Մամուլում շարունակվում են Իրանի ու Իսրայելի միջեւ հնարավոր պատերազմի մասին լուրերի քննարկումներն այն բանից հետո, երբ հաղորդվեց Թել Ավիվի պլանների մասին՝ հարձակվելու Իսլամական Հանրապետության վրա: Թել Ավիվն ու Թեհրանն առայժմ փոխանակվում են ԶԼՄ-ների միջոցով կատարած բառային հարվածներով: Այս ամենը տեղի է ունենում «միջուկային գործարքի» դադարեցման ֆոնին: Սակայն պետք է գիտակցել, որ ռազմական կարեւոր գործողությունը գործնականում նախօրոք չէր թմբկահարվի: Հնարավոր պատերազմի մասին աղմուկը, հավանաբար, նպատակ ունի ՌԴ-ին, ԱՄՆ-ին ու Եվրամիությանը ցուցադրել թեմայի կարեւորությունն ու նրա վրա աշխատելու անհրաժեշտությունը:
Վերջին օրերին ողջ աշխարհը խոսում էր նորության մասին, որ Իսրայելը կարող է ռազմական օպերացիա նախապատրաստել Իրանի դեմ: Իբր, Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը զորքերին արդեն հրամայել է պատրաստվել եւ նույնիսկ խորհրդակցել է Վաշինգտոնի հետ:
Դեկտեմբերի 11-ին «Reuters» գործակալությունը հաղորդեց այս մասին՝ հենվելով Սպիտակ տան ներկայացուցչի վրա: Հաստատվում է, որ իսրայելցիները դժգոհ են պասիվ ԱՄՆ-ից ու ցանկանում են ինքնուրույն լուծել Իրանի միջուկային ծրագրի հարցը, որը սպառնում է հրեական պետության գոյությանը:
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին նշում է, որ աշխարհի ոչ մի այլ երկիր, որը միջուկային զենք չունի, ուրանի հարստացման մեջ այնքան առաջ չի գնացել, որքան Իրանը: Գրոսսին դրանում վստահ է նույնիսկ այն տվյալների հիման վրա, համաձայն որի՝ Իրանին արդեն հաջողվել է ուրանը հարստացնել մինչեւ 60 տոկոս: Բայց միեւնույն ժամանակ Գրոսսին խոստովանել է, որ այն պատճառով, որ իրանցիները թույլ չեն տվել գերատեսչության տեսուչներին՝ այցելելու միջուկային օբյեկտներ, Իրանի իրական հաջողությունների գաղափարը բավական «մշուշոտ» է։
Իսրայելական «Yedioth Ahronot»-ը գրում է, որ Սիրիային ռազմաօդային ուժերի վերջին հարվածն ազդանշան է Թեհրանին։ Իր հերթին՝ իրանական «Tehran Times»-ում տագնապալի հոդված է հայտնվել Իսրայելի սպառնալիքին դիմակայելու պատրաստակամության մասին։ Իրանի եւ Իսրայելի միջեւ անմիջական կամ իրանամետ ուժերի, հիմնականում՝ լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման միջոցով, մոտալուտ հակամարտության հավանականության մասին երկար ժամանակ է՝ գրվում է մամուլում: Այդուհանդերձ, առայժմ քիչ բան է վկայում դրան նախապատրաստության մասին: Նույն «Հեզբոլլահը» հիմա ավելի շատ զբաղված է ներլիբանանյան խնդիրներով, քան Իսրայելին հարվածի նախապատրաստությամբ։ Ինչ վերաբերում է հրեական պետությանը, այստեղ նույնպես մոտալուտ հակամարտության նախանշաններ չկան։
«Այստեղ փիլիսոփայելն անիմաստ է: Եթե Իսրայելին ռազմական գործողությունը հիմա պետք լիներ, ապա այն արդեն իրականացված կլիներ, եւ մինչեւ կատարման ավարտը մենք դրա մասին դժվար թե իմանայինք: Միջուկային ռեակտորների դեմ այդպիսի գործողություններն Իսրայելի կողմից կատարվել են երկու անգամ՝ Սիրիայում եւ Իրաքում»,- ասել է Բենյամին Նաթանյահուի նախկին խորհրդական եւ քաղաքագետ Բենի Բրիսկինը:
Փորձագետը «Նեզավիսիմայա գազետայի» հետ զրույցում կարծիք է հայտնել, որ պոտենցիալ հակամարտության շուրջ աղմուկն առաջին հերթին ուղղված է Իսրայելի եվրոպական գործընկերներին՝ ԱՄՆ-ին, Ռուսաստանին ու Չինաստանին, որպեսզի նրանք ավելի շատ անհանգստանան Իրանի միջուկային ծրագրի խնդրով:
«Նման հռետորաբանությունը հենց նրանց է ուղղված: Իրանի վրա ճնշման նման միջոցները չեն գործում, ինչպես եւ, ի դեպ, Հյուսիսային Կորեայի վրա: Բայց տեղեկատվական աղմուկի ստեղծումն ամենեւին էլ պատահական չէ ու նպատակ ունի ավելին ստանալ ԱՄՆ-ից ու բանակցությունների միջնորդներից»,- կարծում է Բրիսկինը: Նրա հետ համամիտ է ՌԴ ԳԱԱ Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության ու միջազգային հարաբերությունների ինստիտուտի գիտաշխատող Լյուդմիլա Սամարսկայան: Նա նշել է, որ չնայած Թել Ավիվը փորձում է խանգարել գործարքի կնքմանը, որի արդյունավետությանն Իսրայելում չեն հավատում, բայց միեւնույն ժամանակ ԱՄՆ-ի ու Իրանի բանակցությունների հաջողության դեպքում հրեական պետության համար աշխարհի վերջը չի երեւում:
«Ամենայն հավանականությամբ, ուղիղ ռազմական բախում չի լինի, դա դժվար էր պատկերացնել նաեւ մեկ տարի առաջ, սակայն փոխադարձ ոչ լայնածավալ կետային հարվածների վտանգը պահպանվում է՝ հակառակորդին ցույց տալու համար, որ նրա մոտ «ամեն ինչ կարգին չէ»: Օրինակ՝ բոլորովին վերջերս Իսրայելն Իրանի կողմից ենթարկվեց հաքերային գրոհի»,- շեշտել է փորձագետը:
Իրանը հարվածով է սպառնացել Իսրայելին ու աշխարհին ցուցադրել թիրախների քարտեզը: Ցուցակում ընդգրկվել են նաեւ Պաղեստինի ինքնավարության տարածքում տեղակայված օբյեկտները: Այդ հարվածը տեղի կունենա, եթե գրոհ ձեռնարկի իրանական միջուկային օբյեկտների վրա: Թիրախային քարտեզը հրապարակվել է իրանական «Tehran Times» թերթում՝ «Ընդամենը մեկ քայլ եւ…» նախազգուշացնող վերնագրով: Քարտեզը լի է կարմիր կետերով՝ Էյլաթից մինչեւ Հերմոն: Իսլամական պետության ղեկավարությունը պատրաստվում է ռմբակոծել նաեւ Գազայի հատվածը:
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Մոհամմադ Բագերին հայտարարել է, որ իրանական կողմը երբեք չի թերագնահատում հակառակորդին ու պատրաստ է նույնիսկ ազգային անվտանգությանը նվազագույն սպառնալիքին: Զինվորականներն այժմյան իրավիճակին համահունչ առավելագույն զգոնություն են դրսեւորում: Գեներալ-մայորը հիշեցրել է Իրաքի արեւմտյան մասում ամերիկյան ռազմաբազային հասցված իրանական հարվածը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի ռազմավարական անօդաչուի խոցումը, եւ հայտարարել է, որ այդ դրվագները «պետք է ուսուցողական նշանակություն ունենան հակառակորդի համար»: Հոդվածում քննարկվել են նաեւ իսրայելական ռազմաօդային ուժերի պլանները՝ մասշտաբային զորավարժություններ անցկացնելու 2022 թ. գարնանը՝ «F-15», «F-35» եւ «F-16» կործանիչների մասնակցությամբ, ինչպես նաեւ Իսրայելի մտադրությունները՝ ավելացնելու օդային եւ ռազմական հետախուզության սպաների թիվը։
Թեհրանն սկսել է բացահայտ կերպով սահմանին մոտեցնել հարյուրավոր հրթիռային համակարգեր՝ Իսրայելին հարվածի ժամանակը կրճատելով ու հասցնելով 5-6 րոպեի: Այս պահին հայտնի է, որ Իրանը որոշել է իր արեւմտյան սահմանների մոտ տեդակայել մի քանի հարյուր հրթիռային համակարգ՝ թիրախի խոցման 1500-2000 կմ հեռահարությամբ: Դրանք ավելի վաղ գտնվում էին Իսլամական Հանրապետության կենտրոնական մասում, սակայն հիմա 2000 կմ-ի փոխարեն իրանական հրթիռները պետք է հաղթահարեն մոտ 1000 կմ: Այս մասին տվյալները նշել է իրանցի լրագրող Հայալ Մուազինը՝ հենվելով AP-ի տվյալների վրա:
«Նույնիսկ եթե Իսրայելը որոշի միայնակ հարձակվել Իրանի վրա, բնական է, որ իսրայելական հրթիռները չեն կարող խոցել բոլոր թիրախները, իսկ հավանականությունը, որ Իսրայելը կարող է հաջողությամբ հետ մղել մի քանի հարյուր բալիստիկ ու թեւավոր հրթիռները, շատ փոքր է: Բացառված չէ, որ իսրայելական կործանիչները վերադառնալու տեղ չեն ունենա, քանզի մինչ այդ, երբ նրանք կսկսեն վերադառնալ իրենց ռազմաբազաներ, դրանք ոչնչացված կլինեն, ինչպես եւ Իսրայելի տարածքի 90 տոկոսը»,- նշել է վերլուծաբանը:
Ավելի վաղ ԱՄՆ-ն հրաժարվել է պաշտպանել Իսրայելին Իրանի դեմ հնարավոր պատերազմում՝ շեշտելով, որ իսրայելական կողմի փաստարկները սխալ են եւ միայն ագրեսիա են կրում: