Բավական հետաքրքիր են ռուս-թուրքական հարաբերությունները, որոնք սերտ համագործակցությունից կարող են անցում կատարել հակամարտության փուլ եւ հակառակը։ Տնտեսական հարաբերությունները կարողանո՞ւմ են, արդյոք, մեղմել եւ չեզոքացնել աշխարհաքաղաքական հարթությունում ռուս-թուրքական հարաբերություններում առկա հակամարտությունը։ Ի վերջո, Ռուսաստանն ու Թուրքիան դաշնակիցնե՞ր են, հակամարտող կողմե՞ր, թե՞ թշնամական երկրներ, եւ որքանո՞վ է տուժում Հայաստանի շահը երկու պետությունների միջեւ տեղի ունեցող զարգացումների հետեւանքով։
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի «Դեմ առ դեմ» խորագրի շրջանակներում զրույցի ժամանակ ակադեմիկոս, արեւելագետ Ռուբեն Սաֆրաստյանը ռուս-թուրքական հարաբերությունները բնութագրեց հետեւյալ կերպ. ռազմավարական առումով հակառակորդներ են, մարտավարական առումով՝ փորձում են որոշակի շահեր գտնել եւ հավասարակշռել միմյանց. «Երկուսի ռազմավարական նպատակները շատ դեպքերում հակադրվում են իրար, ինչպես օրինակ՝ Հարավային Կովկասում, որը Խորհրդային Միության փլուզումից հետո տասնամյակներ շարունակ եղել է Ռուսաստանի միանձնյա ազդեցության գոտի։ Հիմա Թուրքիան մխրճվել է Հարավային Կովկաս եւ փորձում է թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը։ Այսինքն՝ այստեղ ռազմավարական առումով հանդես են գալիս որպես հակառակորդներ, բայց մյուս կողմից՝ Ռուսաստանն ու Թուրքիան վերջին տարիներին գտնում են այնպիսի մարտավարական բնագավառներ, որտեղ կարողանում են համագործակցել։ Դրա վառ օրինակներից է Սիրիան»։
Երկու երկրներն ունեն նաեւ տնտեսական լուրջ շահեր, օրինակ՝ Թուրքիայի զբոսաշրջության զգալի մասը պայմանավորված է ռուս զբոսաշրջիկներով, ռուսական շուկան շատ կարեւոր է թուրքական գյուղատնտեսական ապրանքների համար, իսկ Ռուսաստանի ներքին տնտեսական կյանքում կարեւոր դերակատարում ունեն թուրքական շինարարական եւ մանրածախ առեւտրի ընկերությունները։ Չմոռանանք նաեւ ռուս-թուրքական խոշոր նախագծերի մասին, մասնավորապես՝ ատոմակայանը Թուրքիայում, գազատարները, ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը։ Սպասվում է, որ կկնքվի արդեն երկրորդ գործարքը՝ C-400-ների հետ կապված, հայտարարվեց նաեւ, որ համաձայնություն է ձեռք բերվել արտադրությանը Թուրքիայի մասնակցության վերաբերյալ։ «Գաղտնիք է պահվում, թե ինչ մակարդակով կլինի այդ մասնակցությունը, բայց փաստացի ռուսները որոշ չափով թույլ են տվել այն, ինչին թուրքերը վաղուց էին ձգտում։ Այստեղ եւս հետաքրքիր հանգամանք կա. թեպետ Թուրքիան դեմ գնաց Միացյալ Նահանգների պահանջներին, չհրաժարվեց C-400-ներից եւ 3-4 միլիարդ դոլար արժողությամբ գործարք կնքեց Ռուսաստանի հետ (իհարկե, մեծ մասը վարկ ստացավ Ռուսաստանից), բայց դրանք (C-400-ները.-խմբ.) դեռեւս չեն մտցվել թուրքական հակաօդային պաշտպանության համակարգ, պահեստավորված վիճակում են՝ կարծես մեռյալ ապրանք։ Հենց այստեղ էլ երեւում է թուրքական քաղաքականության բուն էությունը, այն է՝ հակաամերիկյան մեծ շոու սարքելով գնացին այդ գործարքին, բայց ամերիկացիներից վախենալով այն չեն օգտագործում»,- մանրամասնեց արեւելագետը։ Ի դեպ, ԱՄՆ-ն անհանգստացած էր, որ եթե C-400-ներն ինտեգրվեն թուրքական ՀՕՊ համակարգ, ապա դրա միջոցով Ռուսաստանը կկարողանա իմանալ ամերիկյան օդային ուժի առանձնահատկություններն ու գաղտնիքները։
Ռուս-թուրքական հարաբերությունների առանձնահատկություններից է այն, որ Թուրքիան փորձում է «խաղալ» Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերություններում առկա լարվածության վրա եւ օգտագործել այն սեփական շահերն առաջ մղելու համար։ Ռուսաստանը լուրջ պատժամիջոցների տակ է եւ շահագրգռված է Թուրքիայի հետ տնտեսական, ռազմական կապերով, իսկ Թուրքիան էլ իր անհնազանդությունն է ցույց տալիս Նահանգներին։ «Սա Ռուսաստանին դուր է գալիս, եւ նա փորձում է իրեն մոտեցնել Թուրքիային, սակայն դա խաբուսիկ խաղ է Թուրքիայի կողմից, քանի որ վերջինս Ռուսաստանի հետ լուրջ համագործակցության չի գնա։ Էրդողանը «առեւտուր» անելու մեծ վարպետ է, նա Արեւմուտքին է վաճառում իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչպես Ռուսաստանին՝ Արեւմուտքի հետ հարաբերությունները։ Դրա դիմաց թե՛ Արեւմուտքից, թե՛ Ռուսաստանից պահանջում է զիջումներ»,- ընդգծեց զրուցակիցս։
Ռուս-թուրքական խորքային փոխհարաբերությունների համար յուրօրինակ կատալիզատորի դեր խաղաց «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելիի՝ Էրդողանին նվիրած թյուրքական աշխարհի քարտեզը։ Դրա շուրջ կրքերը չեն մարել, եւ առայսօր այն արձագանք է գտնում Ռուսաստանի թե՛ հանրության, թե՛ քաղաքական շրջանակներում։ Սաֆրաստյանի խոսքերով՝ պատասխանը մի քանի շերտ ունի. առաջինը՝ ռուսական վերլուծական միջավայրը, զանգվածային լրատվամիջոցներն ու քաղաքական շրջանակները դժգոհություն հայտնեցին, քանի որ քարտեզի վրա թյուրքական աշխարհ ներկայացվածի մեծ մասը Ռուսաստանն էր։ Երկրի բարձրագույն ղեկավարությունը՝ ի դեմս նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի, փորձեց դրա նշանակությունը ցածրացնել եւ կատակով արձագանքեց։ Եթե քարտեզի մասով, գոնե երեւացող մակարդակով, Ռուսաստանը փորձում է ցածրացնել դրա նշանակությունը, ապա իր անթաքույց դժգոհությունն է արտահայտում պանթուրքիզմի քաղաքականության այն դրսեւորումներին, որոնք առնչվում են մասնավորապես Թուրքիայի կողմից Կենտրոնական Ասիայի՝ ՀԱՊԿ-ի անդամ երկրների հետ ռազմական ոլորտում հարաբերությունների զարգացմանը։
Անդրադառնալով «3+3» ձեւաչափին՝ ակադեմիկոսն ընդգծեց, որ այն թուրքական նախաձեռնություն է, որով Թուրքիան ցանկանում է տարածաշրջանում որոշում կայացնող կենտրոններից մեկը դառնալ Ռուսաստանի հետ միասին։ «2008-ին եւս Թուրքիան նմանատիպ նախաձեռնությամբ հանդես եկավ։ Այն ժամանակ «3+2» էր, որի մեջ էին Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանն ու Թուրքիան։ Հիմա ավելացել է Իրանը։ Թուրքական տեսակետից այս նախաձեռնությունների իմաստը եւ նպատակը հետեւյալն է՝ օրինական իրավունք ապահովել Թուրքիայի համար՝ տարածաշրջանում իր ազդեցությունն ուժեղացնելու նպատակով»,- պարզաբանեց արեւելագետը։
Նշենք, որ ՌԴ արտաքին գործերի նախարարության հրավերով դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացել է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի ձեւավորմանն ուղղված առաջին հանդիպումը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի ներկայացուցիչները՝ ԱԳ նախարարների տեղակալների մակարդակով։ ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային հնարավոր համագործակցության շրջանակները, որոնք ներառել են տնտեսության, տրանսպորտի, մշակույթի եւ հումանիտար բնագավառներին վերաբերող հարցեր։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գեւորգյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը, որ տարածաշրջանային խորհրդակցական հարթակի օրակարգը պետք է միտված լինի տարածաշրջանային համագործակցության փոխշահավետ եւ փոխընկալելի օրակարգի ձեւավորմանը՝ զերծ մնալով միջազգային այլ հարթակների, այդ թվում՝ հակամարտությունների կարգավորման մանդատ ունեցող ձեւաչափերի գործունեության կրկնորդումներից։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել խորհրդակցությունները՝ հիմնվելով տարածաշրջանի բոլոր երկրների իրավունքների հարգման եւ ներգրավման անհրաժեշտության վրա։
Որոշում է ընդունվել «3 + 3» ձեւաչափով տարածաշրջանային խորհրդատվական հարթակի հանդիպումներն անցկացնել տարին առնվազն երկու անգամ։ Թեեւ հանդիպմանը չի մասնակցել Վրաստանի ներկայացուցիչը, սակայն մասնակիցները հավանություն են տվել Վրաստանի հնարավոր միացմանը այս ձեւաչափին եւ նշել, որ քննարկումների արդյունքների մասին կտեղեկացվի նաեւ վրացական կողմը։