Բալկաններում իր ազդեցությունն ընդլայնելու եւ ամրապնդելու նպատակով Թուրքիան ջանք չի խնայում։ Այդ նպատակին է ուղղված տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացումը։ Անցած տարի Թուրքիան պաշտպանական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր էր ստորագրել Ալբանիայի հետ, որը ենթադրում է հետախուզական գործողություններում մասնագիտացած ոստիկանական անօդաչու սարքերի մատակարարում Տիրանային։ Իհարկե, չի բացառվում, որ ալբանացիներին տրամադրվեն հարվածային բայրաքթարներ։ Անցյալ տարի Ալբանիան դարձել է հակադրոնային համակարգի առաջին գնորդը, որը մշակվել է թուրքական «National War Technologies Defence Systems Inc.» պաշտպանական ընկերության կողմից։ Ստամբուլում 2021 թ. օգոստոսի 17-20-ն անցկացված Ռազմական տեխնոլոգիաների միջազգային IDEF 2021 ցուցահանդեսի շրջանակներում 5 տարի ժամկետով պաշտպանական համագործակցության համաձայնագիր է ստորագրվել նաեւ Հյուսիսային Մակեդոնիայի հետ։ Այն ենթադրում է Անկարայի աջակցությունն այդ երկրի ազգային զինված ուժերի արդիականացման գործում։ Թուրքական ռազմարդյունաբերությամբ հետաքրքրված են բալկանյան այլ պետություններ եւս։
Թուրքիայի «ներթափանցումը» Բալկաններ չի սահմանափակվում միայն ռազմական ուղղությամբ՝ մեծ տեղ հատկացնելով «փափուկ ուժի» կիրառմանը։ Այս համատեքստում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հենվում է նաեւ այդ երկրների մուսուլման համայնքների վրա։ Նախօրեին Էրդողանն այցելել էր Ալբանիա, որտեղ մասնակցել է հյուսիսարեւմտյան Լաչ քաղաքում 2019 թ. նոյեմբերին տեղի ունեցած երկրաշարժից տուժածների համար Անկարայի կողմից կառուցված ավելի քան 500 բնակելի շենքերի հանձնման արարողությանը։ Նա ելույթ է ունեցել նաեւ Ալբանիայի խորհրդարանում։ Էրդողանն ընդգծել է, որ Միացյալ Նահանգներից հետո Թուրքիան երկրորդ երկիրն է, որը ճանաչել է Կոսովոյի անկախությունը եւ «այդ ժամանակվանից աշխարհի տարբեր մասերում պայքարում է Կոսովոյի ճանաչման համար»։
Թուրքիայի եւ Ալբանիայի հարաբերություններն զգալիորեն զարգացել են Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի օրոք։ Թուրքիան Ալբանիայում ներդրել է մոտ 3.5 միլիարդ դոլար, գործում է ավելի քան 600 ընկերություն։ Ի դեպ, 2013 թվականին Էդի Ռաման Թուրքիան ներառել է երկրի հինգ ռազմավարական գործընկերների թվում։ «Թեեւ մեր միջեւ ընդհանուր սահմաններ չկան, մենք Ալբանիան համարում ենք մեր հարեւանը։ Մեր հարաբերությունների պատմությունը, որն ունի խորը արմատներ, հաշվվում է վեց դար։ Մեր ընդհանուր պատմության հետքերը արտացոլված են ոչ միայն քաղաքական կյանքում, այլեւ Շկոդրայի քարե բակերում, Բերաթի տներում եւ Էթեմ բեյի մզկիթի ճարտարապետության մեջ: Այս ամուր հիմքի վրա օրեցօր զարգանում են մեր բարեկամական եւ ընտանեկան կապերը»,- խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ նշել է Էրդողանը՝ դրանով իսկ հիշեցնելով Օսմանյան կայսրության ժամանակները։ Ալբանիայում օսմանյան տիրապետությունն սկսվել է 1385 թվականին եւ ավարտվել 1912 թվականին՝ Բալկանյան պատերազմների արդյունքում:
Սակայն մեկօրյա այցի շրջանակներում ամենագլխավոր իրադարձությունը, թերեւս, Էրդողանի կողմից Էթեմ բեյ մզկիթի բացման արարողությանը ներկա գտնվելու հանգամանքն է, որը վերանորոգվել է Թուրքիայի համագործակցության եւ համակարգման գործակալության (TIKA) կողմից։ Օսմանյան ժամանակաշրջանում կառուցված մզկիթի բացման արարողության օրը պատահական չի ընտրված. ինչպես ցույց են տալիս զարգացումներն ու իրադարձությունները, Էրդողանը չափազանց մեծ կարեւորություն է տալիս խորհրդանշական օրերին, պատմական անցքերին (դրա ապացույցներից է այն, որ Էրդողանը մուսուլման քաղաքացիներին ողջունելու համար անցած տարի հունվարին հրապարակել էր վաղուց մզկիթի վերածված Կարսի Սուրբ Առաքելոց հայկական եկեղեցու լուսանկարը, որի վրա գրված էր՝ «Բարի ուրբաթ»: Իսկ լուսանկարն այնպիսի կետից էր արված, որ եկեղեցու հետնամասում երեւում էր Կարսի բերդը, որի վրա ծածանվում է թուրքական դրոշը: Հաջորդը՝ 2020 թ. դեկտեմբերին ելույթ ունենալով Բաքվում՝ Արցախյան երկրորդ պատերազմի ավարտին նվիրված զորահանդեսում, Թուրքիայի նախագահը մեջբերել էր «Արազ» գետի (Արաքսի) մասին բանաստեղծությունից մի տող, որը բուռն արձագանք էր առաջացրել Իրանում):
Ալբանիայի պատմության մեջ հունվարի 17-ը Կաստրիոտի իշխանական տոհմից Ալբանիայի ազգային հերոս, թուրք նվաճողների դեմ ալբան ժողովրդի ազատագրական պայքարի կաթոլիկ առաջնորդ Գիորգի Կաստրիոտիի (Սկանդերբեգ) հիշատակի օրն է։ 1468 թվականի այս օրը, փաստորեն, իր մահկանացուն է կնքել Օսմանյան կայսրության դեմ պայքարը խորհրդանշող անձը: Սրանով Էրդողանը ցանկանում է «սրբագրել» իր երկրի պատմության «պարտությունները», «թուլությունները»։
Թուրքիան արդյունավետ փորձում է իրացնել պատմությունից ստացած ազդեցության լծակները, հաշվի է առնում յուրաքանչյուր մանրուք եւ այս անգամ եւս Բալկաններում ԵՄ-ի հարավային սահմաններից ներս իր կապերն է զարգացնում ընդհանուր պատմություն, կրոն եւ այլ հետաքրքրություններ ունեցող պետության հետ։