Մի անգամ գրողների միությունում բանաստեղծին դատափետում են հարբեցողության եւ ծեծկռտոցի համար։ Նա, որպես արդարացում, երկար եւ տրտում պնդում է, թե ստեղծագործ մարդը չի կարող չխմել, զգացմունքները դրա կարիքն ունեն: «Դոստոեւսկին խմել է,- թվարկում է նա,- Ապուխտինը խմել է, Տոլստոյը խմել է, Բեթհովենը խմել է, Մոցարտը խմել է, խմել են Չարենցն ու Շիրազը…»։ Այստեղ ինչ-որ մեկին ձանձրացնում է տաղտկալի թվարկումը, եւ հարցնում է. «Իսկ, հետաքրքիր է, ի՞նչ է խմել Մոցարտը»։ «Սալիերին ինչ լցրել է, այն էլ խմել է»,- պատասխանում է անվրդով Սվետլովը։
Հումորի զգացումը երբեք չի լքել բանաստեղծին։ Արտիստ Գուշանսկին հիվանդին այցելելիս մի շիշ բորժոմի է բերում։ Սվետլովը մատը պարզում է շշի պիտակին եւ թուլացող ձայնով արտաբերում. «Ես էլ կլինեմ… ինչպես գրված է այստեղ…»։ Գուշանսկին նայում է շշին։ Սվետլովը ցույց է տալիս տեքստը. «Պահպանել սառը, մութ տեղում՝ պառկած վիճակում»։
Արծաթե դարաշրջանի պոեզիան բազմազան է. այն ներառում է նաեւ պրոլետար (Դեմյան Բեդնի, Ալեքսեյ Գաստեւ, Ալեքսանդր Բեզիմենսկի, Յակով Շվեդով, Միխայիլ Սվետլով, Վլադիմիր Կիրիլով), գյուղագիր (Նիկոլայ Կլյուեւ, Սերգեյ Եսենին, Սերգեյ Կլիչկով, Ալեքսանդր Շիրյաեւեց, Պյոտր Օրեշին) եւ մոդեռնիստական միտումները ներկայացնող բանաստեղծների ստեղծագործությունները։
Միխայիլ Սվետլովը (1903-1964) ռուսական սովետական բանաստեղծ է: Ծնվել է չքավոր հրեայի ընտանիքում: 1919-ից՝ կոմերիտական, 1920-ին՝ Եկատերինոսլաբի 1-ին տերիտորիալ գնդի կամավոր հրաձիգ: Սովորել է Մոսկվայի համալսարանում (1927-28): 1941-45-ի Հայրենական մեծ պատերազմի տարիներին Սվետլովը եղել է «Կրասնայա զվեզդա» թերթի հատուկ թղթակիցը Լենինգրադյան ռազմաճակատում, ճակատային մի շարք թերթերի թղթակից: Պատերազմական տարիների ստեղծագործություններից առանձնանում է «Իտալացին» (1943) բանաստեղծությունը՝ կառուցված որպես մտովի մենախոսություն, որը հաստատում է խաղաղության, մարդկանց եղբայրության երազանքը:
…Շոգենավը Գայդայն անվանել է «Միխայիլ Սվետլով»՝ պոետի հանդեպ ունեցած մեծ սիրուց դրդված։ Լսելով այս նավի հրաշալի անունը՝ շատերն անմիջապես հիշում են Լ. Գայդայի «Ադամանդե ձեռքը» (1968) ֆիլմը: Ըստ սյուժեի՝ ժապավենի գլխավոր հերոսը՝ հասարակ սովետական աշխատող Սեմյոն Սեմյոնովիչ Գորբունկովը (Յուրի Նիկուլին), մեկնում է արտերկիր՝ նավով, որի կոշտ եւ կողային մասը զարդարված է «Միխայիլ Սվետլով» բանաստեղծական մակագրությամբ: Երբ նավահանգիստ է եկել «Պոբեդա» շոգենավը, Գայդայը համոզել է կապիտանին՝ մեկ օրով փոխել անվանումը։
Սվետլովն է հետեւյալ թեւավոր աֆորիզմների հեղինակը. «Չակերտները հիմարների համար են», «Ընկերությունը շուրջօրյա հասկացություն է», «Իմը մարմնակազմություն չէ, այլ մարմնաընթերցանություն», «Կյանքը խիտ բնակեցված անապատ է», «Ես գեղեցիկ եմ ստացվում միայն ծաղրանկարներում»։ Բայց, իրոք, գեղեցիկ է։
Աղջիկը՝ համայնքից հեռու,
Ապրում էր աշխարհի ծայրին,
Օդի տեղ հնարանքով էր շնչում,
Խանգարում էր շնչել իմ հնարանքին։
Աշխարհի ծայրին էր նա ապրում,
Կրկնում եմ, աշխարհի ծայրին…
Միայն, ափսոս, որ աշխարհը կլոր է,
Եվ չունի ո՛չ վերջ եւ ո՛չ ծայր…
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ