Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Ժողովրդական մանկավարժն ու հայրենասեր հայորդին

Իվան Աթայանի ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ

Դեկտեմբերի 25, 2021
Այլք
Ժողովրդական մանկավարժն ու հայրենասեր հայորդին
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
610
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Պատմական մեծ անցյալ ունեցող հայոց Ավետարանոց բնակավայրը եղել է Մեծ Հայքի Արցախ աշխարհի Խամսայի մելիքություններից Վարանդայի կենտրոն- մելիքանիստը՝ Մելիք-Շահնազարյանների ոստանը։ Ավետարանոցը հայտնի է նաեւ իր ճանաչված զավակներով։

Գյուղի Կուսանաց անապատում պահպանվել էին Վարանդայի հզոր տիրակալ Մելիք-Շահնազար Առաջինի (կառավարել է մինչեւ 1736 թ.) եւ նրա դստեր՝ Գայանեի տապանաքարերը։ 18-րդ դարի առաջին կեսին այս հայրենասեր մելիք-ռազմական գործիչը նույնիսկ հարկ չէր վճարում Նադիր շահին։ Դուստրը՝ Գայանեն, աչքի է ընկել  հերոսությամբ։ Ռուսական բանակի նշանավոր զորավար Վալերիան Մադաթովը (Ռոստոմ Գրիգորի Մադաթյան, մայիսի 18 (29), 1782, Ավետարանոց-սեպտեմբերի 4 (16), 1829, Շումեն, Բուլղարիա) նույնպես Ավետարանոցից է։ Կրթության ու գիտության բնագավառում եւս Ավետարանոցից հայտնի շատ մարդիկ կան։ ԽՍՀՄ ժողովրդական ուսուցիչ կոչումով Արցախում Իվան Հայրապետի Աթայանն է: Ծնվել է 1931 թ. դեկտեմբերի 27-ին Արցախի նախկինում Ստեփանակերտի շրջանի Ջաղացներ գյուղում, որն Ավետարանոցի հարեւանությամբ է՝ Վարանդա գետի ափին: Շոշի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել եւ 1951 թ. ավարտել է Ստեփանակերտի երկամյա ուսուցչական ուսումնարանը։ 1951-54 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ Ծառայությունն ավարտելուց հետո որոշ ժամանակ աշխատել է ծննդավայրի հարեւան Ակնաղբյուրի ութամյա դպրոցում՝ մաթեմատիկայի եւ ֆիզիկայի ուսուցիչ, իսկ 1954-ին աշխատանքի է անցել Ավետարանոցի միջնակարգ դպրոցում: Նախ՝ ֆիզիկայի եւ մաթեմատիկայի ուսուցիչ,  այնուհետեւ՝ ուսմասվար, 1965-ից մինչեւ վախճանվելը՝ 1998 թ. հուլիսի 3-ը, տնօրեն:

Աշխատանքին զուգընթաց՝ 1957 թ., ավարտել է Ադրբեջանի պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը եւ ստացել ֆիզիկայի ու մաթեմատիկայի ուսուցչի որակավորում: Մահից հետո՝ 1998-ից, Ավետարանոցի դպրոցը կոչվում է Ի. Աթայանի անունով: 1984-ից ԽՍՀՄ ժողովրդական ուսուցիչ, Արցախյան շարժման առաջամարտիկ մանկավարժ,  ԼՂԻՄ Ազգային խորհրդի եւ «Կռունկ» կոմիտեի անդամ Իվան Աթայանը 1988 թ. արցախյան մի պատվիրակության հետ մեկնում է Մոսկվա: Այցը կազմակերպվել էր, ինչպես պատմում է Իվան Աթայանը, կենտրոնի գութը շարժելու նպատակով, որպեսզի երկրի ղեկավարներն օգնեն, որ նույն ազգի՝ բռնությամբ իրարից բաժանած երկու հատվածները կրկին միավորվեն: Ի. Աթայանի եւ նրա որդու՝ նախկինում ԱՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարար Կամո Աթայանի մտերիմներից ԱՀ ԿԳՄՍ ԳԹԿ նախկին տնօրեն, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Օլեգ Քամալյանը տեղեկացրեց այս այցի մասին, որը պատմել էր Ի. Աթայանը:

-Մեր պատվիրակությունը Մոսկվա մեկնեց 1988-ի մարտի 9-ին: Յոթ հոգի էինք՝ «Ղարմետաքսկոմբինատի» կուսկազմակերպության քարտուղար Ռոբերտ Քոչարյանը, Ստեփանակերտի ավտոտրանսպորտային ձեռնարկության  2718 ավտոշարասյան պետ Մաքսիմ Միրզոյանը, սոցիալիստական աշխատանքի հերոս, ջուլհակուհի Քնարիկ Առաքելյանը, կուսմարզկոմի բյուրոյի անդամ, ջուլհակուհի Սաիդա Օրբելյանը, մարզխորհրդի պատգամավոր, բանվորուհի Տատյանա Սոբոլեւան, Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ուսանող Սերգեյ Շահվերդյանը եւ ես: Մենք նույնպես ստորագրություններ ենք տարել, մեր այցի նպատակն արտահայտող փաստաթուղթ: Հայտնի դարձավ, որ Գորբաչովի օգնականը՝ Գեորգի Շահնազարովը, ի զորու է կազմակերպել հանդիպումը: Զանգահարեցինք նրան եւ խնդրեցինք աջակցել: Անորոշ պատասխան ստացանք: Իմ խնդրանքով նրան հաղորդվեց, որ պատվիրակության կազմում է նաեւ իր հայրենակիցը, այսինքն՝ ես,  որն ուզում է նրան տեսնել կամ խոսել հետը: Դա էլ չազդեց: Ինքս զանգեցի Գեորգի Խոսրովիչին եւ հայրենակցի հանդգնությամբ (կյանքում նրան չէի տեսել) հայտնեցի, որ մեզ ժողովուրդն է ուղարկել, եւ ինքը պարտավոր է օգնել մեզ՝ հանդիպելու Մ. Գորբաչովին: Նա ասաց, որ Գորբաչովը հաջորդ օրը մեկնելու է արտասահման, եւ առաջարկեց Մոսկվայում մնալ այնքան, մինչեւ ուղեւորությունից կվերադառնան: Ո՛չ  Շահնազարովը, ո՛չ մենք համոզված չէինք, թե մնալու դեպքում անպայման կհաջողվեր հանդիպումը ԽՄԿԿ Կենտկոմի  գլխավոր քարտուղարի հետ: Խնդրեցի կազմակերպել հանդիպում նրա հետ, ով մինչեւ վերադարձը կփոխարինի Միխայիլ Գորբաչովին: Հաջորդ օրը մեզ տեղեկացրին, որ մարտի 16-ին ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղար Եգոր Կուզմիչ Լիգաչովն ընդունելու է մեր պատվիրակությանը եւ 1 ժամ  տեւողությամբ զրույց է ունենալու:

Այնուհետեւ Ի. Աթայանը ներկայացրել է Լիգաչովի հետ հանդիպման մանրամասներ, որ ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի նպատակն է եղել սառեցնել Արցախյան շարժումը՝ այն քաղաքականից դարձնելով իբր կենցաղային. «Մենք մի կողմից ուրախացանք, որ կարողացանք հարցն ինչպես հարկն է ներկայացնել վերեւներում, մյուս կողմից զգացինք, որ կենտրոնում նստած են թույլ, անկարող մարդիկ, որոնք, ինչպես ճիշտ նկատել է Ա. Սախարովը, ադրբեջանամետ են: Զգացինք, որ սուտ ու շողոմ խոսքերով ուզում են կերակրել մեզ: Ադրբեջանի աշխարհագրական դիրքը, նավթը, մարդկային գերակշիռ ռեսուրսները գուցե ազդեցին Մոսկվայի կողմնորոշման վրա: Առաջ քաշելով սահմանների անձեռնմխելիության դրույթը՝ նրանք լեզու դրեցին ադրբեջանցիների բերանում՝ անտեսելով ազգերի ինքնորոշման մարդասիրական գաղափարը»:

1992 թ. մարտ-ապրիլ ամիսներին Բերդաձորի ջոկատներից մեկի կազմում Ավետարանոցում էի: Նախապատրաստվում էր Շուշիի ազատագրումը: Մեր զորանոցը տեղակայված էր Ավետարանոցի մետաքսի կոմբինատի շենքում, որը նախկինում ծառայել էր դպրոցին, ավելի վաղ եղել էր մելիքական գրասենյակ: Շենքի մի հատվածում էլ ժամանակավոր տեղավորվել էին Արցախի վտանգված բնակավայրերից տեղափոխված կանայք ու երեխաներ: Ընթացքում ծանոթացա գյուղի մարտական ջոկատի տղաների հետ: Ազատամարտիկ եւ դպրոցի ուսուցիչ Հրայր Մնացականյանի հետ այցելեցի դպրոց: Չնայած ընթացող պատերազմին՝ դպրոցը գործում էր: Մոտ 30 ուսուցիչ էին նվիրումով աշխատում կրթօջախում՝ Ի. Աթայանի ղեկավարությամբ: Սիրով է ընդունում ինձ Ի. Աթայանը: Մտահոգ էր, բայց հավատով լեցուն՝ ազատագրելու ենք Շուշին, ազատագրվելու է Արցախը եւ միավորվելու մայր հայրենիքին։ 1992 թ. սկզբներին շատ լարված էր իրավիճակն Արցախում, հունվարի 26-ին տեղի էր ունեցել Քարինտակի հայտնի հերոսամարտը, որին մասնակից էին եղել նաեւ Ավետարանոցի ջոկատի տղաները եւ իրենց ներդրումն ունեցել ճակատամարտի հաղթանակում։

Արցախի պատմական դպրոցներից է Ավետարանոցինը, հիմնվել է 1872 թ.՝ 20 աշակերտով։ Սկզբնական շրջանում գործել է մի քանի շենքերում։ 1925-1976 թթ. կրթօջախը տեղավորված էր նախկինում մելիքական գրասենյակի շենքում, որն այդ օրերին, արդեն նշել եմ, զորանոց էր: Դպրոցը 1976-ից գործում էր արդեն տիպային երկհարկանի շենքում, որտեղ Աթայանը հիմնել էր ֆիզիկայի ուսումնամեթոդական կաբինետ ու լաբորատորիա, ստեղծել նյութատեխնիկական հարուստ բազա՝ ուսուցման համար անհրաժեշտ սարքերով, որոնք նախագծվում եւ պատրաստվում էին նաեւ աշակերտների ջանքերով։ Աթայանի ստեղծագործ մոտեցման շնորհիվ գործում էր ֆիզիկայի ու աստղագիտության արտադասարանական, արտադպրոցական աշխատանքների յուրատիպ համակարգ, որտեղ ընդգրկված աշակերտների համար դպրոցում եւ բնության գրկում կազմակերպվում էին գործնական հետաքրքիր պարապմունքներ, էքսկուրսիաներ, հանդիպումներ: Դպրոցն ուներ նաեւ իր հողատարածքը, որտեղ հողագործությամբ էին զբաղվում նաեւ աշակերտները։ Պատմում է Աթայանն իր ղեկավարած կրթօջախի մասին եւ ինձ նվիրում իր հեղինակած «Լույսի տաճարը» գրքույկը՝ նվիրված հայրենի երկրին եւ հատկապես՝ կրթօջախին։ Տեղակացնում է՝ տարվա սկզբին նախատեսել էր իրականացնել դպրոցի հիմնադրման 120-ամյակին նվիրված միջոցառումներ, սակայն պատերազմի պատճառով այն տեղի չէր ունեցել։ Իր գրասեղանի դարակում դեռ պահվում էին հրավիրատոմսերը։

Նույն տարվա սկզբին դպրոցի շենքում էին տեղակայվել խորհրդային բանակի զինվորները։ Տանկը քանդել էր նաեւ դպրոցի բակ մտնող մուտքի մի հենասյունը։ Պատերազմի ողջ ընթացքում Ավետարանոցի դպրոցը գործեց: Երկրորդ անգամ Ի. Աթայանին հանդիպեցի 1994 թ. դեկտեմբերին: Դարձյալ այցելեցի դպրոց: Նշում էին Հովհ. Թումանյանի ծննդյան 125-ամյակը: Դպրոցականները բեմականացրեցին «Անուշ» պոեմը: Հաղթել էինք, ազատագրել Արցախը, բայց՝ մեծ զոհողությունների գնով: Ավետարանոցի հանգստարանում պատերազմի պատճառով մոտ 20 շիրմաթումբ էր ավելացել: Ռազմի տարբեր ճամփաներում մարտիրոսվել էին հերոս գյուղի հերոս տղերքը, որոնց մասին հետագայում «Արծիվներն ամպերի մեջ» գիրքը գրեցի: Հիմնականում իր ղեկավարած կրթօջախի սաներն էին նահատակ-տղաները, եւ դպրոցում հատուկ անկյուն էր նվիրված անմահ հերոսներին: Ուրախ էր Ի. Աթայանը, կայացել էր Արցախի ազատագրումը, տխուր՝ շատ հայորդիների արյան ու տառապանքի, մաքառումների գնով այն եղավ: 1995-ին լույս տեսավ նրա «Ընդմիշտ մեզ հետ» գիրքը՝ նվիրված իր նահատակ սաներին ու «Վարանդա» ջոկատի մնացած անմահ հերոսներին: Կրթության եւ մանկավարժության վերաբերյալ բազմաթիվ հոդվածներ է տպագրել ԼՂ, ՀՀ եւ միութենական մամուլում։ Հետմահու՝ 2001 թ., Արցախի նախագահի կողմից պարգեւատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով։ Ավետարանոցի՝ իր անվան միջնակարգ դպրոցում տեղադրված է նրա կիսանդրին։ ԼՂՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը սահմանել է «Իվան Աթայան» հուշամեդալը, «Իվան Աթայան» կրթաթոշակ, կազմակերպում է ամենամյա ուսուցչական սեմինարներ՝ «Աթայանական ընթերցումներ»: Վարանդայի զավակի մասին գրված է «Ով ով է. հայեր» կենսագրական հանրագիտարանում, «Հայկական հանրագիտարանում»: Մ. Զիլֆուղարյանի «Ժողովրդի ուսուցիչը» (Երեւան, 2000 թ.) եւ Թ. Հարությունյանի «Իվան Աթայան» (Երեւան, 2001 թ.) գրքերը նվիրված են ժողովրդական մանկավարժին:

Արցախյան վերջին պատերազմում թշնամու տիրապետության տակ անցավ նաեւ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը՝ հարակից բնակավայրերով, նաեւ Ի. Աթայանի ծննդավայր Ջրաղացներով: «Ոչ մի հայրենասեր հայ ակնթարթ անգամ չի կասկածում, որ Հադրութը, Ավետարանոցն ու Շուշին կրկին ու հավերժ մերն են լինելու, եւ, ի վերջո, տեր ենք կանգնելու մեր ազգային Մեծ Հաղթանակին…»,- ասում է Օլեգ Քամալյանը՝ հավատով, որ նորից ենք այցելելու Ավետարանոց եւ պատմական Վարանդայի մելիքություն:

Թեգեր: Իվան Աթայան
Կիսվել2Tweet2Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Երբ լավ գործ ես անում, չես սպասում պատասխան գնահատանքի

Երբ լավ գործ ես անում, չես սպասում պատասխան գնահատանքի

Այց Արցախ՝ Ամանորին ընդառաջ

Այց Արցախ՝ Ամանորին ընդառաջ

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist