով եք տեսնում երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման հեռանկարները։
-Համագործակցությունը կարող է լինել ամենատարբեր ոլորտներում։ Մեր երկու երկրներին կարող են մերձեցնել մշակույթների փոխճանաչելիությունը, նաեւ գրականությունը։ Իսպանիան մեծ փորձ ունի տեքստիլ արդյունաբերության ոլորտում, որը համաշխարհային շուկայում իր պատվավոր տեղն ունի։ Տեքստիլին վերաբերող որոշ արտադրություններ այլ երկրներում են, սակայն վաճառվում են իսպանական համաշխարհային բրենդների անվան տակ։ Հայաստանում իսպանական բրենդների համար տեքստիլ արտադրություններ արդեն սկսել են գործել, սակայն այն կարելի է ավելի զարգացնել, քանի որ, որպես ոլորտ, կարող է արդյունավետ լինել ու նոր հնարավորություններ ստեղծել տնտեսության մեջ։ Հեռանկարային կարող է լինել նաեւ զբոսաշրջության ոլորտում փոխգործակցությունը։ Մինչեւ համավարակը Իսպանիա էր այցելում տարեկան շուրջ 80 մլն զբոսաշրջիկ։ Հայաստանը կարող է օգտվել Իսպանիայի զբոսաշրջության ոլորտի ձեռքբերումներից եւ փորձից՝ նոր հեռանկարներ բացելու համար արդեն Հայաստանում։ Ի վերջո, Իսպանիայի զբոսաշրջիկների մեծ մասը եվրոպական երկրներից են, եւ Հայաստանը նույնպես պետք է աշխատի զբոսաշրջիկների թվաքանակի ավելացման ուղղությամբ, հատկապես Եվրոպայից հյուրեր ընդունելու համար՝ ստեղծելով գրավչություն եվրոպացիների համար կարեւոր եւ իրենց կողմից գնահատվող ոլորտներում։ Արդյունավետ կարող է լինել նաեւ գյուղատնտեսության եւ անասնապահության ոլորտում Իսպանիայի փորձի ուսումնասիրությունը, որը նույնպես շատ զարգացած է։ Իսպանիան հարուստ փորձ ունի նաեւ մարզական ոլորտում, մասնավորապես՝ ֆուտբոլ, թենիս, բասկետբոլ եւ այլն։ Կարելի է ուսումնասիրել մարզական կառույցները, կուտակած փորձը, ենթակառուցվածքները եւ ներդնել մեզ մոտ։ Խոսքը վերաբերում է հավաքական, թիմային խաղերին, իսկ Հայաստանն էլ, անշուշտ, ունի այնպիսի մարզաձեւեր, որոնցում մենք կարող ենք ներկայացնել մեր լավագույն փորձը։ Ինչ վերաբերում է քաղաքական մակարդակում հայ-իսպանական համագործակցությանը, ապա անհրաժեշտ է աշխատանք տանել եվրոպական տարբեր հարթակներում, այդ թվում՝ ԵԽԽՎ-ում, որտեղ իսպանական ներկայացուցիչները ընդհանրապես աչքի են ընկնում պրոթուրքական եւ պրոադրբեջանական կեցվածքով եւ կողմ են քվեարկում Հայաստանի դեմ նախագծերին՝ ոչ թե ի վնաս Հայաստանի, այլ ի շահ կամ հօգուտ իրենց ռազմավարական դաշնակցի։ Այստեղ մեծ աշխատանք ունի անելու հայկական կողմը, որպեսզի Իսպանիայի ներկայացուցիչների համար ընկալելի լինեն մեր տեսակետներն ու մոտեցումները, եւ նրանք առնվազն կողմ չքվեարկեն Հայաստանի դեմ նախագծերին։ Մյուս կողմից էլ՝ անհրաժեշտ է ստեղծել փոխադարձ այցելությունների հնարավորություններ, որոնք, բնականաբար, կնպաստեն, որպեսզի Իսպանիան ավելի լավ ճանաչի Հայաստանը, ընդունի որպես գործոն տարածաշրջանում, որի հետ կարելի է համագործակցել տարբեր բնագավառներում։