Հայ ժողովրդի պատմության ողջ ընթացքում ուղենիշային են եղել ոչ թե պարտությունները, այլ հաղթանակները, որոնցով դաստիարակվել են սերունդները: Ու այսօր թեկուզեւ վիրավոր սրտերով ենք մոտենում մայիսյան հաղթանակներին, սակայն ոչինչ չի կարող ստվերել պատմական իրադարձությունները:
1992-ի մայիսի 9-ի Շուշիի ազատագրումն այն բացառիկ հաղթանակներից է, որ ձեռք է բերվել մեր քաջարի հայորդիների մարտավարական հմտության եւ բազում սխրանքների շնորհիվ, նրանց արյան գնով: Ինչպես հայտնի է, բերդաքաղաքի ռազմագործողության ծրագիրը, որ կրում էր «Հարսանիք լեռներում» պայմանական անունը, մշակվել է Կոմանդոսի՝ երջանկահիշատակ գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանի կողմից, ում փայլուն մարտարվեստի իրագործման միջոցով հնարավոր եղավ կանխել Ատեփանակերտի եւ շրջակա բնակավայրերի հրետակոծումը, ապահովել նոր կազմավորվող պաշտպանության բանակի առաջխաղացումը: Փաստացի, հայոց բերդաքաղաքի ազատագրմամբ բեկում մտցվեց ռազմաճակատում: Պատահական չէ, որ Արցախում մեծ գոհունակությամբ է ընդունվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Հայաստանի զինված ուժերի ստեղծման եւ կայացման, հայրենիքի պաշտպանության եւ անվտանգության ապահովման գործում ունեցած բացառիկ ծառայությունների համար Արկադի Տեր-Թադեւոսյանին հետմահու Հայաստանի Ազգային հերոսի բարձր կոչում շնորհելու մասին հրամանագիրը:
Ինչ խոսք, հայտնի պատճառով նախորդ տարիների ձեւաչափով մայիսյան տոները, որոնց մասնակցում էին մեծ թվով պատվիրակություններ Հայաստանից եւ սփյուռքից, այս անգամ արցախցիները չնշեցին: Միեւնույն ժամանակ ոչ ոք չի կարող նսեմացնել մայիսի 9-ի խորհուրդը, որ պատմական նշանակություն ունեցավ մեզ համար: ԱՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի կարծիքով. «Մայիսի 9-ը մենք ունեցանք հայ ժողովրդի կամքի եւ զորեղ բազկի շնորհիվ: Միահամուռ հասանք պատմական հայրենիքի եւ ինքնության ստեղծման, արժանապատիվ հաղթանակի, որից երբեք չենք հրաժարվում: Շարունակում ենք ապրել, պայքարել եւ արարել, շենացնել հայրենիքը, առաջնորդվել մեր նահատակների պատգամներով»:
Փորձելով վերաիմաստավորել տոնը եւ դասեր քաղել անհաջողություններից, Արցախում գտնում են, որ հայ զինվորը, հայոց բանակը չեն պարտվել 44-օրյա պատերազմում: Այդ մասին են վկայում ամենաբարդ ռազմագործողությունների ժամանակ նրանց կատարած խիզախություններն ու հերոսությունները, գիտակցաբար իրենց կյանքը հայրենիքին զոհաբերելու օրինակները: Նահատակված հայորդիների հիշատակը հավերժացնելու քայլ կարելի է համարել Ստեփանակերտում կազմակերպված «Ննջեք խաղաղությամբ, ձեր գործը շարունակվում է» երիտասարդական-հայրենասիրական ակցիան: Ուսանողներն ու դպրոցականները մայիսի 8-ին այցելել են Մեծ հայրենականի վետերաններին, ինչպես նաեւ արցախյան պատերազմներում զոհված զինծառայողների ու պահեստազորայինների, կամավորականների ընտանիքներին եւ տոների առթիվ շնորհավորել նրանց: Մայրաքաղաքում, երկրի մյուս բնակավայրերում անցկացվել են արիության դասեր, հիշատակի արարողություններ, մարզական մրցումներ եւ ազգային ավանդական խաղեր, ուխտագնացություններ:
Ի հիշատակ զոհված մարտիկների, Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվել է ոգեկոչման կարգ, կազմակերպվել է Խաչերթ՝ Հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթ Սուրբ խաչի եւ ՊԲ հովանավոր Սբ Գրիգորիսի Խաչվառի առաջնորդությամբ՝ դեպի Ստեփանակերտի հուշահամալիր:
Մայիսի 9-ին Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվել է սուրբ պատարագ եւ կատարվել հանրապետական մաղթանք:
«Այս ծանր սրտով ենք դիմավորում մայիսյան եռատոնը, քանի որ ադրբեջանա-թուրքական վերջին ագրեսիայի հետեւանքները մեծ խզում են առաջացրել տոնի խորհրդի հետ: Այնուամենայնիվ, մենք վճռական ենք շարունակելու մեր արդար պայքարը՝ հանուն հայրենի հողում հայ ժողովրդի անվտանգ, լիիրավ ու արժանապատիվ հարատեւման, հանուն Շուշիի վերադարձի եւ հանուն մեր նահատակների սուրբ հիշատակի»,- տոնի կապակցությամբ հղած ուղերձում ընդգծել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
Արցախի թեմակալ առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը տոնի կապակցությամբ պատգամ հղելով ժողովրդին` մասնավորապես նշել է. «Առաջին անգամ մեր նորօրյա պատմության մեջ մեր հաղթանակների ամիսը դիմավորում ենք ոչ տոնական տրամադրությամբ: Սակայն ակներեւ է այն փաստը, որ ոչինչ չի կարող ստվերել մեր հերոս նահատակների սխրանքները: Մեր պատմության ընթացքում փառահեղ հաղթանակներից զատ ունեցել ենք նաեւ անհաջողություններ եւ պարտություններ: Սակայն պարտությունները չեն, որ ուղենշել են մեր ժողովրդի պատմական ընթացքը, այլ մեկը մյուսից փառահեղ հաղթանակները, որոնց ոգով դաստիարակվել են սերունդները»:
Սրբազանը վստահ է, որ ժողովուրդն այս անգամ եւս զորեղ կամք կդրսեւորի եւ միասնաբար կհաղթահարի հերթական փորձությունը: «Արցախը կանգուն է, մարտականորեն տրամադրված, եւ անպայման նոր հաղթանակներ պիտի ունենանք»,- համոզված է Արցախի թեմակալ առաջնորդը:
Ի դեպ, Մայիսյան եռատոնի կապակցությամբ Արցախի երկրորդ, երրորդ եւ չորրորդ նախագահներն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ խոնարհել արցախյան պատերազմներում նահատակված հայորդիների շիրիմներին: Ծաղիկներ են տեղադրվել նաեւ Շուշիի մատույցներում գտնվող տանկ-հուշարձանին: