Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 8, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Իրանի հետ պատերազմը կարող է անակնկալի բերել Իսրայելին

Թել Ավիվն ուժ չունի լայնածավալ օպերացիայի համար

Դեկտեմբերի 21, 2021
Միջազգային
Իրանի հետ պատերազմը կարող է անակնկալի բերել Իսրայելին
14
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.4k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վերջին շրջանում հաճախ է խոսվում իրանա-իսրայելական հնարավոր պատերազմի մասին: Վերլուծաբանները ռազմական բախման հավանականությունը կապում են իրանական միջուկային ծրագրի հետ: Երբ վերջերս ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզության վարչության տնօրենը նշեց, որ Իրանը միջուկային զենք ստեղծելու մտադրություն չունի, որ ագրեսիա դրսեւորվում է միայն Իսրայելի կողմից, որ Միացյալ Նահանգներն այս դեպքում չի դառնա իսրայելական նկրտումների իրականացնողը, Թել Ավիվը պաշտոնապես հայտարարեց, որ պատրաստ է միայնակ ռազմական գործողություններ սկսել Թեհրանի դեմ: Հայտարարություն, որը, ըստ էության, ոչ այնքան պատերազմի կոչ էր, որքան պնդում, որ ինքը չի ստել, որ Իրանի դեմ իր հնչեցրած մեղադրանքները համապատասխանում են իրականությանը: Սա մոտավորապես հիշեցնում է մի իրավիճակ, երբ ուղեւորը վագոնից դուրս թռչելուց հետո սկսում է վազել արագ հեռացող գնացքի հետեւից՝ իր տեղը վերադառնալու համար…

Թեմային նվիրված նախորդ հրապարակումներում «ՀՀ»-ն հիմնականում անդրադարձել է Իրանի հնարավորություններին եւ միջուկային ծրագրի շուրջ զարգացումներին: Իսկ ինչպիսի՞ն են Իսրայելի հնարավորությունները, եւ արդյոք հրեական պետությունը կարո՞ղ է միայնակ դուրս գալ Իրանի դեմ: Պարզվում է՝ Թել Ավիվը կարող է պատրաստ չլինել Իրանի միջուկային օբյեկտների դեմ լիարժեք ռազմական սցենարին: Նման զգուշացումներ են հնչեցնում հրեական պետության պաշտոնաթող ու գործող պաշտոնատար անձինք՝ կանխատեսելով, որ պատերազմին նախապատրաստությունը կտեւի նվազագույնը երկու տարի: Իրավիճակը բարդացնում է նաեւ Իրանի պաշտպանական հնարավորությունների բարելավումը, ինչը տեղի է ունեցել վերջին տասնամյակում: Բացառված չէ, որ իսրայելական կողմի համար «աշխատանքային» տարբերակը մնում է միջուկային օբյեկտների դեմ թիրախային դիվերսիաների կազմակերպումը: Բայց դա էլ, անկասկած, իր գինը կունենա:

Հարցը, թե արդյոք իրանական դիրքերի դեմ լայնամասշտաբ օպերացիա կկազմակերպվի՞, ծագել է իսրայելական ղեկավարության կողմից հրապարակային սպառնալիքների ֆոնին: ԱՄՆ-ի մերձավորարեւելյան դաշնակիցն անհանգստացած է Վիեննայի բանակցությունների ընթացքից՝ կապված «միջուկային գործարքի» հնարավոր վերականգնման հետ: Իրանցի բանակցողները, ինչպես վերջերս հայտնի դարձավ, սկզբունքորեն համաձայնել են նորից տեղադրել տեսախցիկներ, որոնք ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին հնարավորություն կտան հետեւել Քերեջ քաղաքի միջուկային ենթակառուցվածքներին, նույնիսկ միջազգային միջնորդների հետ տեքստի համանման ըմբռնում էին ցուցադրել, տեքստ, որը հիմք կդառնա հնարավոր գործարքի համար։ Սակայն իսրայելցիները վախենում են, որ էական զիջումները կօգնեն Թեհրանին՝ շարունակելու իր գաղտնի շարժումը դեպի ատոմային ռումբի ստեղծումը։

Ամերիկյան «New York Times»-ի հետ զրույցում իսրայելցի մի քանի այժմյան եւ պաշտոնաթող բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, ի դեպ, նշել են, որ իրենց երկիրը չունի այնպիսի ռեսուրսներ, որոնք հնարավորություն կտան ոչնչացնել կամ զգալիորեն դանդաղեցնել Իրանի միջուկային ծրագիրը։ Զրուցակիցներից մեկն ասել է, որ լայնամասշտաբ քարոզարշավ նախապատրաստելու համար, որով հաճախ սպառնում են Իսրայելի իշխանությունները, կպահանջվի առնվազն երկու տարի: Հետախուզությունում «New York Times»-ի աղբյուրը ճշգրտել է, որ Իրանի տարածքում պոտենցիալ թիրախները, ինչպիսիք են Նաթանզի եւ Ֆորդոյի օբյեկտները, ունեն ընդարձակ ստորգետնյա ենթակառուցվածք, եւ դժվար է դրանց էական վնաս հասցնել:

Առանձին խնդիր է լիցքավորող ինքնաթիռների անբավարարությունը։ Վառելիքի փոխանցման հնարավորությունը վճռորոշ նշանակություն ունի Իսրայելի ավիացիայի համար, որը հիպոթետիկ ուժային սցենարի դեպքում ստիպված է լինելու հատել արաբական որոշ երկրների օդային տարածքը, որոնք Իրանից կախվածության պատճառով վախենում են օգնություն ցուցաբերել նրա հիմնական հակառակորդին:

Վերջերս սպառազինության գնման հարցերով իսրայելական միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է պատվերը՝ ամերիկացիներից գնելու չորս KC-46 ինքնաթիռ, որոնք կարող են օդում մնալ մինչեւ 11-12 ժամ եւ լիցքավորել տասնյակ կործանիչներ։ Չնայած Թել Ավիվը փորձում էր համոզել Վաշինգտոնին՝ շուտ ստանալու դրանք, վերջինս հրաժարվել է ժամանակից շուտ լուծել խնդիրը. KC-46-ի մատակարարումը կտեւի առնվազն չորս տարի: Կարծում ենք՝ իսրայելական կողմը հիանալի հասկանում էր, թե ինչ պատասխան է ստանալու: Իրականում նրա նպատակը ոչ թե այդ ինքնաթիռների արագ ձեռքբերումն էր, այլ ամերիկյան կողմին ցուցադրելը, որ սկսում է նախապատրաստվել ռազմական գործողություններին…

«Շատ դժվար է, ես կասեի՝ գրեթե անհնար է սկսել այնպիսի արշավ, որը կծածկի այդ բոլոր օբյեկտները,- ասել է Իսրայելի ռազմաօդային ուժերի պաշտոնաթող գեներալ Ռելիկ Շաֆիրը:- Աշխարհում, որում մենք ապրում ենք, միակ ռազմաօդային ուժերը, որոնք ունակ են նման օպերացիա իրականացնել, պատկանում են ԱՄՆ-ին»: Նրա խոսքերով՝ Թեհրանը միջուկային տասնյակ գործարաններ ունի, որոնք գտնվում են հողի տակ, եւ իսրայելցիների համար դժվար կլինի արագ ոչնչացնել դրանք: Բացի այդ, ինչպես նշում է Շաֆիրը, պաշտպանության նախարարությունը բավարար քանակով մարտական խոշոր ինքնաթիռներ չունի՝ նորագույն ռումբերի տեղափոխման համար, որոնք կարող են ոչնչացնել բունկերային կամ թունելային համակարգերը: Եվ հատուկ պաշտպանվող օբյեկտներին ստիպված կլինեն բազմաթիվ հարվածներ հասցնել, ինչը կարող է տեւել օրեր կամ նույնիսկ շաբաթներ:

Իսրայելի իշխանությունները չեն շտապում կոնկրետացնել, թե, իրենց պատկերացմամբ, որտեղով են անցնում «կարմիր գծերը», որոնք կարող են ուժային սցենարի կիրառում սադրել: Ոչ պաշտոնական մակարդակով իսրայելական պաշտոնյաներն ասում են, որ համբերության բաժակը կարող է լցնել իրանցիների՝ ուրանը մինչեւ 90 տոկոս հարստացնելու մասին որոշումը: Առայժմ նշաձողը մնում է 60 տոկոսի մակարդակի վրա: «Մոսադի» նախկին թիրախային գործողությունների մասին պարբերաբար հայտնվող մանրամասները կասկած չեն թողնում, որ եթե նույնիսկ Իրանի միջուկային ենթակառուցվածքների դեմ լայնածավալ արշավը հավանության չարժանանա, դիվերսիոն հարձակումները կշարունակվեն: Այդ դեպքում Իրանի իշխանություններն ստիպված կլինեն պատասխան տալ:

Իսրայելը պատրանքներ չունի, թե ուժային սցենարն ինչպիսի հետեւանքների կհանգեցնի: Ռազմական հետախուզության կանխատեսումների համաձայն՝ էսկալացիայի դեպքում Գազայի հատվածում կակտիվանա պաղեստինյան «Համաս» խմբավորումը, որը գործընկերային սերտ հարաբերությունների մեջ է Թեհրանի ու լիբանանյան «Հըզբոլլահի» հետ։ Համապատասխան սպառնալիքները, ինչպես ենթադրում են հրեական պետությունում, գալիս են նաեւ Սիրիայից, որտեղ գործում են իրանամետ անկանոն կազմավորումներ։ «Հնարավոր է՝ երբ իսրայելական ինքնաթիռները փորձեն վայրէջք կատարել Իսրայելում, պարզվի, որ իրանական հրթիռները ոչնչացրել են նրանց թռիչքուղիները»,- ասել է հակահրթիռային պաշտպանության ոլորտի փորձագետ Թալ Ինբարը` նկարագրելով պատերազմի սցենարը:

Առավել եւս, որ, իսրայելական հետախուզության տվյալներով, Իրանը վերջին տասնամյակի ընթացքում զգալիորեն բարելավել է իր պաշտպանական հնարավորությունները։ Թեհրանը կարողացել է զգալիորեն մեծացնել իր հզորությունները 2012-ից ի վեր, երբ հրեական պետությունը նաեւ հաշվարկում էր տարածաշրջանային հակառակորդի միջուկային ենթակառուցվածքի դեմ ռազմական տարբերակները։ Իսկ դա զգալիորեն մեծացնում է ռիսկերը։

Թեգեր: ԻսրայելԻրանպատերազմ
Կիսվել6Tweet4Կիսվել1
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Տնտեսագետը 10 առաջնային քայլեր է ընդգծում

Տնտեսագետը 10 առաջնային քայլեր է ընդգծում

Սառը պատերազմի ուրվականը

Սառը պատերազմի ուրվականը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • «Հայերենն աստվածների լեզուն է, աստվածներն էլ ծնունդով Արարատյան դաշտից են…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • Հայկական բանակի հզորացումը հրամայական է

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist