Հայաստանից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կկիրառվի։ Համապատասխան որոշումը կառավարության երեկվա նիստում կայացվեց։
Սահմանվեց արտահանման (այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներ տեղափոխման) ժամանակավոր արգելք՝ 1. ռելսերի, սեւ մետաղից սալիկների եւ աղացագնդերի, սեւ մետաղի թափոնների եւ ջարդոնի, սեւ մետաղից պատրաստված խողովակների ու դրանց կցամասերի, սեւ մետաղական կոնստրուկցիաների վրա, 2. գունավոր մետաղի թափոնների եւ ջարդոնի վրա, 3. սպառված առաջնային մարտկոցների եւ սպառված էլեկտրական կուտակիչների վրա (ապրանքների ծածկագրերը տրված են որոշումում)։
Որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թ. հունվարի 25-ից եւ կգործի մինչեւ 2022 թ. հուլիսի 25-ը։
Ըստ էկոնոմիկայի նախարարության, այս որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է գունավոր մետաղների ջարդոնի եւ թափոնի արտահանումը կանոնակարգելու, տեղական արտադրությունը զարգացնելու եւ հումքային բազայով ապահովելու, ինչպես նաեւ մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու գոծոնով։
Դարձյալ ըստ պետական այս գերատեսչության տվյալների, 2021 թ. հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշմամբ ժամանակավոր (6 ամիս ժամկետով) արգելք է սահմանվել սեւ եւ գունավոր մետաղների ջարդոնի եւ թափոնի արտահանման նկատմամբ: Եվ այդ ժամանակավոր սահմանափակման նպատակը եղել է տեղական արդյունաբերական ձեռնարկություններին հնարավորություն ընձեռելու զարգացնել սեփական արտադրությունները՝ օգտագործելով սեւ եւ գունավոր մետաղների ջարդոնն ու թափոնը: Մետաղների ջարդոնն ու թափոնները Հայաստանի համար ռազմավարական նշանակության հումք են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «մեր երկրում բացակայում է սեւ մետաղների արդյունահանումը (չկան սեւ մետաղի բնական պաշարներ)՝ մետալուրգիական եւ մետաղամշակման, ապա ջարդոնի ու թափոնի երկրորդային վերամշակմամբ կարելի է լրացնել այդ ապրանքների պակասը»: Իսկ ինչ վերաբերում է տեղական ջարդոնի եւ թափոնի բացակայության պարագայում արդյունաբերական ձեռնարկությունների կողմից ներմուծված մետաղով աշխատելուն, ապա այս դեպքում նշված ընկերությունների արտադրանքի ինքնարժեքը բարձրանում է մի քանի անգամ` դարձնելով ոչ մրցունակ վերջիններիս արտադրանքը։
Մետաղների արտահանման արգելքը կիրառելուց հետո զգալի ավելացել են մետաղից արտադրող տեղական արտադրության ծավալները։
Մասնավորապես՝ վիճակագրական ծառայության տվյալներով, հունվար-սեպտեմբերին միայն պողպատի ձուլագլանվածքների ծավալը կազմել է ավելի քան 70 հազ. տոննա: Նախարարությունը կանխատեսել էր, որ տարեվերջին այն կգերազանցի 100 հազ. տոննան, ինչը նախորդ տարվա համեմատ մոտ 2 անգամ ավելի է։
Միաժամանակ, մետաղների արտահանման արգելքի կիրառումը քննարկելիս, մի շարք տնտեսավարողներ մտավախություն էին հայտնել, որ տեղական ջարդոն ընդունող տնտեսավարողների մոտ կձեւավորվի մենաշնորհային կարգավիճակ, եւ այն կբերի ջարդոնի ընդունման գների չհիմնավորված նվազեցմանը։ Սակայն փորձը ցույց է տվել հակառակը (էկոնոմիկայի նախարարության հավաստմամբ):
Այս որոշման արդյունքում պետական բյուջեում ծախսերի էական ավելացում կամ եկամուտների նվազեցում չի նախատեսվում: Կարգավորման նպատակը հումքային բազայի ապահովումն է ու տեղական արտադրության զարգացումը։ Այն կնպաստի գունավոր մետաղների վերամշակման ճյուղի զարգացմանը։