Սեփական զինված ուժերը ռուսական ազդեցությունից հեռացնելուն զուգահեռ Ադրբեջանն սկսել է ոչ միայն ներգրավվել հակառուսական աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային ծրագրերում, այլեւ որոշ դեպքերում հանդես է գալիս նման նախագծերի նախաձեռնողի կարգավիճակում: Ասվածի համատեքստում ուշագրավ գործընթաց տեղի ունեցավ նախորդ շաբաթ՝ Ուկրաինա Ադրբեջանի նախագահի պաշտոնական այցի ժամանակ:
Հյուրընկալող երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Կիեւում քննարկվել են Ժողովրդավարության եւ տնտեսական զարգացման կազմակերպության (ՎՈւԱՄ) երկրներին միավորող տրանսպորտային միջանցքի ստեղծման հեռանկարները։ Այս նախաձեռնությունը իրենից ներկայացնում է տրանսպորտային եւ տնտեսական կապ Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի եւ Մոլդովայի միջեւ: Կազմակերպությունը հիմնադրվել է 1997 թվականին, բայց կանոնադրությունն ընդունվել է միայն 2006 թվականին: ՎՈւԱՄ-ի նպատակն ԱՊՀ-ին եւ ՀԱՊԿ-ին հակազդելն է: Կազմակերպության հիմնական տնտեսական բաղադրիչը Ռուսաստանը շրջանցող էներգետիկ ուղիների ձեւավորումն է՝ Միջին Ասիայի էներգակիրները Անդրկովկասով եւ Ուկրաինայով Եվրոպա արտահանելը: Այս ակնհայտ հակառուսական ծրագիրը գրեթե 15 տարի գործնականում սառեցված էր, եւ այսօր նրա ակտիվացումը լիովին տեղավորվում է ՌԴ-ի շուրջ ընթացող անբարենպաստ աշխարհաքաղաքական զարգացումների տրամաբանության մեջ:
Հատկանշական է նաեւ, որ ՎՈւԱՄ-ի շրջանակներում ինտեգրման գործընթացների ակտիվացման մասին խոսվում է «3+3» ձեւաչափի նախաձեռնությանը զուգահեռ: Այս միտումը նվազագույնը նշանակում է Ադրբեջանի եւ Վրաստանի բանավոր հայտարարություն այն մասին, որ նրանք մերժում են «3+3» ձեւաչափը, իսկ առավելագույնը՝ դուրս են գալիս ՌԴ տնտեսական շահերի դեմ:
Կիեւում կայացած պաշտոնական հանդիպման ժամանակ Ուկրաինան եւ Ադրբեջանը երկկողմանի 5 պայմանագիր ստորագրեցին՝ երկկողմ առեւտրի ոլորտում համագործակցության, ինչպես նաեւ սննդամթերքի անվտանգության հարցում համագործակցության մասին։ Կողմերը նաեւ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել գյուղատնտեսության ոլորտի երկրների գերատեսչությունների միջեւ։
Ուկրաինայի «Նեֆտեգազի» խորհրդի նախագահ Յուրի Վիտրենկոն եւ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարը հուշագիր են ստորագրել էներգետիկ ոլորտում։ Փաստաթղթի համաձայն՝ երկրները պայմաններ կստեղծեն Ուկրաինայի նավթի ու գազի շուկայում նախագծերի համատեղ իրականացման համար։ Խոսքը, մասնավորապես, Ուկրաինայի տարածք նավթի ու նավթամթերքի մատակարարման ու փոխադրման, ինչպես նաեւ ածխաջրածնային հանքավայրերի հետախուզման մասին է։ Հուշագիրը նաեւ նախատեսում է համաձայնագրեր Ուկրաինայում նոր նավթավերամշակման գործարանների կառուցման, ինչպես նաեւ Կիեւին բնական գազի մատակարարման, ստորգետնյա պահեստարաններում դրանց պահպանման վերաբերյալ։
Ուկրաինան առաջին հերթին դիտարկում է ադրբեջանական բնական գազի ներկրման հնարավորությունը, որը մատակարարվելու է նաեւ եվրոպական շուկա՝ «Հարավային գազային միջանցք» նախագծի երկրորդ եւ երրորդ փուլերի իրականացման շրջանակներում։ Սա Ռուսաստանին ուղղված Ադրբեջանի շատ կոշտ քայլն էր, այն դեպքում, երբ ՌԴ-ն շատ զգայուն է գազի համաշխարհային շուկայում իր ունեցած բնական մենաշնորհի պահպանման հարցերում: Ստացվում է, որ Ադրբեջանը տեւական ժամանակ չէր խոսում ՎՈւԱՄ-ի մասին, այդ ընթացքում գնում էր ռուսական նորագույն ռազմական տեխնիկա եւ Թուրքիայի հետ Արցախում պատերազմ հրահրերուց հետո արագ սկսեց հրաժարվել ռուսական սպառազինությունից ու փորձում է վերակենդանացնել հակառուսական նախագիծը:
Պատահական չէ, որ կողմերը նաեւ պայմանավորվեցին սեւծովյան եւ կասպյան ավազաններում ռազմավարական համագործակցության, միմյանց տարածքային ամբողջականությանն աջակցելու, հիբրիդային պատերազմներին համատեղ դիմակայելու հարցերում: Սա՝ այն դեպքում, երբ Սեւ ծովում վերջին շրջանում ակտիվացել է ՆԱՏՕ-ն, եւ վերջինիս նավերը գրեթե չեն լքում ուկրաինական ծովափնյա գոտիները:
Արցախի Հանրապետության շփման գծում խաղաղապահ առաքելություն իրականացնող Ռուսաստանի նկատմամբ պաշտոնական Բաքվի դեմարշի նման դրսեւորումները փաստում են, որ Ադրբեջանն առնվազն դժգոհ է Արցախի շուրջ ստեղծված ստատուս-քվոյից, որն էլ, իր հերթին, նշանակում է, որ Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիայի արդյունքում նրան չի հաջողվել հայաթափել Արցախը եւ իր օգտին լուծել հիմնահարցը: Ադրբեջանի հակառուսական նման կեցվածքն առաջ կբերի Մոսկվայի օրինաչափ արձագանքը, որը կարող է հնչել նաեւ Արցախի կարգավիճակի շուրջ գործընթացներում: