Հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման շուրջ վերջին օրերին աննախադեպ ակտիվություն է արձանագրվում: Թուրքական մամուլում գրեթե ամենօրյա ռեժիմով վերլուծական հրապարակումներ կան, Անկարայի՝ այդ ուղղությամբ կատարվող քայլերի մասին պաշտոնական հաղորդագրություններ են տարածվում: Թուրքիայի աննախադեպ սոցիալ-տնտեսական ճգնաժամի պայմաններում լիովին օրինաչափ է, որ Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման ուղղությամբ աննախադեպ ակտիվացրել են հայտարարությունները եւ տարվող գործնական քայլերը: Այն դեպքում, երբ Թուրքիան խնդիրներ ունի գրեթե բոլոր հարեւանների հետ, Անկարա-Երեւան հարաբերությունների հաստատումը ոչ միայն տնտեսական շահավետության տեսանկյունից է կարեւորվում, այլեւ քաղաքական, առավել եւս, որ հաջորդ տարին Թուրքիայում նախընտրական է:
Այս ամենի համատեքստում է տեղավորվում մեր արեւմտյան սահմանակցի առաջատար պարբերականի՝ «Huriyyet»-ի անդրադարձը Հայաստանի հետ օդային կապի բացման թեմային: Պարբերականը գրել է, որ Անկարան մտադիր է ավիաչվերթներ բացել դեպի Հայաստանի տարբեր շրջաններ եւ Երեւանի հետ ընդլայնել առեւտրային կապերը: Հոդվածում նաեւ ասվում է, որ այդ հարցը քննարկվել է Թուրքիայի նախագահի աշխատակազմում անցկացված արտաքին քաղաքականությանը վերաբերող փակ խորհրդակցություների ժամանակ։
Առանձնակի ուշադրության է արժանի հրապարակման մեջ շեշտադրված՝ Հայաստանի տարբեր շրջանների հետ օդային կապի հաստատման մասին դրույթը: Դա «Զվարթնոցից» եւ «Շիրակից» բացի կարող է ենթադրել նաեւ Կապանի օդանավակայանը, որը հարմար է ոչ մեծ ինքնաթիռների համար՝ հաշվի առնելով այդ երկրի անթաքույց հետաքրքրությունը Սյունիքի հանդեպ: Չնայած հրապարակման մեջ խոսվում է դեպի Թուրքիա զբոսաշրջության զարգացման մասին, սակայն միանշանակ է, որ սահմանների բացումն իր հետ բերելու է թուրքական կապիտալի մեծ ներհոսք, հակառակը նույնպես կարձանագրվի՝ անհամեմատ փոքր ծավալներով:
«Hսriyyet»-ի հրապարակման մեջ խոսվում է Վանը զբոսաշրջային վայր դարձնելու ծրագրի մասին: «Նախատեսվում է վերականգնել որոշակի պատմական շինություններ, ինչպես, օրինակ, Կարսի մոտակա կամուրջն ու շենքը, որոնց հայերը մեծ նշանակություն են տալիս: Հայկական սփյուռքի ճնշումը նվազեցնելու համար միեւնույն ժամանակ կընդլայնվեն առեւտրային կապերը»,- գրել է թուրքական պարբերականը:
Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ փետրվարի 2-ից Հայաստանի հետ կսկսվի ավիահաղորդակցությունը: Հայկական «Flyone Armenia» ավիաընկերությունը նույնպես հաղորդել էր, որ փետրվարի 2-ից սկսում է ոչ կանոնավոր առեւտրային չվերթներ իրականացնել Երեւան-Ստամբուլ-Երեւան երթուղով եւ մատչելի գնով՝ սկսած 39 եվրոյից, իսկ «Flyone Armenia»-ի անդամների համար՝ 34 եվրոյից։
Օրերս էլ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Հայկական հիմնադրամների միության նախագահ Բեդրոս Շիրինօղլուին եւ փոխնախագահ Հերման Բալյանին։ Փակ ձեւաչափով հանդիպումը տեւել է մոտ 45 րոպե: Այս ամենի համապատկերում էլ Թուրքիան Հայաստանին հրավիրել է Անթալիայի դիվանագիտական համաժողովին, որը կկայանա մարտի 11-13-ը։ «Ողջ աշխարհից հրավիրում ենք բոլորին։ Այս պահին իրենց մասնակցությունը հաստատել են 39 երկրի արտաքին գործերի նախարարներ։ Մենք հրավիրել ենք Հայաստանին, Հունաստանին, Կիպրոսի հունական հատվածին, Իսրայելին եւ Եգիպտոսին։ Յուրաքանչյուրի ձայնն այստեղ լսելի կլինի»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն։ Ի դեպ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանական է համարել ֆորումին հայկական կողմի մասնակցությունը:
Այն, որ Թուրքիայի հետ ինչ-որ մակարդակի հարաբերություններ պետք է հաստատվեն, միանշանակ է, անքննելի ճշմարտություն է նաեւ այն, որ սահմանները բացվելուց հետո թուրքական կապիտալը ներհոսելու է Հայաստան: Ժամանակին Սիրիայի եւ այսօր արդեն Աջարիայի օրինակը փաստում են, որ այն ուղեկցվելու է տեղական կապիտալի դուրսմղումով: Այն իր հետ բերելու է աշխատատեղերի թվի ավելացում, բայց միեւնույն ժամանակ թուրքական էժան ապրանքներով տեղական արտադրողներին եւ արտադրությանն է լուրջ հարված հասցվելու, որոնք գրեթե ծածկում են հասարակության համար անհրաժեշտ բոլոր ոլորտները: Այս առումով մինչեւ սահմանների բացումը ՀՀ գործադիր իրավասու մարմինները պետք է օրենսդրական եւ ինստիտուցիոնալ փոփոխությունների փաթեթ իրականացնեն՝ թուրքական տնտեսական էքսպանսիան մեղմելու համար, հակառակ դեպքում հարաբերությունների վերականգնումը կունենա բացասական էֆեկտ:
Չպետք է մոռանալ, որ ցանկացած կապիտալ նաեւ քաղաքականության վրա ազդելու գործոն է, իսկ ոչ հայրենական կապիտալի գերակայությունն արդեն լրջագույն անվտանգային ռիսկ է ցանկացած՝ առավել եւս այս տարածաշրջանում Հայաստանի նման երկրի համար: