Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն նշել է իր երկրի մտադրությունները՝ Քաթարի հետ միասին թալիբներին ծառայություններ առաջարկելու Աֆղանստանի հինգ օդանավակայանի շահագործման վերաբերյալ։ Նման գործարքը, փորձագետների կարծիքով, մի կողմից՝ կօգնի ամրապնդել թուրքական ազդեցությունը Միջին Արեւելքում, իսկ մյուս կողմից՝ երկրի իշխանություններին կօգնի արագ լուծել հումանիտար օգնության տրամադրման խնդիրը։
Առաջիկա օրերին Թուրքիայի տեխնիկական մասնագետները նախ կմեկնեն Քաթար, ապա՝ Աֆղանստան՝ Քաբուլի օդանավակայանի շահագործման մանրամասները քննարկելու համար: Այդ օդանավակայանն Աֆղանստանի քաղաքացիների համար մարդասիրական օգնություն ստանալու առանցքային կետն է. դրա բացումը կարեւոր է միջազգային ավիահաղորդակցության համար։ Դա պետք է օգնի թալիբներին պահպանելու կապերն արտաքին աշխարհի հետ եւ թեթեւացնել իրենց նկատմամբ սահմանված միջազգային պատժամիջոցները։
Այդ աշխատանքում թուրքերը ցանկանում են ներգրավել քաթարցիներին: Միեւնույն ժամանակ նրանք նպատակ ունեն աֆղանական նոր իշխանությունների հետ իրենց ամրապնդվող կապերն օգտագործել Վաշինգտոնի հետ Անկարայի խաթարված հարաբերությունների վերականգնման համար:
Մեւլյութ Չավուշօղլուն անցյալ կիրակի Իսլամաբադում Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչների հանդիպման շրջանակներում քննարկել է Աֆղանստանի օդանավակայանների կառավարման խնդիրը «Թալիբանի» արտաքին քաղաքական ղեկավարի պաշտոնակատար Ամիր Խան Մութթաքիի հետ: Սասեքսի համալսարանի ասիական կենտրոնի գիտաշխատող Զալման Նիշատի կարծիքով՝ քանի որ թալիբներն Աֆղանստանում իշխանությունը զավթել են ռազմական ճանապարհով, նրանց լեգիտիմություն է անհրաժեշտ ինչպես ներքին, այնպես էլ միջազգային մակարդակներում:
Անկարան սեփական քաղաքականությունն է մշակում Աֆղանստանի նկատմամբ։ Թուրքիան մեծ նշանակություն չի տալիս մարդու իրավունքներին եւ ժողովրդավարական այլ արժեքներին, սակայն երբ խոսքը վերաբերում է իր շահերի առաջմղմանը, չի խուսափում այնպիսի թեմաների շահարկումից, ինչպիսին է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ընդգրկումը «Թալիբանի» նախարարների կաբինետում, առաջին հերթին՝ ուզբեկներին եւ թուրքմեններին, ինչպես նաեւ կանանց:
Փորձագետները նշում են, որ երկրները, այսպես թե այնպես, շահագրգռված լինելով Աֆղանստանում իրենց ներկայությամբ (ներառյալ՝ Չինաստանը եւ Պակիստանը), գործնականում զբաղեցրել են ազատ մնացած բոլոր ոլորտները։ Ներկայումս ընթանում է սակավաթիվ չզբաղեցված ոլորտներից մեկի բաժանումը։ Այն կապված է հենց օդանավակայանների շահագործման եւ դրանցում անվտանգության ապահովման ոլորտի հետ։ Թվում է, թե Թուրքիան Քաթարի հետ միասին ստանձնում է բաժանողի դերը։ Այդ ժամանակ Թուրքիան լծակներ կունենա ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմի եւ ԵՄ ղեկավարության վրա ազդելու համար։ Սա Անկարայի առջեւ կբացի Աֆղանստանի համար մարդասիրական օգնության ուղիները եւ կօգնի ղեկավարել դեպի Եվրոպա միգրացիոն հոսքերը: Իսկ թալիբները, որոնք գտնվում են տնտեսական եւ քաղաքական մեկուսացման մեջ, հավանաբար, կողջունեն ցանկացած առաջարկ, որը կօգնի հաղթահարել այն:
Ավելի վաղ՝ նոյեմբերին, թալիբները բանակցություններ էին վարում ԵՄ ներկայացուցիչների հետ՝ Աֆղանստանի օդանավակայանների աշխատանքի կազմակերպման հարցում Եվրոպայից օգնություն ստանալու համար։ Դրանց մասնակցել են Մութթաքին, ինչպես նաեւ կրթության, առողջապահության, ֆինանսների, ներքին գործերի նախարարները, հետախուզական վարչության պետը։ Եվրոպական պատվիրակությունը գլխավորում էր Աֆղանստանի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոմաս Նիկոլսոնը։ Կողմերը հայտարարել են, որ լրջորեն մտահոգված են Աֆղանստանում տիրող հումանիտար աղետալի իրավիճակով։ Թալիբները հերթական անգամ խոստացել են ներում շնորհել աֆղաններին, ովքեր աշխատել են ինչպես ամերիկացիների, այնպես էլ կոալիցիայի մասնակից այլ երկրների ներկայացուցիչների հետ, թույլ տալ աֆղաններին եւ օտարերկրյա քաղաքացիներին՝ լքելու երկիրն օդանավակայանների աշխատանքային ռեժիմի պահպանման հարցում օգնության դիմաց:
Եվրոպական կողմից խոստացվել է աֆղանցիների՝ իրենց խոստումների կատարման դեպքում բացել լրացուցիչ ֆինանսավորման ալիքները, բայց միայն՝ «աֆղանական ժողովրդի ուղղակի շահի համար»: ԵՄ-ն նաեւ պնդել է ստեղծել ինկլյուզիվ կառավարություն, ուժեղացնել ժողովրդավարությունը, ինչպես նաեւ դպրոցական կրթության նպատակով հավասար պայմաններ ապահովել աղջիկների համար: Բացի այդ, թալիբներից երաշխիքներ են պահանջել, որ Աֆղանստանը ոչ մի դեպքում որեւէ կազմակերպության կամ խմբավորման բազա չի դառնա, որը կարող է սպառնալ այլ ժողովուրդների, էթնիկ խմբերի ու երկրների անվտանգությանը:
Այդուհանդերձ, եվրոպացիներին չի հաջողվել կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել թալիբների հետ: Ուստի Թուրքիայի ու Քաթարի հնարավորությունները՝ ներգրավվելու Աֆղանստանի օդանավակայանների վերակառուցման գործում, մրցակցությունից դուրս են համարվում:
Ամերիկացիների հեռանալուց եւ նրանց կողմից պատրաստված մեծաթիվ մասնագետների փախուստից հետո համապատասխան սարքավորումների ու մասնագետների պակաս է զգացվում Աֆղանստանի օդանավակայանների սպասարկման ոլորտում: Այս առումով Թուրքիայից ու Քաթարից օգնության կարիք այդ երկիրն իսկապես ունի: Դա կարեւոր է նաեւ հասարակ բնակչության համար, որովհետեւ օդանավակայանների աշխատանքից է կախված հումանիտար օգնության առաքումը: Երկիրը ելք չունի դեպի ծով, եւ բոլոր մատակարարումներն իրականացվում են օդային ճանապարհով: Իսկ ինչպե՞ս կարելի է բացատրել թուրք-քաթարյան ձգտումները քաղաքական տեսանկյունից:
«Թուրքիային ու Քաթարին, մի կողմից, դա անհրաժեշտ է քաղաքական կշռի համար: Նրանք ուզում են ցուցադրել, թե ամերիկացիներն ամեն ինչ թողել ու հեռացել են, իսկ Թուրքիան մնացել է եւ օգնում է: Թուրքերն ուզում են ամրացնել իրենց տեղը, որպեսզի շարունակեն ազդեցություն ունենալ Աֆղանստանում: Եվ ողջ աշխարհին ցուցադրեն իրենց բարի կամքը: Ռուսաստանի համար տարածաշրջանում Թուրքիայի ուժեղացման փաստն իրադարձությունների զարգացման լավագույն սցենարը չէ: Աֆղանստանում երկրների միջեւ պայքարն ազդեցության համար կուժեղանա: Ամենայն հավանականությամբ, անաղմուկ կլինի, բայց կընթանա»,- նշել է ռազմական փորձագետ Յուրի Լյամինը:
Ռուս կրոնագետ, կրոնական պատմաբան եւ իսլամագետ, Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի համաշխարհային մշակույթի ամբիոնի պրոֆեսոր Ռոման Սիլանտեւը չի բացառում, որ Թուրքիայի հետ պատերազմների պատմությունը կարող է շարունակություն ունենալ, իսկ Աֆղանստանում Թուրքիայի ամրացումը «միանշանակ լավ երեւույթ չէ» Ռուսաստանի համար:
«Թուրքիան, ստանալով իր վաղեմի դաշնակից Քաթարի աջակցությունը, ցանկանում է ընդլայնել իր ազդեցությունը եւ դառնալ մահմեդական գլխավոր երկիր, ինչպես ինձ է թվում։ Սաուդյան Արաբիան այդ առումով շատ է թուլացել, եւ Թուրքիան կարող է հավակնել ոչ միայն թյուրքական ժողովուրդների գլխավոր կենտրոնի, այլ նաեւ մահմեդական գլխավոր երկրի կարգավիճակին: Ժամանակին Օսմանյան կայսրության ձեւաչափում Թուրքիան այդպիսին էր, իսկ իսլամն առաջին հերթին ասոցացվում էր Ստամբուլի ու Թուրքիայի հետ։ Աֆղանստանը ժամանակին նրա ազդեցության գոտում էր։ Էրդողանը ցանկանում է վերակենդանացնել Օսմանյան կայսրությունը, եւ դա երեւում է անզեն աչքով: Սա միանշանակ լավ երեւույթ չէ մեզ համար։ Թուրքիան մեր ընկերը չէ: Ինչպես հիշում ենք, Օսմանյան կայսրության հետ Ռուսաստանի հարաբերությունների պատմությունը հիմնականում ռազմական էր։ Մենք ոչ մեկի հետ այնքան հաճախ չենք կռվել, որքան նրանց հետ, եւ բացառված չէ, որ դա կարող է կրկնվել»,- շեշտել է Սիլանտեւը: