Հիրավի, այս հարցն ամեն տարի հնչում է բյուրավոր մարդկանց շուրթերից։ Երեւի թե մարդկության մի կեսն ամեն տարեվերջի կամ տարեսկզբի այս հարցն ուղղում է մյուս կեսին։ Հնչում են ամենատարբեր պատասխաններ՝ խելքին մոտ ու խելքից հեռու, ավետաբեր ու գուժկան…
Տրամաբանական պատասխանը մեկն է՝ Աստված սեր է։ Ամեն ինչ կատարվում է Բարձրյալի կամոք։
Աստված ի՞նչ է ուզում մեզնից։ Որ մենք՝ հավատքը կորցրածներս, վերադառնանք նորից Իրեն։ Վերադառնանք ոչ թե եկեղեցի, ուր մենք այսպես, թե այնպես գոնե երբեմն-երբեմն հաճախում ենք, այլ դառնանք Իրեն, առանց միջնորդների։ Իսկ ինչպե՞ս դառնանք Աստծուն։ Դրա համար պետք է դադարել աղոթել սեփական կյանքի, բարեկեցության, սեփական բնազդների համար։ Պետք է կարողանանք խեղդել մեր ցանկությունները, հաշվի առնենք մեր հնարավորությունները։
Իհարկե, բնական է եւ հարկավոր է պայքարել դժվարությունների, անարդարությունների դեմ։ Բայց միաժամանակ պետք է հասկանանք, որ պահպանելով սերը՝ ամեն ինչ տրվում է ի վերուստ։ Միայն այդ դեպքում մեր պայքարը կունենա արդյունք։
Յուրաքանչյուր իրավիճակ, որը խնդիրներ է առաջացնում, մեզ մղում է դեպի սերը։ Եթե քայլենք ոչ թե դեպի սերը, այլ դատապարտենք, քննադատենք ու դրանով ձգտենք արդարության, ապա մեր պայքարը որեւէ արդյունք չի տա։ Չի կարելի չարը սպանել՝ չարանալով ու դառնալով չար։ Հարկավոր է գնալ միայն առ Աստված եւ սեր։ Հարկավոր է լինել ծայրահեղորեն լավատես, բարեհոգի եւ սիրող։ Սրանք արդեն երջանկության նախապայմաններն են։
Աստված ցանկանում է, որ դառնանք Իրեն ու աղոթենք, որ սերը չպակասի մեր մեջից, որպեսզի հասկանանք, որ մեր ներսի փոփոխությունները մեղքի հաղթահարումից են ծնվում։
Ի՞նչ է մեզ սպասվում առաջիկա տարիներին։ Մեզ սպասվում է մերձեցում սիրուն։ Կամ կամավոր, կամ ստիպողաբար։ Ի՞նչ է հիվանդությունը՝ ստիպողաբար վերադարձ սիրուն։ Չե՞նք ցանկանում հիվանդանալ, քայլում ենք սիրուն ընդառաջ՝ հիվանդությունը նահանջում է։
Շատերս պետք է գիտակցենք, որ կրոնական շատ կազմակերպություններ իրենք չեն քայլում առ Աստված եւ մարդկանց էլ չեն թողնում։ Այդ պարագայում, երբ կգիտակցենք, որ երբ հովիվները մոլորվում են, գառներն ավելի լավ են գտնում ճանապարհը։ Քանի հույսներս դնենք տնտեսական եւ քաղաքական բարեփոխումների վրա, ոչինչ չի փոխվելու։
Մենք դատապարտված ենք հուսալու եւ մերձենալու Աստծուն։ Մենք պետք է գանք այն գիտակցության, որ եթե հոգիներս չարթնանան, աշխարհը դատապարտված է։ Եթե հոգուն չտանք առաջնային տեղ, հոգուն, որը կխնայի ու կպահպանի սերը։
Հենց որ հոգին առաջնային դառնա ձեզ համար, ձեր մեջից կվերանան ստրկությունը, կախվածությունը բնազդներից։
Մենք ենք ընտրում մեզ շրջապատող աշխարհը։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ