44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում աշխարհաքաղաքական այլ իրավիճակ է, եւ մեզ բոլորովին այլ մարտահրավերներ են սպասվում՝ քաղաքական, տնտեսական, անվտանգության, մշակույթի ու կրթության առումներով։ Եթե ուզում ենք ապրել ու հաղթելով ապրել, եթե ուզում ենք ունենալ արեւի տակ սեփական ձայնի իրավունքը, ապա պետք է ոտքի կանգնենք։ Իսկ ոտքի կանգնելու համար պետք է մեր ներսում, նաեւ երկրում ամրագրենք մեր մեծ նպատակը՝ բանավոր եւ գրավոր։ Մեծ նպատակներին հասնելու համար պետք է տնտեսապես ոտքի կանգնենք։ Ինչպե՞ս։ «ՀՀ»-ն պարբերաբար ներկայացնում է տարբեր մասնագետների կարծիքներ։
Տնտեսագետ Կարեն Ադոնցը, օրինակ, 10 առաջնային քայլերից է խոսում։ Եվ ամենաառաջին քայլը օգնություն հայցելու հոգեբանությունից ձերբազատվելն է, որովհետեւ օգնություն հայցելը «քանդել է մեր տունն ու մեր պետությունը»։ Օգնություն հայցելու հիվանդությունից պետք է ձերբազատվել, «որովհետեւ «այդ «հիվանդության» պատճառով մենք կորցրել ենք հարյուրապատիկ անգամներ առավել մեծ ներուժ, դեգրադացրել ենք ողջ պետական համակարգը, հասարակությանը զրկել ենք սեփական ուժերին ապավինելու՝ գլխավոր շարժիչ ուժից։ Սփյուռքը օգնություն չպետք է տա։ Սփյուռքը պետք է «տա» շուկաներ, ներդրումներ եւ մասնագետներ։ Եվրոպան օգնություն չպետք է տա։ Եվրոպան պետք է «տա» շուկաներ եւ ներդրումներ… Մենք ինչո՞ւ պիտի հայցենք օգնություն։ Մենք ինչ է՝ հաշմանդա՞մ ենք, անողնաշա՞ր ենք, տկա՞ր ենք, անընդունա՞կ ենք։ Ո՞րն է դրա հիմնավորումը։ Չկա դրան հիմնավորում»։
2-րդ առաջնային քայլը վերաբերում է արդյունաբերական եւ գյուղատնտեսական տարածքների հստակ քարտեզագրում իրականացնելուն, որովհետեւ առանց այդ տարածքների քարտեզագրման անհեռանկար է սկսել իրագործել որեւէ զարգացման ծրագիր՝ ունենալ ժամանակակից եւ փոխկապակցված արդյունաբերություն ու արդյունաբերական գյուղատնտեսություն։ «Այն վիճակը, որ կա այսօր Հայաստանում, հետեւանք է ապագայի տեսլականի իսպառ բացակայության։ Եթե մենք կանխատեսում ենք, որ բնակչության թիվը տարիներ անց լինելու է, ասենք՝ 5 մլն կամ 7 մլն, ինչը պարտադիր է մեր անվտանգության եւ կայուն զարգացման համար, ապա ինչպիսի՞ կառուցվածքով է այդ դեպքում բաշխված լինելու տնտեսությունը՝ ապահովելով բնակչության բարձր կենսամակարդակ»։ Ավելին, տնտեսագետը նշում է, որ Հայաստանի տնտեսության որոշակի մասը տեղաբաշխված պետք է լինի Հայաստանից դուրս՝ տարբեր հանգամանքներով պայմանավորված (բնապահպանական, տրանսպորտային եւ այլն)։ Հետեւաբար, շատ կարեւոր է, ի սկզբանե, հստակ պատկերացնել եւ պլանավորել մեր ներքին եւ արտաքին տարածքային հնարավորությունները։ Կանխելով այն դիտարկումը, որ դա տարիների աշխատանք է ենթադրում, Կ. Ադոնցը հավաստիացնում է. «Դա առավելագույնը 1 ամսվա գործ է»։
3-րդ քայլը. կապիտալի շուկայի եւ ԲԲԸ-ի մասին օրենսդրությունը պետք է հիմնովին վերափոխվի։ Առանց կապիտալի շուկայի եւ ԲԲԸ-ի մասին օրենքները վերափոխելու, անիմաստ է խոսել լայնածավալ զարգացման մասին։ «Մենք, դեռ չկայացած, արդեն «սատկացրել» ենք այդ ինստիտուտը՝ կապիտալի ներգրավման եւ ռեսուրսների արդյունավետ տեղաբաշխման առանցքային համակարգը։ Գործող օրենքները փաստացի չեն աշխատում եւ չունեն որեւէ նշանակություն տնտեսության համար։ Կապիտալի շուկայում բացի «պրիմիտիվ պարտատոմսերից», այլ արժեթուղթ փաստացի չի շրջանառվում։ Մեզ համար դրանք «մեռած» օրենքներ են՝ «Նյու Յորքի բորսայի» կիսաարտատպված պատճեններ։ Մեզ անհրաժեշտ է պարզ, թափանցիկ եւ «աշխույժ» կապիտալի շուկա։ Մեզ անհրաժեշտ է ժամանակին եւ մեր պայմաններին համահունչ՝ կորպորատիվ օրենսդրություն»։
4-րդ քայլն, ըստ մասնագետի, այն է, որ ֆինանսական կայունության եւ կառուցվածքային վերափոխման պատասխանատվությունը պետք է դրվի կառավարման մեկ օղակի վրա։ Որպեսզի ընկալելի լինի այս քայլի կարեւորությունը, տնտեսագետը հստակեցնում է. «Երբ էկոնոմիկայի նախարարը հայտարարում է, որ նախարարությունը պատասխանատու չէ գնաճի համար՝ դե յուրե իրավացի է։ Պատասխանատուն ԿԲ-ն է։ Այն, որ ԿԲ-ն պատասխանատու չէ ներդրումների եւ կառուցվածքային վերափոխման համար՝ դա էլ դե յուրե այդպես է։ Օրինակ, ԿԲ-ն կարող է, գնաճը զսպելու նպատակով, կտրուկ ավելացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ կասեցնել ներդրումները։ Բայց կան «կառուցվածքային գործիքներ», որոնց կիրառման արդյունքում ԿԲ-ի կողմից կտրուկ քայլերի անհրաժեշտություն չէր լինի։ Հետեւաբար, կա լուրջ հակասություն, մի կողմից՝ բարձր գնաճը տնտեսության (էկոնոմիկայի) հիմնական «թշնամիներից» մեկն է, որի համար ԷՆ-ն պատասխանատու չէ, մյուս կողմից՝ կառուցվածքային քաղաքականությունը ֆինանսական կայունության ապահովման (ներառյալ գնաճը) հիմնական գործիքներից մեկն է… Քանի դեռ Հայաստանի տնտեսությունը փոքր եւ թույլ է, չունի կառուցվածքային վերափոխման տրամաբանություն՝ այս խնդիրն ակնառու չէ։ Երբ տնտեսությունը սկսեց իրապես զարգանալ՝ այս հարցն անմիջապես մղվելու է առաջին պլան»։
5-րդ քայլը 5-ամյա պլանն է (տնտեսագետի այս 5-ամյա պլանին մենք առիթով անդրադարձել ենք)՝ արդյունաբերական գոտիների կառուցում։ «Արդյունաբերական եւ գյուղատնտեսական տարածքների քարտեզագրման անհրաժեշտությունը այս «պլանի» ճշգրտման համար է նաեւ,- նշում է Կարեն Ադոնցը,- «արդյունաբերական գոտիները» նոր բան չեն՝ անհասկանալի խնդիրներ չկան։ Պետք է շինարարական ընկերությունների համար այդ «գոտիների» կառուցումը լինի շահավետ։ Պետությունն ունի շահագրգռելու բոլոր գործիքները։ Սակայն կա երկու կարեւոր չափանիշ՝ բնապահպանական պահանջներ, եւ արտադրական տարածքների վաճառքի եւ վարձակալման արժեքները պետք է լինեն մատչելի եւ պայմանագրային՝ պետության կողմից երաշխավորված»։ Նրանց համար, ովքեր «արդյունաբերական գոտիներն» անհամատեղելի կհամարեն բնապահպանական պահանջների հետ, մասնագետը փաստում է՝ Արեւմտյան Եվրոպայի ծովափնյա քաղաքները շրջապատված են «արդյունաբերական գոտիներով», բայց դա ամենեւին չի խանգարում ունենալ բնապահպանական կանոնավոր վիճակ։
6-րդ քայլը հետեւյալն է. ակնհայտ է, որ Հայաստանի աշխատուժն այսօր, մասնագիտական առումով, պատրաստ չէ արագ զարգացման եւ տնտեսության լայնածավալ վերապրոֆիլավորման։ Կադրերի վերապատրաստման «համալիրները» պետք է հագեցած լինեն, տարբեր ոլորտներում մասնագիտացման համար, բարձրակարգ մեքենասարքավորումներով՝ համապատասխան արտադրամասերով, ժամանակակից տեղեկատվական եւ կառավարման համակարգերով։ Անհրաժեշտ է, որ վերապատրաստման «համալիրներն» օժտված լինեն տարեկան 30-40 հազար մասնագետների վերապատրաստման ներուժով։
7-րդ քայլը հումքի եւ մեքենասարքավորումների կանոնավոր եւ մրցունակ ներքին շուկայի ձեւավորումն է։ Այլապես ավելորդ է խոսել զարգացման մասին։ Այսօր չունենք որեւէ հումքատեսակի կամ մեքենասարքավորման գծով կանոնավոր եւ մրցունակ ներքին շուկա։ Առաջին կարեւոր քայլն այս ուղղությամբ, Կ. Ադոնցի խոսքերով, մաքսային սահմանին բոլոր հումքատեսակների եւ մեքենասարքավորումների գծով ներմուծման մաքսատուրքով եւ ԱԱՀ-ով հարկումները բացառելն է, եւ սա հարկային արտոնություն չէ, ու հետագա խթանիչ մեխանիզմները պետք է կիրառվեն շուկաների ձեւավորման ընթացքում։ «Եթե ծիրանի պահածո կամ չիր արտադրող եւ արտահանող ընկերություններն ունեն շուկա եւ պայմանագրային պարտավորություններ, նրանք մեկ օր չպետք է կանգնեն՝ եթե նույնիսկ Հայաստանում մեկ կիլոգրամ ծիրանի բերք չլինի։ Սա է կանոնավոր հումքի շուկայի իմաստն ու բովանդակությունը»,- պարզաբանում է նա։
8-րդ առաջնային քայլը տեխնոլոգիատար՝ 5 առանցքային ոլորտների (1. էլեկտրատեխնիկա, 2. էլեկտրոնիկա, օպտիկա, 3. ճշգրիտ մեքենաշինություն, 4. նոր նյութերի արտադրություն, 5. ռազմարդյունաբերություն) ձեւավորումն է։ Ոլորտներ, որոնք 10 տարով պետք է ազատվեն բոլոր տեսակի հարկերից, բացառությամբ եկամտահարկն ու սոցվճարները։ Առանց այս ոլորտների կայացման, բեկումնային զարգացման մասին խոսելն անհեռանկար է։ Տնտեսագետը ՏՏ ոլորտը չի նշում՝ հաշվի առնելով, որ այն ունի արդեն այդ արտոնությունները։
10 առաջնային քայլերից նախավերջինը սա է. պետությունը, գյուղատնտեսական հողերի միավորման հենքով, ձեւավորում է կոոպերատիվներ կամ ԲԲԸ-ներ, վերցնում է 5 տարով հավատարմագրային կառավարման՝ երաշխավորելով սեփականատերերի համար շահույթի նվազագույն չափ։ Միայն այս տարբերակով է հնարավոր արագ ձեւավորել ժամանակակից ու մրցունակ գյուղատնտեսություն։ Նաեւ սույն նպատակին պետք է ծառայի վերոնշյալ՝ գյուղատնտեսական հողերի քարտեզագրումը։ Թյուրընկալումներից խուսափելու համար Կ. Ադոնցը պարզաբանում է. «Սա «կոլխոզների», պարտադրանքի կամ պետության, որպես սեփականատեր, ներգրավվածության հետ որեւէ կապ չունի։ Սա կառավարում է՝ պատասխանատու կառավարում»։
Եվ վերջին՝ 10-րդ քայլը համահայկական բաց բաժնետիրական ընկերության մասին օրենքի ընդունումն է, ընկերության հիմնադրումն ու գործունեության մեկնարկի կազմակերպումը։ Այս՝ տնտեսագետի խոսքերով՝ «բաժնետիրական համակարգը» արագ զարգացման գլխավոր «շարժիչ ուժն» է լինելու եւ լուծելու է մի շարք առանցքային խնդիրներ՝ տեխնոլոգիական առաջընթացի, ներդրումների արագ եւ արդյունավետ տեղաբաշխման, ենթակառուցվածքների զարգացման, համահայկական տնտեսական հնարավորությունների համախմբման, արտաքին շուկաներ արագ ներթափանցման եւ յուրացման, փոխառու միջոցների (արտաքին պարտքի), դեպի շահավետ ներդրումային ծրագրեր ուղղորդման եւ այլ ուղղություններով»։