Վերջերս պրոֆեսիոնալ շախմատի գավաթների շարքում հաղթական մրցանակը՝ «Լավագույն խաղացող», Վալենսիայի մարզում Արտուրո Թորոսյանին էր տրվել։ Եթե որեւէ մեկի մասին կարելի է «իսպանահայ» ասել, ապա դա, անկասկած, ճիշտ այս պարագան է՝ 11-ամյա տաղանդավոր հայ տղան ծնվել եւ վալենսիական Միսլատայում է անցկացնում իր կյանքի տարիները։
Շախմատով սկսել է զբաղվել տակավին հինգ տարեկան հասակից՝ առաջացնելով շրջապատող մարդկանց զարմանքը։ Հետեւողական լինելով երեխայի ունակությունների զարգացման հարցում, ծնողներն անմիջապես զավակին տեղի շախմատի դպրոց տարան, որտեղից եւ սկսվեց նրա կատարելագործման ու հաջողությունների շրջանը։ Տպավորիչ էր հինգ տարեկան Արտուրոյի առաջին իսկ արդյունքը՝ 5:0։ Կասկած չկար, որ վստահ հաղթանակը փայլուն ապագա էր խոստանում հայ մանուկին։ Բացի այդ, Արտուրոն սկսեց մարզվել նաեւ Սահակ Մկրտչյանի մոտ, ում անունը լավ հայտնի է Հայաստանի շախմատասեր հասարակության շրջանում։
Իսկ արդյունքն այս պահի դրությամբ արդեն իսկ տպավորիչ է. 25 գավաթ, 6 մեդալ եւ 4 դիպլոմ։ Տղան ոչ միայն մրցել է սիրում, այլեւ սովորում վերլուծել դրանք՝ առաջին հերթին սեփական խաղերը։ Մարզիկի ոգին կոփելով՝ հաշվի է առնում յուրաքանչյուր հաջողություն, բայց երբեք չի բավարարվում դրանով։ Եթե ուրախանում է, ապա սիրելի մոր՝ Աստղիկ Սաղաթելյանի խանդավառությամբ, ով որդու ապրած ամեն օրվա մեջ իր դերակատարությունն է ունենում՝ ոգեւորելով զավակին ցանկացած նախաձեռնության հարցում։
Վերջին պարագայում, ի դեպ, որեւէ չափազանցություն չկա. բացի բուն շախմատից՝ տղան նաեւ լավ է սովորում դպրոցում (առանձնակի սիրով է հետեւում մաթեմատիկայի դասերին)։ Հաճախում է Վալենսիայի հայկական կիրակնօրյա դպրոց, գրում-կարդում մայրենի լեզվով։ Եվ, որպեսզի ավելի շոշափելի լինի կապն իր հայրենիքի հետ, երեք անգամ արդեն այցելել է Հայաստան՝ տեղում ծանոթանալով հեռու-մոտիկ ազգականներին, ինչպես նաեւ՝ տեսարժան վայրերին։
Իր զգացմունքայնությունը, գուցե, այս պարագայում էր ի ցույց դրված՝ ակունքների հետ առնչություններում։ Մինչ այն աստիճան, որ երեխայի մայրիկին մեկ օր իսպանական դպրոց էին հրավիրել… նկատողություն անելու համար։ Հայ մանուկը տխուր, մի տեսակ այլայլված էր։ Օրեր շարունակ չէր կարողանում կենտրոնանալ՝ մի տեսակ ցրված էր ու անտարբեր. «Կուզե՞ս ասել, Արտուրո, թե ինչ է ստույգ քեզ հետ կատարվում»։ Իր երկրում կռիվ էր՝ 44-օրյա պատերազմը։ Իր երկրում շատ երիտասարդներ էին զոհվում՝ այդ թվում նաեւ մայրիկի բարեկամների ու ծանոթների ընտանիքներից։ Իր մայրիկը լացում է, եւ ինքը՝ Արտուրոն, չի կարող ուրախ ու անհոգ լինել, երբ այդքան բան է կատարվում իր երկրում, եւ երբ սիրելի մայրիկի աչքերում արցունքներ է տեսնում… «Խնդրում ենք, Աստղիկ, հավելյալ սթրեսներից զերծ պահել տղային»։
Իսկ տղան… Ոչ մի բան ասած չենք լինի, եթե չնշենք, որ շախմատից բացի նրա տարերքն են լեգոն եւ փազլը։ Իսկ թե ի՞նչ կդառնա մեր այս հրաշամանուկը գալիք ժամանակներում՝ ամենայն ուշադրությամբ կհետեւենք նրա ճանապարհին։
Արթուր ՂՈՒԿԱՍՅԱՆ
Վալենսիա
Հատուկ «ՀՀ»-ի համար