Կոռուպցիայի դեմ պայքարի գործառույթներ ունեին տարբեր իրավապահ մարմիններ, սակայն օրենսդրական վերջին փոփոխություններով այդ ուղղությամբ համակարգված ինստիտուցիոնալ պայքար է տանելու Հակակոռուպցիոն կոմիտեն: Այստեղ առաջնային նշանակություն է ստանում կոմիտեի ղեկավար կազմի օբյեկտիվ ընտրության եւ մասնագիտական կարողությունների առարկայական գնահատման գործոնը:
Այս կարեւոր խնդիրը լուծելու համար նախատեսվում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության հանձնաժողովում խորհրդատվական ձայնի իրավունքով ներգրավել նաեւ միջազգային փորձագետների: «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում միջազգային փորձագետների ներգրավման կարգը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի մշակման նպատակն է պաշտոնյայի ընտրության մրցույթի ներառականության ապահովումը եւ բազմաշահառու խորհուրդ ունենալը:
Ազգային ժողովի 2021 թ. մարտի 24-ին ընդունված «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի համաձայն՝ մեկամսյա ժամկետում կառավարությունը պետք է սահմաներ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, կոմիտեի ծառայողի լեզվական գիտելիքների իմացության ստուգման, ինչպես նաեւ նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում միջազգային փորձագետների ներգրավման կարգերը։
Օրենքով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում խորհրդակցական ձայնի իրավունքով կառավարության սահմանած կարգով ներգրավվում է մինչեւ երեք միջազգային փորձագետ։ Այս գործընթացը կարգավորելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել սահմանելու Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում միջազգային փորձագետների ներգրավման կարգը: Այն գործելու է միայն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության շրջանակներում:
Որոշման մեջ ասվում է, որ վերոնշյալ օրենքի 10-րդ, 15-21-րդ հոդվածներն ուժի մեջ մտնելուց մեկ ամիս հետո՝ հնգօրյա ժամկետում, ապահովվում է մրցութային խորհրդի կազմում խորհրդակցական ձայնի իրավունքով մինչեւ երեք փորձագետի ներգրավման վերաբերյալ հայտարարության հրապարակումը: Ըստ նախագծի՝ հայտարարությունը հրապարակվում է վարչապետի աշխատակազմի պաշտոնական «gov.am» կայքում, ինպես նաեւ ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական «azdarar.am» կայքում:
Նախագծում սահմանվում է, որ խորհրդի կազմում որպես փորձագետներ կարող են ընդգրկվել այն անձինք, ովքեր հակակոռուպցիոն ոլորտում ունեն առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձառություն եւ վերջին երեք տարվա ընթացքում միջազգային կազմակերպությունների հետ այս ոլորտում իրականացրել են երկու եւ ավելի ծրագրեր: Որոշման նախագծի ընդունմամբ կբարձրանա հակակոռուպցիոն այս կարեւոր մարմնի ղեկավարի ընտրության օբյեկտիվության գործոնը, ինչն էլ, իր հերթին, կնպաստի որակյալ կադրի ընտրությանը եւ այս արատավոր երեւույթի դեմ արդյունավետ պայքար ծավալելուն: