Համավարակի կանխարգելմամբ պայմանավորված, Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ երկրի տարածքում մեկ ամիս առաջ կարանտին է հայտարարվել, ինչի պատճառով սահմանափակվել են բազմամարդ հավաքույթներն ու մշակութային միջոցառումները: Չնայած պետական երգչախումբը մեծ ոգեւորությամբ պատրաստվել էր հիմնադրման 30-ամյա հոբելյանին, եւ երգի, երաժշտության սիրահարներն անհամբերությամբ սպասում էին այդ կապակցությամբ ծրագրվող համերգին, սակայն ձեւաչափի մեջ փոփոխություն տեղի ունեցավ եւ շատ քչերին հնարավորություն ընձեռվեց ներկա գտնվել Ստեփանակերտի պետական պատկերասրահում կայացած խորհրդանշական հանդիպմանը:
«Բեմահարթակում», բնականաբար, երգչախմբի անդամներն էին՝ կոլեկտիվի հիմնադիր եւ անփոփոխ գեղարվեստական ղեկավար, հանրապետության վաստակավոր արտիստուհի Նինա Գրիգորյանի գլխավորությամբ: Ներկաներին համառոտ ներկայացնելով երգչախմբի մտահղացման պատմությունը եւ նրա անցած ճանապարհը, Ն. Գրիգորյանը հոգատար տանտիրոջ եւ մայրական սրտացավությամբ խոսեց ընտանիքի անդամների եւ ստեղծագործական ծրագրերի, կոլեկտիվում ստեղծված ջերմ մթնոլորտի եւ երկրպագուների հետ ունեցած ավանդական կապերի մասին: Երգչախումբը սկզբնական շրջանում «Վարարակն» անունն էր կրում, իսկ հետագայում, երբ պետական կարգավիճակ ստացավ, «պաշտոնական ձեւակերպման» համաձայն, անվանակոչվեց Արցախ:
Գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Նինա Գրիգորյանի հավաստմամբ, ծննդյան օրից ոչ քիչ դժվարություններ եւ փորձություններ է հաղթահարել կոլեկտիվը, մինչեւ քայլ առ քայլ կատարելագործվել, արհեստավարժի ու բարձրաճաշակ կատարողի համբավ է վայելել խստապահանջ երաժշտասերների շրջանում, դուրս եկել համահայկական դաշտ՝ փորձելով հանրությանը ներկայացնել հայ երգչախմբային արվեստը, Արցախը ճանաչելի դարձնել արտերկրում: Հարուստ եւ բազմաշերտ համերգացանկը, որի մեջ տեղ են գտել ինչպես հայ դասականների ու ժամանակակից կոմպոզիտորների, այնպես էլ՝ «համաշխարհային աստղաբույլի ներկայացուցիչների ստեղծագործությունները», շարունակ թարմացվել է, հարստացվել: Իսկ հյուրախաղերի աշխարհագրական պատկերը բավականին խոսուն է եւ գունեղ, ինչի մասին վկայում են տարբեր լրատվամիջոցներում արվեստագետների կողմից երգչախմբի կատարումներին տրված բարձր գնահատականները: Կոլեկտիվի ելույթները ջերմ արձագանք են գտել Իսպանիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Իտալիայում, Կանադայում, Կիպրոսում, Լիբանանում, Եգիպտոսում… Երգչախումբը միայն երեք անգամ մասնակցել է Իսպանիայում կայացած երգչախմբային կոլեկտիվների միջազգային մրցույթներին եւ Արցախ վերադարձել հաղթանակած՝ «Գրան պրիի» մրցանակներով:
Եվ միանգամայն իրավացի է գեղարվեստական ղեկավարն իր բնութագրական որակումներում ու «քնարական զեղումներում», որ հաջողությունների գաղտնիքը համերաշխության, փոխադարձ հարգանքի ու վստահության մեջ է: «Սա մի ընտանիք է, որտեղ ամեն ինչ կարող է լինել, ստեղծագործական վեճեր, խռովություններ, հաշտություն, սեր եւ այլն: Սակայն վստահեցնում եմ, որ կոլեկտիվի անդամներից ոչ մեկը երբեք կասկածի տակ չի դրել ընտանիքի միասնականության եւ համախմբման, մշակութային արժեքներին հավատարիմ լինելու սկզբունքը,- ասում է Նինա Գրիգորյանը:- Իսկ քանի որ բոլորն էլ իմ զավակներն են, ես ձգտում եմ հավասարապես մայրություն անել, հորդորել, դաստիարակել ու սիրել»…
Միջոցառմանը, որին ներկա էին պետական այրեր, արվեստագետներ, մայրաքաղաքի հասարակայնության ներկայացուցիչներ, երգչախմբի կատարմամբ հնչեցին Կոմիտասի եւ համաշխարհային լավագույն հեղինակների ստեղծագործություններից:
Կոլեկտիվին շնորհավորելով հոբելյանի կապակցությամբ, ԱՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը ստեղծագործական նորանոր վերելքներ մաղթեց կոլեկտիվին, ընթերցեց նախագահ Ա. Հարությունյանի հրամանագիրը, որի համաձայն Նինա Գրիգորյանը պարգեւատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով: