ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ստորագրած եւ Կոնգրեսի պաշտոնական կայքում հրապարակված 2022 թ. ֆիսկալ տարվա «Ազգային պաշտպանության մասին» օրենքում ասված է, որ Ադրբեջանը եւ Թուրքիան օտարերկրյա ջոկատների աջակցությամբ ռազմական հարձակում են սկսել Արցախի վրա: Իրավական ակտում ընդգծված է, որ չնայած Ժնեւյան կոնվենցիաներով եւ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին՝ հակամարտության ավարտից տեւական ժամանակ անց Ադրբեջանի կառավարությունը շարունակում է պահել շուրջ 200 հայ ռազմագերի, պատանդ եւ ձերբակալված անձանց: Հայ գերիների իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է ՀՀ առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ:
-Տիկի՛ն Ալավերդյան, դուք գերիների իրավունքները պաշտպանելու հարցում մեծ փորձ ունեք առաջին արցախյան պատերազմի տարիներից, հնարավոր համարո՞ւմ եք, որ ԱՄՆ հրապարակած 200 ռազմագերիների թվում լինեն մեր անհետ կորած համարվող զինծառայողները:
-Մեր փորձը ցույց է տվել, որ շատ-շատ անգամներ նրանք, ովքեր ի սկզբանե համարվում էին անհետ կորածներ, հետագայում կամ հայտնվում էին զոհվածների ցուցակում, կամ գերիների: Ընդ որում, երկրորդ տարբերակն ավելի քիչ էր հանդիպում, եւ երբ նրանց գտնում էինք գերեվարվածների մեջ, դա համարում էինք մեծ հաջողություն: Այսինքն, ուզում եմ ասել, որ այդ հավանականությունը կա, որ գերիների մեջ լինեն նաեւ անհետ կորածներ, առավել եւս, որ Բաքվում պահվող ռազմագերիների՝ ադրբեջանական հրապարակված պաշտոնական թիվը խիստ կասկածելի է:
-ԱՄՆ-ի ընդունած օրենքում հրապարակված 200 թիվը, Ձեր կարծիքով, իրականության պատկե՞րն է:
-ԱՄՆ հայտարարած թիվը ինձ ճշգրիտ թիվ չի թվում: Հակառակը՝ կարծում եմ, որ այդ թիվը կարող է գերազանցել հնչեցված 200-ը: Իմ համոզմունքը եւ հույսն է, որ հանձնված տարածքների հետ գերի վերցվածները դեռ ողջ են: Հուսով եմ, որ հրադադարից հետո էլ այդ տարածքներում պայքարող, այնտեղ գտնվող ջոկատների անդամների գոնե մի մասը ողջ է: Իմ կարծիքով՝ գերիների թիվը կարող է գերազանցել 200-ը հենց այն պատճառով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրելու ժամանակ չեն դրվել պայմաններ, որ կազմակերպված ձեւով դուրս հանվեին այնտեղ գտնվող ջոկատները՝ առնվազն այն տարածքներից, որոնք դեռ հայկական ուժերի վերահսկողության ներքո էին:
-Այս իրավիճակում ի՞նչ պետք է անի Հայաստանը:
-Համոզված եմ, որ ի սկզբանե Հայաստանը պետք է ամեն ինչ աներ, որ գերիների հարցը չդառնար քաղաքական առեւտրի հարց: Ինձ համար զավեշտալի է, որ արտասահմանից որոշ պետություններ ողջունում են նման գործընթացը, այնինչ նման առեւտուրը, այն է՝ պայմանով գերիների վերադարձը, միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ ոտնահարում է: Այն դատապարտելու փոխարեն, որոշ պետություններ անում են հայտարարություններ եւ ողջունում այդ գործընթացը: Օրինակ՝ Հունգարիան հնացած ներողության նման մի բան արեց՝ Ռամիլ Սաֆարովին անօրինական Ադրբեջանին վերադարձնելու դիմաց: Սրանք կեղտոտ պայմանավորվածություններ են, եւ այս առումով մերժում եմ նման մոտեցումը: Հայաստանը պետք է ի սկզբանե այդ հարցը բարձրացներ բոլոր միջազգային հարթակներում եւ այն դարձներ քաղաքական օրակարգի հարց՝ Ադրբեջանին պարտադրելով պատժամիջոցների վտանգի ներքո վերադարձնել բոլոր գերիներին, ինչպես պահանջում է միջազգային հումանիտար իրավունքը: Այն չի արվել, եւ երբ էլ այն սկսեն անել՝ ժամանակավրեպ չի լինի: Երբեք չի կարելի ասել, թե արդեն ուշ է, հակառակը, կարծում եմ, որ դեռ ամենի ինչ կորած չէ:
-Ինչպե՞ս կգնահատեք ԱՄՆ հայտարարությունն այն մասին, թե անպայման եւ անվերապահորեն պետք է վերադարձվեն գերիները:
-Այն դիվանագիտական շատ գրագետ քայլ էր: Չեմ կարծում, թե ԱՄՆ-ի նման հզոր գերտերությունը ցանկության դեպքում չի կարողանա պարտադրել եւ ինքը բարձրացնել այն հումանիտար հարցը, որը վերեւում նշեցի: Կարծում եմ, որ պետք է ողջունենք այդպիսի հայտարարությունը, բայց նաեւ պետք է համարենք, որ հայտարարությունը բավարար չէ: Անպայման այդ օրինագծին պետք է հետեւեն պարտադրանքներ Ադրբեջանին՝ պատժամիջոցների վտանգի ներքո: Համեմատության համար պետք է հիշեցնեմ, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակման որեւէ քայլ դեռ չարված, տեսեք, թե ինչքան հայտարարություններ կան, որ եթե հանկարծ ՌԴ-ն հարձակվի, սա կանեն, նա կանեն: Իսկ Ադրբեջանը հարձակվել է, խախտել է այն պայմանավորվածությունները, որոնք իրականում ձեռք էին բերվել նաեւ ԱՄՆ-ի համանախագահության օրոք, այն է՝ 1994 թ. վերջում ԵԱՀԿ-ի հաստատած այն պահանջը, որում ասվում էր, թե պետք է անժամկետ իրականացվեն զինադադարի պայմանները, որին հասել էին կողմերը 1994 թ. մայիսի 12-ին: Այստեղ պետք է լինի դիրքորոշումների ավելի մեծ որոշակիություն թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Ռուսաստանի, թե՛ Ֆրանսիայի կողմից: Ռուսաստանի դիրքորոշումն ինձ համար վերին աստիճանի մտահոգիչ է, որովհետեւ նա 220 տարուց հետո թույլ է տվել, որ Թուրքիան վերադառնա եւ ունենա իր ներկայությունը մեր տարածաշրջանում: Դրա համար էլ գտնում եմ, որ գերիների հարցով ինչ հայտարարություն էլ անեն՝ ողջունելի է, բայց բացարձակապես այն չէ, ինչ պահանջվում է այս վիճակում, երբ Ադրբեջանը ցուցադրաբար ոչ միան ոտնահարում է միջազգային հումանիտար իրավունքի նորմերը, այլեւ հակադրում է իրեն ամբողջ միջազգային իրավունքին՝ սկսած ՄԱԿ-ի կանոնադրությունից:
-Դեպքեր կան, երբ գերեվարվածների հարազատները փորձում են տարբեր ուղիներով, տարբեր ազդեցության մարդկանց միջոցով ինքնուրույն լուծել իրենց հարազատի վերադարձի հարցը: Ի՞նչ եք կարծում, այդ մեթոդն աշխատող է:
-Ես պետք է խնդրանքով դիմեմ այդ ծնողներին: Լավ պատկերացնելով այդ ընտանիքների վիճակը, կոչ եմ անում հանկարծ չդառնալ ամենապղտոր խմբերի զոհ: 90-ականներին էլ ունեինք նման փորձ, երբ մինչեւ անգամ բազմազգ խմբեր են եղել, որոնք պարզապես գումար են կորզել եւ խաբել են այդ ծնողներին: Նույնիսկ իմ հարազատներից մեկի դեպքում, գիտեինք, որ նա ողջ էր եղել, եւ լեզգիները խոստացել էին, որ կբերեն: Մենք չգնացինք որեւէ գործարքի ու պարզվեց որ, ավաղ, մեր հարազատին սպանել էին, ինչի մասին հայտնեցին այդ նույն լեզգիները: Հստակեցնեմ՝ այդ մեթոդը մերժելի է: Անգամ եթե հարազատները կարծում են, որ 101 տոկոսով կարող են դա անել, պետք է զուսպ լինեն եւ չվստահեն այդպիսի մեթոդներին: