Վանաձորի Զորավար Անդրանիկի բրոնզաձույլ հուշակոթողի մոտ մայիսի 8-ի կեսօրին ուժային եռամարտի աշխարհի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Հայաստանի դյուցազնագրքի ռեկորդակիր, ԱԻՆ աշխատակից Զորիկ Պողոսյանը համաշխարհային կրկնակի ռեկորդների հեղինակ դարձավ: Հավատով հրաշքի սպասող վանաձորցիների, բազմաթիվ հյուրերի եւ Զորավարի խրախուսիչ հայացքների ներքո նա մոտեցավ 205 կգ-անոց ծանրաձողին, բարձրացրեց, կքանստեց, 10 վայրկյան անց կանգնեց ու եւս երեք անգամ կքանստեց-բարձրացավ: Այդպիսով նա բարելավեց իր իսկ սահմանած համաշխարհային նախկին ռեկորդը (200 կգ ծանրաձողը կքանիստ պահել է 40 վրկ): Այս նոր ռեկորդը լոռեցի դյուցազնը սիրով նվիրեց արցախյան պատերազմների բոլոր հերոսներին:
Դյուցազնագրքի ասոցիացիայի նախագահ, ՀՀ ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ Վարդան Թովմասյանը դեռ նոր էր ավարտել իր խոսքը, որ ռեկորդն արժանի է նաեւ հիշատակվելու Գինեսի գրքում, բուռն ծափահարությունները դեռ չէին դադարել, երբ հաղորդավարը հայտարարեց նոր շարունակության եւ նոր անակնկալի մասին. այս անգամ երիտասարդ դյուցազնը վճռականորեն մոտեցավ 210 կգ ծանրաձողին եւ այն բարձրացրեց գլխից վեր, կքանստեց-բարձրացավ… 5 անգամ: Բոլորի համար պարզ էր, թե այս նոր ռեկորդը ում էր նվիրված. այս անգամ նրա մարզաշապիկին ներկաները տեսան երկու դյուցազնի, արցախյան պատերազմում հերոսաբար զոհված իր մարզիկ ընկերների՝ կարատեիստ, մեծավանցի Սեւակ Սերոբյանի եւ ՀՀ ծանրամարտի փոխչեմպիոն Մհեր Քոչինյանի նկարները: Նոր ռեկորդներն, իհարկե, Վ. Թովմասյանի հայտարարության համաձայն, իրենց արձանագրումը կունենան նաեւ մինչեւ տարեվերջ հրատարակվելիք Դյուցազնագրքի 3-րդ հատորում: