Հայրենական պատերազմի ամենաթեժ մարտերի օրերին, երբ ողջ երկիրն ընկղմված էր հիտլերյան ֆաշիզմի կյանքի եւ մահի աննախադեպ գոտեմարտի, խորհրդային միութենական կառավարությունը, լավ գիտակցելով հայ գիտնականների խոր ու կառուցողական գործունեությունը եւ հայ գիտության ներկայիս եւ մանավանդ ապագայի ներուժը գիտության զարգացման պրոցեսում, 1943 թ. նոյեմբերին որոշում ընդունեց ՍՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի հիման վրա ստեղծել Հայաստանի Հանրապետության գիտությունների ակադեմիա (նախագահությամբ ակադեմիկոս Հովսեփ Օրբելու)։ Ազգային ակադեմիայի հիմնադիր անդամների թիվը 23 էր, այդ թվում եւ՝ Ավետիք Իսահակյանը։
Իսահակյանն անհուն բերկրանքով եւ հպարտությամբ է ընդունում այդ լուրը։ Ստեղծվում է գիտական մի հեղինակավոր կենտրոն, որը կհամախմբի, կամբողջացնի եւ ուղղություն կտա գիտական ինստիտուտների, կազմակերպությունների, մտավորականների եւ անհատ գիտնականների աշխատանքին։ Երկիրն իր վրա է վերցնում ծանր պայմաններում հսկայական ծախսեր` հավատալով ու գիտակցելով այն բարենպաստ ազգանվեր դերը, որ կատարում են հայ գիտնականները` առավել մեծ հույսեր կապելով ապագայի նրանց գործունեության վերաբերյալ։
Այսօր, երբ մթագին ամպեր են կուտակվում հայոց գիտական մտքի եւ նրա միջնաբերդի՝ ՀՀ ազգային ակադեմիայի գլխին, մի առանձին իմաստ է ստանում Ստալինգրադյան ճակատամարտի օրերին գրված Իսահակյանի հոդված-պատգամը։ Պարզվում է, որ միութենական կառավարությունն ըմբռնում է հայ գիտության դերն ու նշանակությունը, իսկ հարազատ երկրի կառավարությունն այն հարցականի տակ է դնում։ Պարզվում է՝ երբ մենք ԽՍՀՄ էինք, մեր գիտությունը պիտի զարգանար եւ ամրանար, իսկ երբ ՀՀ ենք՝ Հայաստանի անկախ հանրապետություն, մեր գիտությունը պիտի մասնատվի առանձին ավտոնոմ ճյուղերի, շերտ-շերտ բաժանվի տնայնագործ ցեխերի, ակադեմիկոսներն էլ թող իրենց ճարը տեսնեն, ով տանը մասնավոր դասեր կտա, իսկ տարեցները իրենց թոշակով կհասնեն մինչեւ հիվանդանոցներ՝ ակնկալելով անվճար դեղամիջոցներ ստանալ։ Ավելի երիտասարդներն էլ կաշխատեն ունեւոր ընտանիքներում վարձու մանկավարժ, թարգմանիչ, էքսկուրսավար մեր երբեմնի հնագիտական վայրերում եւ վերջապես, տաքսու վարորդներ։
Գրում եմ այս ամենը խոր դառնությամբ` հավատալով, որ մի օր այս ամենը կշտկվի։ Եվ կշտկվի զուտ հայրենասիրական գիտակցությամբ, որ, վերջապես, այնտեղ, ուր պետքն է՝ կհասկանան, թե որն է «գլխավոր հարվածի ուղղվածությունը»` վերջ տալով անվերջ պառակտողների քաղաքական խաղերը եւ նախարարա-կոմիտեական շրջանակների բյուրոկրատական քաշքշուկը։ Եվ թե պատերազմական իրավիճակում որքա՜ն է անհրաժեշտ գիտությունների ազգային ակադեմիան նոր ռազմական բախումներից պատվով դուրս գալու համար։
Ավիկ ԻՍԱՀԱԿՅԱՆ
բ.գ.դ., պրոֆեսոր
Ավետիք ԻՍԱՀԱԿՅԱՆ
Հայաստանի գիտությունների
ակադեմիայի հիմնադիր-անդամ
Մեր ժողովրդի պարծանքն ու հպարտությունը
Հայաստանում գիտությունների ակադեմիայի բացումը համընկնում է Սովետական Հայաստանի 23-րդ տարեդարձի հետ: Այս երկու նշանակալից իրողությունները եւ տոները հայ ժողովրդի սիրտը ամենուրեք պիտի լցնեն կրկնակի ուրախությամբ եւ անհուն ցնծությամբ:
Հայաստանը 23 տարվա ընթացքում, շնորհիվ խորհրդային իրավակարգի մշտական օժանդակության, մոխիրների միջից բարձրացավ, կառուցեց իր պետականությունը եւ կազմակերպվեց: Համեմատաբար կարճ ժամանակում կտրեց անցավ զարգացման երկար ուղի: Իր տարեգրքում նշեց հառաջադիմության անթիվ եւ զարմանալի փաստեր մշակութային եւ տնտեսական զանազան մարզերի մեջ: Ունեցավ իր համալսարանը բոլոր ճյուղերով, կոնսերվատորիան, նկարչական դպրոցը, մասնագիտական ինստիտուտներն ու տեխնիկումները: Կազմակերպեց թանգարաններ, ճոխ գրադարաններ եւ այլն, եւ այլն:
Մայրաքաղաքում՝ Երեւանում հավաքվեցին բարձր որակի մտավորականներ, գիտնականներ, արվեստի մարդիկ, եւ պատրաստվեցին գիտական երիտասարդ կադրեր համալսարանի, ինստիտուտների եւ ակադեմիայի հայկական մասնաճյուղի շուրջը: Կատարվեցին տեսական եւ գործնական նվաճումներ գիտության զանազան բնագավառներում, եւ այս ամենը նախապատրաստեցին, հարթեցին ուղին եւ հասունացրին ակադեմիայի անհրաժեշտությունը:
Առանց այդ պատմական նախադրյալների անկարելի էր կենսագործել հայկական ակադեմիայի գաղափարը Հայաստանի տերիտորիայի վրա:
Գերմանական իմպերիալիստների սկսած այս աշխարհավեր պատերազմի օրերում, երբ Հիտլերը բաց թողեց իր արյունարբու հորդաները՝ խորտակելու Սովետների Միությունը, լծի տակ քաշելու ժողովուրդներին՝ արհամարհելով նրանց ինքնուրույն գոյության իրավունքը, ժխտելով նրանց պատմությունը եւ կուլտուրական ունակությունները, Հայաստանի ակադեմիայի բացումը մի նոր ջախջախիչ հաղթանակ է խավարակուռ հիտլերիզմի դեմ, միաժամանակ սիմվոլիկ եւ ներշնչող փաստ է մեր Միության անսասանության եւ մեր ողջ լուսավոր պետականության:
Հայկական կյանքում ակադեմիայի հիմնարկումը մի հոյակապ սկզբնավորություն է՝ հարուստ հեռանկարներով հղի:
Հայ ժողովուրդն ավելի քան երկհազարամյա իր գոյության ընթացքում ստեղծել է իր մշակույթը, որ դարերի անձնազոհ քաջությամբ պահել, պաշտպանել ու զարգացրել է եւ հասցրել է մեզ. մենք ստացել ենք մեծ եւ թանկարժեք ժառանգություններ՝ հին կլասիկ լեզու եւ նոր աշխարհիկ ճկուն լեզու, հարուստ գրականություն, ճոխ ֆոլկլոր եւ իմաստուն էպոս, պատկառելի ճարտարապետություն եւ ժողովրդական սրտագին մելոս:
Մեծ է եւ բազմակողմանի ակադեմիայի կատարելիք գործը մեր անցյալի ժառանգության գիտականորեն լուսաբանման, վերագնահատման եւ արժեքավորման տեսակետից:
Նա պիտի համախմբե հայ միտքը եւ գլխավորե այն: Արդի գիտական մեթոդների լուսարձակի տակ նա պիտի գունավորե հետազոտությունները եւ ուսումնասիրությունները: Գիտական անսպառ անալիզի բովով պիտի անցկացնե մեր բովանդակ մշակույթը եւ կազմե նրա սինթեզը՝ հայտնաբերելով բյուրեղացած, անվիճելի արժեքներ ազգային եւ համամարդկային իմաստով:
Նա պիտի ճշտե հայ բառերի սեմասիոլոգիան եւ քերականությունը, Հայաստանի տոպոնիմիկան պիտի կազմե գիտության բոլոր ճյուղերի ակադեմիկ տերմինոլոգիան:
Նա պիտի լուսաբանե մեր գրականության ղեկավարող գաղափարները եւ հույզերը, այն, ինչ որ դարերի մեջ եղել է մեր հոգեկան աթմոսֆերան: Նա պիտի յուրաքանչյուր գրողի տեղը որոշե մեր գրականության պատմության մեջ:
Նա պիտի որոշե նաեւ մեր ճարտարապետության ինքնուրույն ոճի տեղն ընդհանուր ճարտարապետական արվեստի մեջ, պիտի ցուցաբերե մեր արվեստի կրած ազդեցությունները եւ նրա հեռազդու ճառագայթումը ուրիշ ժողովուրդների արվեստի վրա:
Նա պիտի սպառիչ հետազոտության ենթարկե հայ պատմությունը շաղկապված համաշխարհային պատմության հետ: Պիտի լուսաբանե մեր պատմության մղիչ ուժերը, նրա պաֆոսը: Պիտի արտացոլե հայ ժողովրդի ձգտումների իմաստը եւ նպատակը, որոնք կազմում են ժողովրդի պատմական ճակատագիրը:
Նա պիտի մեծ ջանք թափե մաթեմատիկայի, բնական գիտությունների՝ ֆիզիկայի, քիմիայի զարգացման համար Հայաստանում եւ նրանց գործնական կիրառության, նույնչափ բժշկության, գյուղատնտեսության համար:
Ակադեմիան պիտի սերտ համագործակցության մեջ մտնի եղբայրական հանրապետությունների հետ: Նա ջերմ հարաբերության մեջ պիտի մտնի արտասահմանի հայ առաջադեմ մտքի հետ, պիտի քաջալերե եւ խրախուսե այնտեղ ապրող հայ գիտնականներին:
Աճեցնելով նոր, երիտասարդ աշխատունակ կադրեր` ընդլայնելով իմացության սահմանները՝ նա պիտի համընթաց քայլե գիտությունների համամիութենական ակադեմիայի հետ, պիտի աջակցե Միության հզորացմանը եւ բարձրացմանը, պիտի հասնի՝ մասնակցելու լուծմանը գիտական այն մեծ պրոբլեմների, որոնք դրված են ՍՍՌՄ գիտությունների ակադեմիայի առաջ, ուրեմն եւ բովանդակ մարդկության առաջ – այսպիսով, հայ ժողովուրդը կբերե իր միտքը եւ իր խոսքը ասած կլինի համաշխարհային կուլտուրայի պրոգրեսի մեջ:
Եվ, վերջապես, Հայկական ակադեմիայի կուլտուր-պատմական մեծ գործերից առաջնակարգն է՝ բարձրացնել հայ ժողովրդի ինքնաճանաչությունը, խորացնել հայրենասիրությունը, գիտակցական սեր զարգացնել նրա մեջ դեպի իր հայրենիքը, լեզուն, մշակույթը եւ հավատ դեպի իր պայծառ ապագան: Ակադեմիան պիտի հանդիսանա մեր ժողովրդի պարծանքն ու հպարտությունը: Նա պիտի լինի մեր կուլտուրայի գագաթը:
Ակադեմիայի հարգելի անդամների վրա ընկած է պատմական խոշոր դեր. սովետահայ հասարակայնությունը եւ պետությունը նրանց արժանացրել են բարձր կոչումի: Բոլոր ոգեւորությամբ եւ եռանդով պիտի լծվել աշխատանքի արդարացնելու դեպի մեզ տածած վստահությունը, բայց, նամանավանդ, հաջողությամբ պսակելու մեծ սկզբնավորությունը:
Այս հանդիսավոր օրը մենք չենք կարող ի լուր ամենի չարտահայտել մեր սրտի անսահման բերկրանքը, որ աշխարհահեղեղ այս պատերազմը վաղուց արդեն բեկվել է ի նպաստ Մեծ Միության:
Մեր քաջարի եւ պանծալի կարմիր բանակը, մեծագույն հաղթանակով, դարերի լուսապսակով կզարդարե մեր հերոսական էպոխան, ի կատար կհասցնե մեր նվիրական հայրենիքի անորակելի պայքարը բռնության եւ չարության ընդդեմ: Շուտով կբերե նոր ստեղծագործ խաղաղությունը, եւ մեր մեծածավալ հայրենիքի կուլտուրան նոր թափ ու թռիչք կստանա:
Փա՜ռք մեր անմահ հերոսներին, որ ընկան պարտքի սրբազան դաշտում:
Փա՜ռք մեր աննկուն հերոսներին, որ վանում են վայրագ թշնամուն մեր օջախներից, արտերից ու դաշտերից դուրս:
Բոլոր սրտով ողջունում եմ Սովետական Հայաստանի գիտությունների ակադեմիայի բացումը:
1943 թ., նոյեմբեր, Երեւան
(Առաջին անգամ տպագրվել է «Սովետական Հայաստան» թերթում, 1943, նոյեմբերի 30)։