ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում առաջին անգամ մանրակրկիտ բնութագրվել են Հայաստանում շրջանառվող հակամանրէային կայունություն դրսեւորող շիգելոզի (բակտերիալ դիզենտերիա) կլինիկական հարուցիչները: Այս մասին տեղեկանում ենք ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից։
Ընդհանրապես՝ սննդածին բակտերիալ վարակների վերահսկումն արդիական խնդիր է աշխարհում: Հարուցիչների դեմ կիրառվող հակամանրէային դեղամիջոցների արդյունավետությունը նվազում է մանրէների մոտ դեղամիջոցների նկատմամբ կայունության առաջացման եւ տարածման պատճառով: Նշված վարակներից Հայաստանում առավել տարածվածներից է շիգելոզը։ Խնդրի արդիականությունից ելնելով` առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնում հիվանդներից անջատված շիգելոզի հարուցիչների հետազոտություններ են իրականացվել:
Գիտական աշխատանքների ղեկավարը կենսաբանական գիտությունների թեկնածու Անահիտ Սեդրակյանն է, ով, խոսելով գիտական արդյունքներից, պարզաբանում է. «Առաջին անգամ է կատարվել Հայաստանում հիվանդներից անջատված շիգելոզի առավել խնդրահարույց հարուցիչների մանրակրկիտ բնութագրում՝ ամբողջական գենոմի սեքվենավորման կիրառմամբ: Ստացվել են հարուցիչները բնութագրող աննախադեպ եւ ծավալուն տվյալներ: Բացահայտվել եւ բնութագրվել են հարուցիչների հակամանրէային դեղամիջոցների նկատմամբ կայունության մեխանիզմներն ու վարակելիության ներուժը (վիրուլենտությունը): Հայաստանում հիվանդներից անջատված շիգելոզի հարուցիչների գենոմային տվյալները համեմատվել են այլ երկրներում տարածված հարուցիչների համանման տվյալների հետ, ինչը կարեւոր է շատ համաճարակային բարձր ռիսկ ներկայացնող կլոնների հայտնաբերման համար»։
Ա. Սեդրակյանի խոսքով՝ բացահայտվել է, որ բոլոր հետազոտված հարուցիչները ցուցաբերել են կայունություն տարբեր դասերին պատկանող հակաբիոտիկների նկատմամբ: Առավել մտահոգիչ է, որ Հայաստանում շրջանառվող շիգելոզի հարուցիչների շարքում հայտնաբերվել են «գլոբալ առաջնայնության» պաթոգեններին բնորոշ հակաբիոտիկակայունություն ցուցաբերող հարուցիչներ:
Գիտական աշխատանքների ղեկավարը (աշխատանքներն իրականացվել են «Հայաստանում տարածված սննդածին բակտերիալ ծագման հիվանդությունների կանխարգելման եւ բուժման մոտեցումների մշակում՝ բակտերիոֆագերի կիրառմամբ» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ) բացատրում է նաեւ, որ ներկայում սննդածին հիվանդությունների կանխարգելման եւ բուժման խոստումնալից այլընտրանքային միջոց է բակտերիոֆագերի (բակտերիալ վիրուսների) կիրառումը: Անջատվել են շիգելոզի հարուցիչների նկատմամբ ակտիվություն ցուցաբերող բակտերիոֆագեր: Կատարվել են շիգելոզի հարուցիչների դեմ բակտերիոֆագերի ակտիվության բարձրացմանն ուղղված աշխատանքներ: «Եվ արդյունքում Հայաստանում անջատված եւ մշակված բակտերիոֆագերի հիման վրա նախագծվել են շիգելոզի հարուցիչների դեմ արդյունավետություն ցուցաբերող պատրաստուկներ, որոնք կարող են ծառայել որպես հակաբիոտիկակայուն հարուցիչների դեմ պայքարի այլընտրանքային կամ լրացուցիչ միջոց»,- ասում է Ա. Սեդրակյանը:
Նախորդ տարեվերջին նա տեղեկացրել էր (դարձյալ ըստ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայության), որ Հայաստանում անջատված շիգելոզի հարուցիչների գենոմների մուտքագրումը եվրոպական նուկլեոտիդային արխիվ (ԵՆԱ) ընթացքի մեջ է, որից հետո ստացված տվյալները հասանելի կդառնան ամբողջ հետազոտական համայնքին: Եվ որ սա այս աշխատանքների նշանակալի ներդրումը կլինի շիգելոզի հետազոտման ոլորտում։
Ի դեպ, հետազոտության արդյունքներն ինտերակտիվ պոստերի ձեւով ներկայացվել են 2021 թ. Մանրէների համաշխարհային ֆորումում: Աշխատանքն անցել է գրախոսության մի շարք փուլեր Մանրէների համաշխարհային ֆորումի փորձագետների կողմից եւ հավանության արժանացել: