«Շատ գործել, քիչ խոսել՝ առանց ավելորդ գունազարդումների եւ գովազդների»,- երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփելով 2021 թվականը՝ իր ելույթն այսպես սկսեց Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Դավիթ Բաբայանը՝ մի շարք կարեւոր շեշտադրումներ կատարելով հետպատերազմյան շրջանում տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական բարդ եւ հակասական գործընթացների վերաբերյալ, որոնց թիրախում է հայտնվել վիրավոր երկիրը:
Արտգործնախարարի խոսքերով՝ 2021-ը արցախցիների համար փորձությունների տարի էր, եւ դրանք հոգեբանորեն հաղթահարելու, անդառնալի կորստի ցավը մեղմելու, Արցախի վերքերը բուժելու համար յուրաքանչյուրից կամք եւ լարված ջանքեր էին պահանջվում: «Ծանր արհավիրքից դուրս գալու եւ ապաքինվելու համար բավական ժամանակ է պետք: Բարեբախտաբար, Արցախն աստիճանաբար հաղթահարում է դժվարությունները, եւ կարելի է ասել, որ արդեն դուրս է եկել վերակենդանացման բաժանմունքից ու տեղափոխվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունք»,- այսպես որակեց պատերազմից նոր դուրս եկած երկրի վիճակը գերատեսչության ղեկավարը՝ համոզմունք հայտնելով, որ նա «հերթական ծանր փորձությունից իմաստնացած դուրս կգա»…
Նախարարի բնութագրմամբ՝ անցած տարում նախարարության գործառույթների շրջանակը, ելնելով երկրի առջեւ ծառացած մարտահրավերների առաջնահերթությունից, եղել է տարողունակ եւ բազմաշերտ: Ասել է, թե օրակարգային ավանդական խնդիրներից բացի, շրջանառվել են Արցախի անվտանգությանն ու սուբյեկտայնության պահպանմանն առնչվող տարբեր հարցեր: Նպատակ ունենալով անմասն չմնալ աշխարհաքաղաքական գործընթացներից՝ նախարարությունն ակտիվորեն համագործակցել է ինչպես միջազգային կառույցների, այնպես էլ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ու մի շարք այլ կազմակերպությունների հետ՝ փորձելով ամենատարբեր հարթակներում պաշտպանել Արցախի շահերը: Եվ ասվածն ավելի համոզիչ դարձնելու համար բանախոսը մի շարք փաստեր արձանագրեց, որոնք միտված են եղել ինքնության իրավունքի միջազգայնացմանը եւ երկրի անկախության ճանաչմանը:
Հակամարտության արդարացի կարգավորման, Արցախի ձայնն աշխարհին հասանելի դարձնելու համար նախարարությունը տարբեր եղանակներով 2021 թ. ԵԱՀԿ-ում տարածել է 20, ՄԱԿ-ում՝ 15, իսկ Եվրոպայի խորհրդում՝ 4 փաստաթուղթ: Գերատեսչության կողմից արվել է 34 հայտարարություն, որոնք մասնավորապես առնչվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախը մեկուսացնելու փորձերին: Տարվա կտրվածքով արվել է 88 պաշտոնական հաղորդագրություն: Դ. Բաբայանն ընդգծեց, որ այդ գործընթացներն իրականացվել են Հայաստանի Հանրապետության արտգործնախարարության, դիվանագիտական ներկայացուցչությունների եւ առաքելությունների աջակցությամբ: Նրա հավաստմամբ՝ քարոզչական արդյունավետ աշխատանքներ են տարվել եւ սոցիալական ցանցերում, որտեղ հետեւորդների թիվը շուրջ 70 հազարի է հասնում…
Առիթից օգտվելով՝ նախարարը շնորհակալություն հայտնեց Հայաստանի զանգվածային լրատվամիջոցներին՝ ամենատարբեր առիթներով գերատեսչության գործունեությունն անաչառ լուսաբանելու, նախարարության հետ սերտ կապեր պահպանելու համար, որոնք «նշանակալի դեր են խաղում արտաքին քաղաքականության, արցախյան հիմնախնդրի վերաբերյալ երկրի իշխանությունների պաշտոնական դիրքորոշումը հանրայնացնելու տեսակետից»: Նախարարության խողովակներով հակամարտության կարգավորման, Արցախում տիրող ռազմաքաղաքական բարդ իրավիճակին անդրադարձել են եւ աշխարհի շուրջ 20 երկրների մի շարք առաջատար լրատվամիջոցներ, որոնց վերաբերյալ արձագանքները հիմնականում շահավետ են եղել ու վկայում են տարածաշրջանում ծավալվող բարդ գործընթացների նկատմամբ հանրության ունեցած հետաքրքրության եւ անհանգստության մասին: Դ. Բաբայանը հավելեց, թե չի եղել Արցախի դեմ Ադրբեջանի կողմից քաղաքական, դիվանագիտական որեւէ հարձակում, որ անհետեւանք մնա, եւ արտգործնախարարության կողմից համարժեք պատասխան չտրվի հայտարարության, մեկնաբանության կամ նոտայի ձեւաչափով…
Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է 2022 թ. իրականացվելիք աշխատանքներին՝ շեշտելով, թե վարվող քաղաքականության հիմքում լինելու են Արցախի շահերի պաշտպանումը միջազգային կառույցներում, ՀՀ արտգործնախարարության եւ սփյուռքի հետ կապերի ամրապնդումը, նոր մարտահրավերներին դիմակայելու նպատակով անհրաժեշտ ռազմավարության մշակումն ու իրագործումը:
Նախարարը պատասխանել է նաեւ լրագրողների հարցերին, վստահեցրել, թե միշտ հասանելի է լինելու բոլոր լրատվամիջոցների համար:
Ի պատասխան «ՀՀ»-ի այն հարցին, թե նախարարն ինչպես կմեկնաբաներ ԵԱՀԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչի դժգոհությունը՝ Մինսկի համանախագահների կողմից տարածաշրջան ծրագրված այցը տեւականորեն ձգձգելու վերաբերյալ՝ մոռանալով, որ «համանախագահներից մեկը համարվում է իր երկրի դիվանագետը, ով կարող է նախաձեռնողի դերում հանդես գալ եւ գործընկերներին Արցախ բերել»… Դ. Բաբայանը մասնավորապես նշեց, թե աշխարհաքաղաքական մրցակցությունը բավական թեժ է, եւ շատերն են ցանկանում տարածաշրջանում դերակատարություն ունենալ: Նրա խոսքերով՝ չպետք է անտեսել ներկայում Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ ծավալվող առճակատումը, ինչը ձեռնտու չէ ոչ Հայաստանին եւ ոչ էլ՝ Արցախին: «Անկախ այդ ամենից, համանախագահների եռյակն աշխատում է, հանդիպումներ եւ քննարկումներ ունենում: Այստեղ միակ խոչընդոտն Ադրբեջանն է՝ իր ապակառուցողական քաղաքականությամբ: Իսկ որպեսզի եռանախագահությունը գործի ավանդական ձեւաչափով, եւ վերականգնվի նրա երբեմնի ակտիվ գործունեությունը, համանախագահող երկրների կողմից պետք է քաղաքական ճնշում ցուցաբերվի Ադրբեջանի վրա: Մենք բազմիցս նշել ենք, որ այդ գործելաոճն անընդունելի է, եւ հանդիպումները միայն պիտի լինեն կառուցողական: Կրկնում եմ, անկախ կարգավիճակից, Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ինչում համոզված են միջազգային կառույցները: Ինչ վերաբերում է այն մտայնությանը, թե համանախագահների միջեւ, հավանաբար, տարաձայնություններ կան, ուզում եմ վստահեցնել, որ դրանք էական նշանակություն չունեն, եւ բոլորն էլ անկեղծորեն շահագրգռված են, որ տարածաշրջանում կայունություն եւ խաղաղություն հաստատվի»,- ընդգծեց արտգործնախարարը: