«Հոգին ենթակա է նույն օրենքին, ինչ եւ մարմինը` առանց մշտական սննդի անհնար է գոյություն ունենալ»
Լյուկ դե Վովենարգ
«Լաւ է կոյր աչօք, քան կոյր մտօք»
Եղիշե
Կրթությունը Հայաստանում միշտ էլ եղել է հացուջրի պես անհրաժեշտ ու կարեւոր. առանց հոգեւոր սննդի` մարդ տեսակի համար ավելորդ է խոսել նրա ֆիզիկական բարեմասնությունների կամ կյանքի իմաստի մասին։ Կրթության հարգը Հայաստանում հասկացել են դեռեւս մինչեւ մաշտոցյան գրերի գյուտը։ Նախաքրիստոնեական շրջանից հայտնի է Երազամույն տաճարի հայ կրթատունը, որը քրմական դպրոց էր։ Հայաստանում գործում էին հունարեն, ասորերեն ուսուցմամբ դպրոցներ, որոնք, թեեւ ազգային չէին, բայց նպաստել են հայ դպրության գործին։ Դե, իսկ մաշտոցյան գրերի գյուտից հետո Հայոց աշխարհում ծավալվեց լուսավորականության, կրթության ու գիտության գործը, այն ժամանակ, երբ շատ ազգեր դեռ գոյություն չունեին։ Հայ մանուկի մի ձեռքին հացն է եղել, մյուսին` գիրքը, քնել են` գիրքը բարձի տակ։ Գաղթի ճանապարհներին` հրի ու ջրի, սրի մատնված` գանձեր ու հարստություն թողած, հայ ժողովուրդը գրքեր է փրկել, հազարումի հնարամտություններով ծանր գրքերը հասցրել տեղ կամ թաղել ապահով մի վայրում, որ հետո գտնվի, տեր կանգնի իր հոգեւոր սննդին, եթե ոչ ինքը, գոնե սերունդները։ Այսպես, դարերով հայ ժողովուրդը միտք է փոխանցել սերունդներին, քանզի եթե հացն ու ջուրը ֆիզիկակա՛ն գոյության պայման են, ապա միտքը հոգեւոր անմահության երաշխիքն է, ու անկախ պատմական ժամանակի նպաստավոր կամ աննպաստ լինելուց, անգամ օրհասական պահերի հայ ժողովուրդը հոգացել է կրթության մասին, ուր եղել է` հիմնել է տպարաններ, բացել գրատներ ու դպրոցներ։
Հայ ժողովրդի կրթության ու դաստիարակության հարցը շոշափելիս, անհնար է շրջանցել նրա նվիրյալ զավակներից Ամենայն հայոց կաթողիկոս Գեւորգ Դ Կոստանդնուպոլսեցու` այդ ուղղությամբ ծավալած բուռն գործունեությունը։ Ավազանի անունով՝ Գրիգոր Քերեստեճյանը ծնվել է 1813 թ. հուլիսի 5-ին, Կոստանդնուպոլսի Սամաթիա արվարձանում, արհեստավորների ընտանիքում։ Ծնողները մահտեսի էին, այսինքն` Երուսաղեմ ուխտի գնացած հավատացյալներ։ Բարեպաշտ մթնոլորտում մեծացող Գրիգորը յոթ տարեկանում արդեն անգիր գիտեր եկեղեցական շատ աղոթքներ, ինչպես որ հասակակիցներից շատերն այն ժամանակ։ 1820-ից Գրիգորն սկսում է հաճախել Հովսեփ դպիրի մասնավոր ուսումնարանը, որտեղ էլ գրել-կարդալ է սովորում, քրիստոնեական վարդապետություն, ժամասացություն, շարականներ երգում, ստանում թվաբանական ու քերականական սուղ գիտելիքներ։ Չնայած յոթ տարվա մակերեսային ուսումնառությանը, այստեղ էլ հենց սեր է ծնվում եկեղեցու հանդեպ, իսկ երբ Հարություն ամիրա Պեզճյանի հովանավորությամբ եւ Կարապետ պատրիարքի հսկողությամբ բացվում է Գում Գափուի պատրիարքական եկեղեցու Ժառանգավորաց վարժարանը, Գրիգորը շարունակում է կրթությունն այդտեղ, ուր դասախոսում էր ժամանակի հռչակավոր գիտնական, վարժապետ Գրիգոր պատվելի Փեշտիմալճյանը։ Թեեւ ուսուցումը դարձյալ սահմանափակ ու միակողմանի էր, սակայն երկամյա կրթությունն այստեղ ուշիմ, ջանասեր ու խելացի Գրիգորին տալիս է բարոյական արժեքներ ու գիտելիքներ, գրավում դասախոսի ու պատրիարքի ուշադրությունը։
Շուտով Կարապետ պատրիարքին փոխարինած Պրուսացի Ստեփանոս արքեպիսկոպոսը` Գրիգորի խնդրանքով, 1834 թ. ապրիլի 7-ին պատրիարքական եկեղեցում նրան սարկավագ է ձեռնադրում, իսկ հաջորդ տարվա սեպտեմբերի 1-ին՝ կուսակրոն քահանա։ Գրիգոր Քերեստեճյանն ընտրում է Գեւորգ անունը։ Գեւորգ աբեղան իր հոգեւոր գործունեությունն սկսում է քարոզչությամբ՝ Կոստանդնուպոլսի Սուրբ Խաչ, Սուրբ Աստվածածին եւ Սուրբ Հարություն եկեղեցիներում, արժանանանում ժողովրդի համակրանքին։ Լսելով նրա քարոզչությունը, ձեռնադրությունից մի քանի ամիս անց` դեկտեմբերի 9-ին, պատրիարքը Գեւորգ աբեղային շնորհում է վարդապետական գավազանի մասնավոր իշխանություն։ Սկսվում է վարդապետի կրթական նպատակային գործունեությունը. նա ջանադրաբար նորոգում, հիմնում է դպրոցներ, դրանց համար հայթայթում դրամական միջոցներ` ուսումնառության ընդգրկելով թե՛ տղաներին, թե՛ աղջիկներին, որ չլսված բան էր Օսմանյան կայսրության տիրույթում, քանզի աղջիկների կրթությունը ոչ միայն ավելորդ, այլեւ վնասակար էր ընկալվում։ Գեւորգ վարդապետն աշխատում է ոչ միայն աշակերտության, այլեւ նրանց ծնողների, ինչպես նաեւ արհեստավորության ու վաճառականության հետ` վերջիններիս համոզելով, որ առանց կրթական վկայականի որեւէ մեկի չընդունեն աշխատանքի, դրանով իսկ պարտադիր դարձնելով միջնակարգ կրթությունը, քանզի ծնողները շատ դեպքերում ուսումնառության կեսից զավակներին հանում էին դպրոցներից եւ ուղարկում աշխատանքի։ Կայսրության ո՛ր քաղաքում էլ, ո՛ր ծայրամասում էլ` հանգամանքների բերումով, հայտնվեր Գեւորգ վարդապետը, անմիջապես անցնում էր տվյալ շրջանի կրթական համակարգի բարելավմանը, հավատացյալների շրջանում տարածում ու ամրապնդում մայրենի լեզուն` չմոռանալով դպրոցներում ներդնել երկսեռ ուսուցումը։ Դպրոցաշինությանը մեծապես նպաստում էին վարդապետին սիրող ու հարգող ամիրաների ու ժողովրդի հանգանակությունները, քանի որ շատ լավ հասկանում էին ու կարեւորում հայապահպանության խնդիրը, որի հիմնական հոգսն ընկած էր հենց եկեղեցու ուսերին, իսկ ժողովուրդը Գեւորգ վարդապետին տվել էր «Դպրոցների պաշտպան» պատվելի անունը եւ հավատում էր այդ գործում նրա առաքելությանը։
Տիրապետելով անհրաժեշտ գիտելիքների, լինելով լայնախոհ ու նուրբ հոգեբան, Գեւորգ վարդապետը շատ լավ էր զանազանում հարկադրանքի ու համոզչականության լեզուն։ Այսպես, բողոքականության դեմ պայքարելու համար նա առավել արդյունավետ էր համարում ճշմարիտ քարոզչությունն ու կրթությունը, այն դեպքում, երբ բողոքականության տարածման դեմն առնելու գործին լծված Մարզվանի հոգեւոր առաջնորդ Հակովբոս եպիսկոպոսը դիմում էր խստությունների, հրապարակավ նզովում բողոքականությունն ու Մարտին Լյութերի վարդապետությունը, իսկ բողոքականություն ընդունած հայերին աքսորել տալիս։ Ժամանակ անց Հակովբոս եպիսկոպոսը համոզվում է, որ նման դեպքերում Գեւորգ վարդապետի գործելաոճն առավել արդյունավետ է, երբ վերջինս անհրաժեշտ էր համարում կանոնավոր դպրոցներ բացել, անվճար ուսում տալ աղքատ ընտանիքների երեխաներին, ձգտում խնամքի կենտրոն բացել աղքատների ու որբերի համար, աշխատանքի տեղավորել անգործ մնացած հայերին։ Գեւորգ վարդապետն իր գործունեության շնորհիվ բարի համբավ էր վայելում ոչ միայն հայ ժողովրդի շրջանում։ 1846 թ. հունիսի 11-ին նա սուլթան Մեջիդից ստանում է Իֆթիխարի (Գոհունակության) ականակուռ շքանշան։ Վարդապետի գործունեությունը հանգում է այն բանին, որ ժողովուրդն ինքն է կամենում, որ նա եպիսկոպոս ձեռնադրվի։ Այդ նպատակով Գեւորգ վարդապետը Կոստանդնուպոլսից մեկնում է Էջմիածին, սակայն Ալեքսանդրապոլում բռնկված ժանտախտի պատճառով ստիպված է լինում առժամանակ մնալ կարանտինում, այնուհետեւ մեկնել Թիֆլիս, որտեղ նրան տասնմեկ ամիս հյուրընկալում է Հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցին, ով` հանդիպելով վարդապետին, ոտքի է կանգնում, գրկում, համբուրում ու ասում նրան. «Յառաջ քան զմարմնոյդ ծանօթութիւն, հոգի քո եւ սխրագործութիւնք ծանօթ են ինձ»։
1848 թ. Էջմիածնում Ներսես Աշտարակեցու ձեռամբ եպիսկոպոս ձեռնադրվելուց հետո Գեւորգ եպիսկոպոսը վերադառնում է Օսմանյան կայսրություն, որտեղ էլ` 1858-ին ընտրվում է Պոլսո պատրիարք։ Քանի որ այդ ժամանակ Ազգային սահմանադրությունը տարրական վիճակում էր, նրան հանձնարարվում է կազմել սահմանադրական կանոնադրությունը եւ հաստատել տալ այն։ Այդ նպատակով ժամանակի լուսավորյալ եկեղեցականներից ու աշխարհականներից կազմվեց մեծ հանձնաժողով, եւ 1860 թ. սկզբին արդեն պատրաստ էր մշակված ծրագիրը, սակայն ամիրաները, արհեստավորներն ու վաճառականները դժգոհ էին պատրիարքին արտոնություն տվող սահմանադրական որոշ կետերից. խռովություն բարձրացրին ու սկսեցին պահանջել պատրիարքի հրաժարականը։ Բարձր դուռը դեռեւս հապաղում էր արձագանքել դրան, սակայն Գեւորգ պատրիարքն անձամբ է ներկայացնում հրաժարականը, որով ամենեւին էլ չի ավարտվում նրա հոգեւոր գործունեությունը. Հայաստանը սպասում էր նրան…
1866 թ. սեպտեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրավիրված ժողովում Գեւորգ պատրիարքը միաձայն ընտրվում է Ամենայն հայոց կաթողիկոս, օծվում 1867 թ. մայիսի 21-ին. որքան բարձրանում է նա հոգեւոր աստիճաններով, այնքան ծավալուն ու արմատական է դառնում նրա գործունեությունը: Նա էր, որ հայ ժողովրդի համար այդ դժվարին ու սուղ ժամանակներում հիմնեց աստվածաբանական բարձրագույն համալսարանը` Գեւորգյան հոգեւոր ճեմարանը, որի մասին հարկ է անդրադառնալ առանձին հոդվածով։ Բացի այդ, Գեւորգ Դ կաթողիկոսը հիմնեց նաեւ Էջմիածնի թանգարանը, հայկական բոլոր եկեղեցիներում սահմանեց միակերպ ժամերգության կարգը, նրա ջանքերով սկսեց հրատարակվել հոգեւոր գրականություն, իսկ որպես շարականագետ` կազմակերպեց հայկական ձայնագրության նոր համակարգի ուսուցումն ու տարածումը` ժողովրդի կողմից արժանանալով «Մեծագործ» պատվատիտղոսի։
Գեւորգ Դ կաթողիկոս Կոստանդնուպոլսեցին վախճանվել է 1882 թ. դեկտեմբերի 18-ին` Վաղարշապատում (Երեւանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն)։