Հայաստանի նախագահությամբ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի արձագանքը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի կոչին օրինաչափորեն բացասական արձագանք առաջացրեց Թուրքիայում: Ղազախստանում 2022 թ. սկզբին մեկնարկած իրադարձությունների ընթացքը եւ տրամաբանությունը օր օրի հաստատում են շրջանառվող այն վարկածը, որ անհնազանդության ակցիաների հետեւում իր էական դերակատարումն ունի նաեւ Թուրքիան: Թյուրքական բնակչություն ունեցող երկիր համարվող եւ ավանդաբար պրոռուսական իշխանություններ ներկայացնող պետության դեմ ուղղված այս շարժումը չէր կարող ձեռնտու չլինել Թուրքիային, հատկապես՝ մեծ թուրանի կառուցման մասին վերջերս զարգացվող գաղափարների եւ այդ ուղղությամբ ակտիվացած նպատակային գործողությունների համապատկերին:
Այս ամենի համատեքստում Հայաստանի գործողություններն օրինաչափ են, հատկապես ՀԱՊԿ շրջանակներում ստանձնած առաքելության՝ կառույցի նախագահության տեսանկյունից: Ղազախստանը փորձաքար էր ՀԱՊԿ կոլեկտիվ գործողություններ ծավալելու եւ նրա դերակատարության բարձրացման առումով, ինչի անհրաժեշտության մասին բազմիցս բարձրաձայնել է հենց Հայաստանը: Գտնվելով ռազմաքաղաքական այս կառույցում՝ պաշտոնական Երեւանը մշտապես հանդես է եկել կառույցի գործառնական կարողությունների հզորացման եւ կոլեկտիվ գործողությունների արդյունավետության բարձրացման օգտին: Մյուս կողմից էլ ՀԱՊԿ անդամ պետության նախագահի դիմումը կառույցին ոչ միայն չէր կարելի անպատասխան թողնել, այլեւ պատեհ առիթ էր այդ ռազմաքաղաքական կառույցի գործունակությունը պարզելու եւ հակաահաբեկչական գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու համար: Վերոնշյալ գործոններով էր պայմանավորված նաեւ Հայաստանի օպերատիվ արձագանքը դիմումին:
Ղազախստանն ապակայունացնելու միջոցով իր շահն առաջ տանելու Թուրքիայի շահագրգռվածության մասին է խոսում նաեւ Թուրքիայի նախկին վարչապետ եւ նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը: Նա անընդունելի էր համարել, որ թյուրքական աշխարհի կենտրոնական երկրի՝ Ղազախստանի ղեկավարությունը դիմել է ՀԱՊԿ-ին, որն անհապաղ օգնության է շտապել։ «Ես խորապես վշտացած եմ բարեկամ եւ եղբայրական Ղազախստանում՝ թյուրքական աշխարհի կենտրոնական երկրում տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ։ Մտահոգիչ է նաեւ այն, որ Ղազախստանն օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որը նախագահում է Հայաստանը»,- թվիթերի իր էջում գրել էր նա:
Չնայած Դավութօղլուն ներկայացնում է Թուրքիայի ներկայիս իշխանություններին ընդդիմադիր դաշտը, սակայն լիովին արտահայտում է այդ երկրի դիրքորշումը եւ շահերի ուրվագիծը: Մյուս կողմից էլ Հայաստանի շահերից չի բխում Ադրբեջանից հետո Ղազախստանի ամբողջական սուվերենության կորուստը՝ Թուրքիայի ազդեցության ընդլայնման համատեքստում: Ղազախստանում տեղ գտած իրադարձությունների ֆոնին հետաքրքրական էր նաեւ Թուրքիայի պաշտպանության նախարարի՝ Հայաստանին ուղղված վերջին հայտարարությունը: Նշելով, որ Անկարան հարգում է բոլոր պետությունների սահմաններն ու ինքնիշխանությունը՝ Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ իրենց նպատակը Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունն է։ Նրա խոսքով՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները խաղաղության ձեռք են մեկնել Հայաստանին, եւ հույս է հայտնել, որ այս ժեստը պատշաճ կերպով կգնահատվի Երեւանում, ինչը վերաբերում է ոչ միայն Ադրբեջանին կամ Հայաստանին, այլեւ ողջ տարածաշրջանին։ «Հարավային Կովկասը պետք է վերածվի կայունության կղզու»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։ Նա հիշեցրել է, որ 2021-ի հունվարի 30-ից Ադրբեջանում գործում է ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնը, որ հրադադարի խախտման դեպքերը նվազում են. «Կայունության էլ ավելի մեծ մակարդակի հույս ունենք: Թուրքիայի եւ Ռուսաստանի համատեղ քայլերը նպաստում են խաղաղությանը եւ երկարաժամկետ հրադադարին»:
Եթե Ադրբեջանում Թուրքիային հաջողվեց պատերազմ սանձազերծելով իր ներկայությունը հաստատել, ապա Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի դիմումը ՀԱՊԿ-ին եւ օտարերկրյա, այդ թվում նաեւ Թուրքիայից Ղազախստան ժամանած բախումների կազմակերպիչներին ու մասնակիցներին ահաբեկիչներ որակումը վերջակետ դրեցին այդ երկրում իրավիճակի կարգավորման գործընթացին Անկարայի ներգրավման, հետեւաբար՝ նաեւ ներկայության ու ազդեցության մեծացման պլաններին: Թուրքիան, սակայն, չէր կարող «խաղաղապահի» դիրքերից որեւէ ժեստ չանել: Սրա համատեքստում օրերս Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն «Twitter»-ի իր էջում հեռարձակած ելույթում հայտարարել էր, որ թյուրքական պետությունների կազմակերպությունը կաջակցի Ղազախստանին:
Անկարայից հնչած վերջին հայտարարությունում ուշագրավ է այն նրբերանգը, որ Թուրքիան արդեն անձամբ իր անունից հանդես չի գալիս, ինչպես Արցախի պատերազմի դեպքում էր, ինչը փաստում է, որ Ղազախստանում վերջինիս միջամտությունը դիվանագիտական ֆորմալ ձեւակերպումներից այն կողմ չի անցնի: Իսկ Հայաստանն իր նախագահության օրոք որակական նոր հարթության վրա կբարձրացնի ՀԱՊԿ ռազմաքաղաքական կառույցի կարողություններն ու գործառնական ունակությունները, ինչը բխում է նաեւ ՀՀ անվտանգության դոկտրինից: